Մակրոնն աջակցել է Գրենլանդիային՝ ԱՄՆ-ի կողմից կղզու հարցով յատուկ բանագնացի նշանակման ֆոնին

«ԱԼԻՔ» – Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնը երեքշաբթի օրը աջակցութիւն է յայտնել Գրենլանդիային եւ Դանիային՝ կղզում ԱՄՆ-ի կողմից յատուկ դեսպան նշանակելուց յետոյ։ Հաղորդում է Tert.am-ը:
«Նուուկում ես վերահաստատեցի Ֆրանսիայի անփոփոխ աջակցութիւնը Դանիայի եւ Գրենլանդիայի ինքնիշխանութեանն ու տարածքային ամբողջականութեանը։ Գրենլանդիան պատկանում է իր ժողովրդին։ Դանիան հանդէս է գալիս որպէս դրա երաշխաւոր։ Ես միանում եմ եւրոպացիներին՝ յայտնելով մեր լիակատար համերաշխութիւնը»,- գրել է Մակրոնը X սոցիալական ցանցի իր էջում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը յայտարարել է Լուիզիանա նահանգի նահանգապետ Ջեֆ Լենդրիին Գրենլանդիայի հարցերով յատուկ բանագնաց նշանակելու մասին։ Աւելի ուշ նահանգապետը հաստատել է Միացեալ Նահանգների մտադրութիւնը՝ կղզին դարձնել իր մասը։ Դանիայի արտգործնախարար Լարս Լեոկէ Ռասմուսէնը երկուշաբթի ընդգծել է, որ ծայրաստիճան վրդովւած է ԱՄՆ նոր յատուկ բանագնացի յայտարարութիւններից, ինչի կապակցութեամբ Կոպենհագէնում ԱՄՆ դեսպանին կը կանչի նախարարութիւն եւ բացատրութիւններ կը պահանջի։ Դանիայի եւ Գրենլանդիայի վարչապետներ Մետէ Ֆրեդերիկսէնը եւ Եէնս-Ֆրեդերիկ Նիլսենը համատեղ յայտարարութեամբ զգուշացրել են Ամերիկային կղզին զաւթելու փորձերից՝ նշելով, որ յարգանք են ակնկալում իրենց ընդհանուր տարածքային ամբողջականութեան նկատմամբ։



