Ամերիկեան 27 սենատորներ պահանջում են ապահովել հայ գերիների ազատ արձակումն ու Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը

ԱՄՆ 27 սենատորներ՝ սենատոր Էդ Մարկիի եւ Շելդոն Ուայթհաուսի գլխաւորութեամբ, ինչպէս նաեւ Սենատի դեմոկրատական խմբի առաջնորդ Չաք Շումերի աջակցութեամբ, նամակ են հասցէագրել պետքարտուղար Մարկօ Ռուբիոյին՝ Թրամփի վարչակազմին կոչ անելով պահանջել Ադրբեջանի կողմից պահւող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքական առաջնորդների անյապաղ եւ անվերապահ ազատ արձակում։ Նամակում Թրամփի վարչակազմին կոչ է արւում պահանջել, որ միջազգային դիտորդները մուտք ստանան Բաքւում իրականացւող կեղծ դատավարութիւններին, ինչպէս նաեւ կիրառել «Գլոբալ Մագնիցկու» պատժամիջոցներ ադրբեջանցի այն պաշտօնեաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրաւունքների խախտումների համար։
Մեկնաբանելով Հայ Դատի յանձնախմբի կողմից օժանդակւող այս նամակի հրապարակումը՝ Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակի պատասխանատու Արամ Համբարեանը նկատել է. «Այն փաստը, որ Սենատի 27 դեմոկրատներ՝ կազմի կէսից աւելին, ներառեալ առաջնորդ Չաք Շումերը, ստորագրել են այս նամակը՝ պահանջելով Ադրբեջանի կողմից պահւող հայ պատանդների անյապաղ ազատ արձակում, բարձրացնում է հայկական հարցերի դերն ԱՄՆ արտաքին քաղաքական օրակարգում՝ զգալիօրէն բարձրացնելով դրանց նշանակութիւնը Հանրապետական կուսակցութեան եւ Թրամփ-Վենսի վարչակազմի համար»։
Սենատորների նամակում մասնաւորապէս ասւում է. «Զեկոյցները ցոյց են տալիս, որ այս քաղաքական պատանդները ենթարկւել են բռնութիւնների եւ նւաստացուցիչ վերաբերմունքի, մինչդեռ գաղտնիութիւնն ու ընթացակարգային խախտումները Բաքւի ռազմական դատարանում լուրջ կասկածներ են յարուցում դատավարութիւնների արդարութեան եւ օրինականութեան վերաբերեալ… Ադրբեջանի կողմից Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի, միակ կազմակերպութեան, որը կարող էր այցելել հայ գերիներին, արտաքսումը եւս աւելի է վտանգում հայ բանտարկեալների անվտանգութիւնն ու ապահովութիւնը»։
Նամակում ընդգծւում է. «Արդէն երկու տարի է, ինչ Ադրբեջանի շրջափակումն ու ռազմական յարձակումը Արցախի վրայ ստիպողաբար տեղահանեցին շրջանի 120000 քրիստոնեայ հայերին՝ մի գործընթաց, որը միջազգային իրաւունքի մասնագէտները գնահատում են որպէս էթնիկ զտում»։
Սենատորները պետքարտուղար Ռուբիոյին յորդորում են Ադրբեջանի իշխանութիւնների հետ շփումներում ձեռնարկել երեք կոնկրետ քայլ.
1. պահանջել բոլոր հայ քաղաքական գերիների եւ ռազմագերիների անյապաղ եւ անվերապահ ազատ արձակում,
2. պահանջել, որ Ադրբեջանը թոյլ տայ միջազգային դիտորդներին եւ անկախ լրատւամիջոցներին հետեւել հայ քաղաքական գործիչների դէմ ընթացող դատավարութիւններին,
3. կիրառել «Գլոբալ Մագնիցկու» ակտով նախատեսւած պատժամիջոցներ ադրբեջանցի այն պաշտօնեաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայերի նկատմամբ մարդու իրաւունքների խախտումների համար։
Անդրադառնալով ԱՄՆ միջնորդութեամբ ձեռք բերւած համաձայնութիւններին սենատորները նկատել են. «Թէեւ մենք զգուշաւոր յոյս ունենք, որ Հայաստան-Ադրբեջան վերջին բանակցութիւնները կարող են տարածաշրջանի համար աւելի խաղաղ ապագայ ապահովել, Ադրբեջանը շարունակւող պատանդառութեամբ եւ անհիմն նախապայմաններով վտանգում է այդ գործընթացը։ «Հայաստան-Ադրբեջան նախաստորագրւած համաձայնագրում բացակայում է որեւէ դրոյթ՝ ուղղւած հայ գերիների ազատ արձակմանը։ Մագնիցկու պատժամիջոցները շարունակում են մնալ առանցքային գործիք՝ ռազմագերիների ազատ արձակումը ապահովելու եւ Հայաստանի դէմ հետագայ ագրեսիան զսպելու համար»։
Նամակում նաեւ զգուշացւում է, որ «ԱՄՆ-ի շարունակական անգործութիւնը Ադրբեջանի ագրեսիայի պայմաններում անընդունելի է եւ լուրջ վնաս կը հասցնի ԱՄՆ հեղինակութեանը տարածաշրջանում, յատկապէս այն պայմաններում, երբ Հայաստանը փորձում է ամրապնդել կապերը Արեւմուտքի հետ»։
Սենատորները եզրափակում են. «ԱՄՆ-ի համար ե՛ւ բարոյական, ե՛ւ ռազմավարական հրամայական է ձեռնարկել վճռական քայլեր՝ ստիպելու Ադրբեջանին ազատ արձակել անօրինական կալանաւորւած հայ գերիներին եւ ապահովել, որ տարածաշրջանային խաղաղութիւնը հիմնւած լինի պատասխանատւութեան, արդարութեան եւ Լեռնային Ղարաբաղից տեղահանւած հայերի վերադարձի հիմնարար իրաւունքի վրայ»։
Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը աշխատանքներ է իրականացնում, այդ թւում յանձնախմբի էլեկտրոնային հարթակի միջոցով (anca.org/prisoners), համայնքային համախմբում ապահովելու եւ Սենատի վրայ ամերիկահայ ընտրողների ճնշումը մեծացնելու ուղղութեամբ:
Զուգահեռաբար յանձնախումբն աշխատում է Սենատի հանրապետականների հետ՝ վերջիններիս կողմից նմանաբնոյթ նախաձեռնութիւն ապահովելու ուղղութեամբ։
ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ
22 նոյեմբեր 2025 թ.



