Միջազգային

Երիցս թրքութիւն

Ականջդ կանչի՛, մեծն Սերւանտես, գիտէիր, գուշակել էիր, թերեւս, նաեւ առնչւել, երբ ժամանակների մէջ չժանգոտւող քո էպոսի հերոսներն էիր ստեղծում, եւ Սանչօ Պանսայի շուրթերով երդում հռչակեցիր՝ թուրք լինեմ, թէ սուտ ասեմ: Ես չգիտեմ, թէ քո հրաշալի վէպի թուրքերէն թարգմանութեան մէջ այս տողերը մնացել են, թէ խմբագրւել, չգիտեմ նաեւ, թէ թուրքերէն թարգմանւե՞լ է վէպդ արդեօք, բայց մտածում եմ, որ թուրքերի համար օգտակար կը լինէր Սանչոյի երդումը՝ ամէն անգամ կարդալով: Եւ որովհետեւ թուրքերի մէջ ոչինչ չի փոխւում, իրենց՝ աշխարհի կեանքում յայտնւելու գրեթէ հինգ հարիւր տարիների ընթացքում թուրքը, իհարկէ, այսօր եւրոպական հագուստ է հագնում, մասնակցում նոյնիսկ միջազգային գիտաժողովների, թւում է՝ բան է փոխւում: Թւում է, քանի որ չի փոխւում ամենակարեւորը՝ արտաքին ձեւերի տակ նրբօրէն թաքնւած թրքութիւնը… Էկզիւպերին մի հետաքրքիր յիշատակութիւն ունի, թէ ինչպէս մի թուրք պատահաբար նոր աստղ էր յայտնաբերել: Եւ աստղագէտների փարիզեան միջազգային գիտաժողովում ներկայացրեց իր գիւտը, բայց որովհետեւ այդ գիտնականը թուրքական չալմայով էր, ներկայ աստղագէտներից ոչ ոք չհաւատաց նրան: Մի տարի անց նոյն թուրքը՝ այս անգամ արդէն եւրոպական հագուստով, նոյն աստղը ներկայացրեց, եւ բոլոր գիտնականները հաւատացին: Հաւատացին եւ չհասկացան, որ այդ օրը Եւրոպան խաբւեց, ինչպէս որ խաբւում է մինչեւ այսօր…

Բազմաթիւ գիտական վկայութիւններ կարելի է բերել, թէ ինչով է մարդը տարբերւում անասունից, կենդանիներից ընդհանրապէս: Իմ կարծիքով՝ այդ շատ օրինակներից ամենաառաջնայինը խիղճն է: Այո՛, խիղճն է, որ մարդուն տարբերակում է անասունից, քանզի խիղճը մարդ արարածի մենաշնորհն է, խիղճը յատուկ է միայն մարդուն:

Իմ ապրած կեանքի ընթացքում, հետեւելով աշխարհի անցուդարձին, ես նկատել եմ, որ պետութիւնները խիղճ չունեն, բայց միշտ վախեցել եմ բարձրաձայնել, քանզի չեմ ուզեցել հաւատալ:

Մտածել եմ նաեւ, որ պետութիւններն ստեղծել են մարդիկ, այսինքն թէ՝ ցանկացած պետութիւն իր ժողովրդի, քաղաքացիների կամքի վերացական արտայայտութիւնն է, այդ դէպքում ո՞ւր է անհետանում մարդկանց հաւաքական խիղճը՝ թերեւս տարրալուծւում է իշխանութիւնների բաւիղներում եւ վերածւում պետական շահի: Իսկ պետական շահն անխիղճ է եւ ընդամէնը փող արժէ:

Եւ հիմա այս ամենից յետոյ մտածում եմ, որ չի կարելի ո՛չ մեծ, ո՛չ փոքր տէրութիւններից խիղճ հայցել, այլ պէտք է լինել ուժեղ, արժանապատիւ, կազմակերպւած ազգ ու պետութիւն, միայն այդժամ նրանց մէջ կարթնանայ իրենց խիղճը: Եւ պէտք է ազգովի գնալ վերադարձնելու մեր կորուստները՝ արեւմտեան եւ արեւելեան՝ դիմելով ոչ միայն տէրութիւններին, այլեւ մարդուն, մարդու խղճին, հռչակել համամարդկային հանրաքւէ, բանաձեւ՝ յանուն արդարութեան եւ ազատ գոյութեան: Ափսոս, հազար ափսոս թուրքերին քաղաքակրթելու Եւրոպայի եւ աշխարհի յուսահատ ջանքերը, քանզի եւրոպական տարազը, հեռուստացոյցն ու համացանցը թուրքերին ի զօրու չեղան քաղաքակրթելու: Եւ ես այսօր տագնապ ու վախ ունեմ, որ Եւրոպան ու աշխարհն է սկսում թուրքանալ, չնայած նրան, որ մեծն Սերւանտեսը վաղուց արդէն զգուշացրել էր՝ թուրք լինեմ, թէ սուտ ասեմ:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԷՐ-ԳՈՒԼԱՆԵԱՆ
2014 թ․

Related Articles

Back to top button