«ԱԼԻՔ» – Ազգային Անվտանգութեան Գերագոյն խորհուրդը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում նշել է Իսրայէլի վրայ Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսի յարձակման պատճառները։
«Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի կողմից գրաւեալ տարածքների վրայ հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի զանգւածային յարձակման պատճառն այն էր, որ սիոնիստական ռեժիմը հատեց ՄԱԿ-ի կանոնադրութեան 2-րդ յօդւածի վրայ հիմնւած կարմիր գծերը։
Իրանի զինւած ուժերը իրականացրել են «Ճշմարիտ խոստում» գործողութիւնը՝ հիմնւելով ՄԱԿ-ի կանոնադրութեան 51-րդ յօդւածի վրայ։ Իրանը ձեռնարկել է նւազագոյն անհրաժեշտ պատժիչ գործողութիւնն ագրեսոր սիոնիստական ռեժիմի դէմ՝ սեփական ազգային շահերն ու ազգային անվտանգութիւնն ապահովելու համար:
Այս գործողութեան ընթացքում թիրախաւորւել է միայն այս ռեժիմի հետախուզական եւ ռազմաօդային բազան, եւ խուսափել ենք ռեժիմի տնտեսական եւ ենթակառուցւածքային օբիեկտների վրայ յարձակումից։ Ներկայումս Իրանի օրակարգում այլ ռազմական գործողութիւն չկայ։
Եթէ սիոնիստական ռեժիմը ցանկանայ շարունակել իր չարամիտ գործողութիւններն Իրանի դէմ ցանկացած միջոցով եւ ցանկացած մակարդակով, ապա կը ստանայ առնւազն 10 անգամ աւելի ուժգին պատասխան»,- ասւած է հրապարակւած յայտարարութեան մէջ։