![](/wp-content/uploads/2025/02/652-780x470.jpg)
2025 թւականի յունւարի վերջին օրերին Շւէյցարիայի մի խումբ հայերի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանն իրեն թոյլ տւեց քննարկել Հայոց Ցեղասպանութիւնը Օսմանեան կայսրութեան կողմից ծրագրւած անվիճելի փաստը։ Ոչ ոք, լինի դա Հայաստանի ղեկավարը, իրաւունք չունի կասկածի տակ դնել հայ ժողովրդի ազգային յիշողութեան հետ կապւած պատմական փաստերը։
Նման քաղաքականութիւնը ծառայում է միայն թուրքական շահերին եւ դաւադրութիւն է հայկական սփիւռքի եւ ամբողջ հայ ժողովրդի դէմ։
Վարչապետի յայտարարութիւնը անընդունելի է ողջ հայութեան համար, յատկապէս՝ սփիւռքի: Բուլղարիայի հայկական կազմակերպութիւնների ասոցիացիան դատապարտում է այս եւ նմանատիպ յայտարարութիւնները, որոնք կասկածի տակ են դնում Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ փաստերի իսկութիւնը։ Մենք միանշանակ վերահաստատում ենք մեր աննկուն յանձնառութիւնը՝ շարունակելու պայքարը հայ ժողովրդի պատմական արդարութիւնը վերականգնելու համար։
Հայոց Ցեղասպանութիւնը պատմական փաստ է, որը ճանաչւել է բազմաթիւ երկրների եւ միջազգային կազմակերպութիւնների կողմից։ Նրա ճանաչման եւ դատապարտման հարցը խորապէս կարեւոր է աշխարհասփիւռ հայութեան համար։
Բուլղարիայի հայ համայնքը վարչապետ Փաշինեանի խօսքերն ընկալում է որպես նահանջ ցեղասպանութիւնը դատապարտելու դիրքորոշումից, որը շարունակում է հերքւել թուրքական կողմից։ Այս քաղաքականութեան շարունակութիւնը կը յանգեցնի ներհայկական լարւածութեան։ Նման համատեքստում Հայաստանի կառավարութեան կեցւածքը հակասում է հայ ժողովրդի ակնկալիքներին, որը շարունակում է պնդել եւ պայքարել Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման համար՝ պաշտպանելով պատմական ճշմարտութիւնն ու արդարութիւնը։