Դաշինք՝ ընդդէմ պետական ու ազգային ինքնաչեղարկման

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հայաստանում նկատւում են նոր «հանրային դաշինքի» ձեւաւորման միտումները (երէկւանից՝ աւելի ցայտուն կերպով)։ Հանրային դաշինք՝ ոչ թէ ցուցակների, մանդատների, շէֆերի շուրջ, այլ՝ ներքին համոզմունքների ու պատկերացումների։ Ու սա է ունակ փոխելու մթնոլորտը եւ բեկանելու տարբեր անառողջ կաբինետներում գրւող սցենարները։
Այս դաշինքը չի պահանջում ո՛չ ստորագրութիւն, ո՛չ փող, ո՛չ դրսի աջակցութիւն, ոչ «լիդերների» համաձայնութիւն։ Սա տասնեակ հազարաւոր մարդկանց համոզմունքների դաշինքն է՝ մարդկանց, որոնք հասկանում են, թէ ինչ է կատարւում։
Մենք, որպէս պետութիւն եւ որպէս ազգ, գնում ենք ԻՆՔՆԱՉԵՂԱՐԿՄԱՆ։
Գիտակից մարդկանց դաշինքի նպատակը սա թոյլ չտալն է։ Չգրւած կարգախօսն էլ շատ պարզ է. ո՞նց ենք մենք ապրելու, ո՞նց են մեր երեխաները ապրելու այս երկրում։
Իմ խորին համոզմամբ (եւ վստահ եմ՝ շատ շատերի), Հայաստանի կազմաքանդումն այնքան խորն է, որ հատւածային վերականգնում այլեւս հնարաւոր չէ։ Ճիշտ ճանապարհն այս մասին ազնւօրէն խօսելն է։ Շատ բաներ, եւ առաջին հերթին՝ ներքին արժէքներ եւ համակեցութեան կանոններ, զրոյից պէտք է մշակւեն։
Մարդկային ռեսուրս հաստատ ունենք. տասնեակ հազարաւոր զուսպ, կարգին մարդիկ՝ բոլոր ոլորտների լաւ մասնագէտներ, փայլուն հոգեւորականներ, կարգին բանտարկւածներ։ Ու սա ստեղծում է պայքարի նոր բովանդակութիւն։
Այս անարժանապատւութեան ՁԻԱՎ-ից պէտք է դուրս գալ։ Այս մթնոլորտում հնարաւոր չէ ապրել։ Մեզ արդէն հոգնեցրել են իրենց փողի հինունոր գերիները, մեր հոգիները թալանողները, անհայրենիքները, անարժանապատւութիւնն ու անասնականութիւնը որպէս նորմալ կենսամիջավայր ընդունողները։
Մեզ ուզում են համոզել, որ մենք հէնց սա ենք՝ անունակ որոճողներ։ Բայց իրականութիւնն այլ է։
Ի վերջոյ, կան տասնեակ հազարաւոր ընտանիքներ, որոնք սա չեն հանդուրժում, կան հարիւրաւոր հանրային սկզբունքային գործիչներ, ի վերջոյ՝ կայ Բակօ Սահակեանի, Արկադի Ղուկասեանի, Դաւիթ Իշխանեանի եւ այլոց օրինակը, ովքեր գիտակցաբար գնացին ինքնազոհողութեան, կայ Ռուբէն Վարդանեանի օրինակը, որը սրանցից բոլորից շատ փող ունէր, բայց ունէր գաղափարներ ու չդարձաւ փողի գերին, կայ փայլուն (հետապնդւող) հոգեւորականութեան օրինակ։
Տասնեակ հազարաւոր ընտանիքների միաւորող լուրջ բաներ կան, անսասան սկզբունքներ, արժէքներ։ Սա է յաջողութեան, վերածննդի պոտենցիալը։ Իսկ կոնֆորմիստների քանակից պէտք չէ վախենալ. նրանք միշտ անմռունչ գնում են ուժի կողմը։ Ուրեմն պէտք է ուժեղանալ։



