Սիրիական բանակը փակել է Տարտուս եւ Լաթաքիա նահանգների ճանապարհները

«ԱԼԻՔ» – Սիրիայի նոր իշխանութիւններին ենթարկւող անվտանգութեան ուժերը փակել են դէպի ափամերձ Տարտուս եւ Լաթաքիա նահանգներ տանող ճանապարհները, որտեղ մարտի 6-ից զինւած բախումներ են տեղի ունենում երկրի նախկին նախագահ Բաշշար ալ Ասադի կողմնակիցների հետ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին յայտնում է SANA գործակալութիւնը։
Սիրիայի ժամանակւոր կառավարութեան պաշտպանութեան նախարարութիւնում ունեցած աղբիւրի փոխանցմամբ, այս որոշումն ընդունւել է այն բանից յետոյ, երբ զինւորականները «վերականգնել են վերահսկողութիւնը այն շրջանների մեծ մասի վրայ, որտեղ գործել են նախկին ռեժիմի կողմնակիցները»։
Ճանապարհների շրջափակումն ուղղւած է տեղում «հնարաւոր խախտումները կանխելուն» եւ «նշւած տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»։ Աղբիւրն ընդգծել է, որ Սիրիայի նոր իշխանութիւններն արդէն ստեղծել են «յատուկ կոմիտէ, որը կը քննի վերջին ռազմական գործողութեան ընթացքում իշխանութեան չարաշահման դէպքերը», եւ բոլոր կասկածեալների գործերը կը քննարկւեն տրիբունալի կողմից։
Սիրիայի անվտանգութեան ուժերը նաեւ յայտնել են, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Տարտուս եւ Լաթաքիա նահանգներում աւելացել են թալանի եւ գողութեան հետ կապւած յանցագործութիւնները: Այս հարցերով արդէն զբաղւում են իրաւապահները։
Մարտի 6-ին Լաթաքիա, Տարտուս եւ Հոմս նահանգներում բախումներ են սկսւել անվտանգութեան ուժերի եւ նախկին նախագահին աջակցող զինւած խմբաւորումների միջեւ։