Գերմանիայի կանցլերը չի բացառել, որ ԵՄ-ն Միացեալ Նահագների դէմ արագ պատասխան մաքսատուրքեր կը սահմանի
![](/wp-content/uploads/2025/02/647-780x470.jpg)
«ԱԼԻՔ» – Բրիւսէլը կարող է վրէժխնդիր լինել «մէկ ժամւայ ընթացքում», եթէ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր սահմանի ԵՄ ապրանքների ներմուծման համար։ Դրա մասին ըստ Euronews-ի՝ Գերմանիայի կանցլերը յայտարարել է Բունդեսթագի արտահերթ ընտրութիւններից առաջ առաջին հեռուստաբանավէճում։
«Մենք պատրաստ ենք դրան»,- յաւելել է Օլաֆ Շոլցը:
Խօսելով ԱՄՆ նախագահի հետ յարաբերութիւններում իր ռազմավարութեան մասին՝ Շոլցն ասել է, որ այն հիմնւած է «յստակ խօսքերի եւ բարեկամական զրոյցների վրայ»։
Նա միաժամանակ յիշեցրել է, որ պաշտպանում է տարածքային ամբողջականութեան սկզբունքները՝ մեկնաբանելով Պանամայի եւ Գրենլանդիայի մասին ամերիկացի առաջնորդի յայտարարութիւնները։
Շոլցն ընդգծել է եւրոպական միասնութեան կարեւորութիւնը եւ ասել, որ Գերմանիան եւ այլ երկրներ աշխատում են Գրենլանդիայում ՆԱՏՕ-ի ներկայութիւնը մեծացնելու ուղղութեամբ: