Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վաշինգտոնեան համաձայնութիւններ. Աշխարհաքաղաքական նախատրամադրւածութիւն եւ ընդհանուր դրոյթներ (Մաս Ա.)

Գէորգ Ղուկասեան

Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու

 

2025 թ․ օգոստոսի 8-ի Վաշինգտոնեան իրադարձութիւնները փոթորկել են Հայաստանի հասարակական-քաղաքական կեանքը։ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրւած յուշագիրը՝ ԱՄՆ նախագահի ներկայութեամբ, Հայաստանի ու Ադրբեջանի հետ ԱՄՆ կնքած երկկողմ յուշագրերը, Վաշինգտոնի միջնորդութեամբ նախաստորագրւած՝ «Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ խաղաղութեան ու միջպետական յարաբերութիւնների հաստատման մասին համաձայնագիրը», «յանուն միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման Թրամփի ուղու» շուրջ պայմանաւորւածութիւնները եւայլն հաւակնում են էականօրէն փոխել քաղաքական գործընթացի տրամաբանութիւնն ու միջազգային ազդեցութեան գործօնները Հարաւային Կովկասում։

Ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները շօշափում են Հայաստանի Հանրապետութեան անվտանգային համակարգի ամենանուրբ, ամենազգայուն եւ ամենավտանգաւոր հիմնահարցերը։ Ի հակառակ Հայաստանի իշխանութիւնների չարդարաձւած ոգեւորութեանը, Հայաստանի Հանրապետութեան կողմից նորից էական զիջումների արդիւնքում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները, իրենց հետ բերել են անորոշութիւնների նոր շրջափուլ։ Այսքանով հանդերձ, ինչպէս նշեցինք, հաւանականութիւնը, որ Հարաւային Կովկասի տարածաշրջանը քաղաքական գործընթացի տրամաբանութեամբ, այլեւս առաջւանը չի լինի, բաւական մեծ է։ Այդ հաւանականութիւնը նաեւ մեծ է այն պատճառով, որ էապէս փոփոխւել են Հարաւային Կովկասում աշխարհաքաղաքական ազդեցութիւններն ապահովող հիմնական գորօնները։

 

Աշխարհաքաղաքական ենթատեքստ

Ընդունւած էր կարծել, որ Հարաւային Կովկասում աշխարհաքաղաքական հետաքրքրութիւններն ու զարգացումները պայմանաւորւած են երեք հիմնական գործօններով՝

1) չլուծւած էթնօքաղաքական հակամարտութիւններ՝ Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա եւ Հիւսիսային Օսեթիա.

2) Կասպիան էներգակիրներ, դրանց արդիւնահանման եւ տարանցման ենթակառուցւածքներ.

3) Յետխորհրդային տրանսֆորմացիա, Ռուսաստանի քաղաքական ազդեցութեան սահմանափակմանը միտւած ռազմավարական եւ մարտավարական գործողութիւններ Արեւմուտքի կողմից՝ փափուկ ուժի գործիքակազմի ուղղակի կիրառմամբ։

Շուրջ երեք տասնամեակ սրանք էին Հարաւային Կովկասում աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանութեան վրայ ազդող հիմնական գործօնները1)։

Իրավիճակի փոփոխութեան տեսանելի եւ գործնական փուլերը դրսեւորւեցին 2020 թ. Արցախեան պատերազմով, նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ, Արցախում եւ Հայաստանում առաւել հիմնաւոր հաստատւելու ռուսական փորձով, ապա 2022 թ. փետրւարից սկսւած ռուս-ուկրաինական պատերազմով, Հայաստանի տարածքների բռնագրաւումով, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելութեան տեղակայմամբ ու Արցախի ցեղասպանական էթնիկ զտմամբ եւայլն։ Արդիւնքում, Հարաւային Կովկասում փոխւեց գրեթէ ամէն ինչ՝ սահմաններ, ժողովրդագրութիւն, ազդեցութեան շրջանակներ եւ այլն։ Այս ամէնին գումարւեցին վրացական զարգացումներն ու իրանա-իսրայէլական վերջին պատերազմի ու դրանում ամերիկեան ուղղակի ներգրաււածութիւնը։ Այս ամէնի հանրագումարում Հարաւային Կովկասում առաջացաւ ուժի դատարկութիւն (vacuum)։ Մի բան, որ միջազգային յարաբերութիւններում որպէս կանոն երկար չի տեւում։ Բանն այն է, որ միջազգային յարաբերութիւնների իրական էութիւնն ու տրամաբանութիւնը, թերեւս շատ բանով չի տարբերւում նրանից, ինչ 17-րդ դարի կէսերին սահմանւեց Վեստֆալեան (Westphalian) հաշտութեամբ, որը թերեւս եւրոպական քաղաքական մտքի խոշորագոյն ձեռքբերումներից մէկն էր։ Վեսֆալեան հաշտութեամբ պայմանաւորւած՝ միջազգային յարաբերութիւնների էութիւնը հիմնւած է այնպիսի հիմնարար սկզբունքների վրայ ինչպիսիք են ուժի հաւասարակշռութիւնն ու փոխզսպման գործօն մեքանիզմների առկայութիւնը։ Ընդ որում, աշխարհակարգի պահպանման տեսանկիւնից հիմնարար այս գաղափարները, ունեն ինչպէս համաշխարհային, այնպէս էլ տարածաշրջանային եւ նոյնիսկ տեղական արտայայտութիւններ։

Հարաւային Կովկասում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները առաջին հերթին խախտել են հենց ուժի հաւասարակշռութեան եւ փոխզսպան իրականութիւնը։ Մասնաւորապէս, Ռուսաստանի Դաշնութիւնը սկսեց տարածաշրջանում իր ազդեցութիւնն ու ներգրաււածութիւնը որոշակիօրէն թուլացնող գործողութիւններ, իրանա-իսրայէլական հակամարտութեան արդիւնքում կասկածի տակ դրւեց տարածաշրջանում Իրանի ազդեցութեան հնարաւոր մեծացման եւ փոխզսպման իրական գործօն դառնալու հեռանկարը։ Այս ամէնի խորապատկերի վրայ տարածաշրջանում շարունակում է շեշտակիօրէն մեծանալ Ադրբեջանի առաջնային դաշնակցի՝ Թուրքիայի դերակատարութիւնն ու ներգրաււածութիւնը։ Ստեղծւել է մի իրավիճակ, երբ այս տարածաշրջանում, որում ազդեցութիւնը պահպանելու համար աւանդաբար հիմնականում պայքարել են Ռուսաստանը, Միացեալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Իրանը, շարունակաբար մեծանում է հիմնականում Թուրքիայի դերակատարութիւնը։ Ադրբեջանի հետ կիսելով յաղթանակի դափնիները, թուրքական ղեկավարութիւնն էական ազդեցութիւն ունի ինչպէս Ադրբեջանի, այնպէս էլ Հայաստանի իշխանութիւնների վրայ։ Հաշւի առնելով Թուրքիայի հեռուն գնացող ռազմավարական նպատակները՝ այդ թւում համաթուրանականութեան եւ առաջաւոր Ասիայում ազդեցութեան ընդլայնման ծրագրերը, ապա Թուրքիան այս տարածաշրջանում դառնում է հզօր խաղացող, ինչին կարող է դիմակայել աշխարհաքաղաքական մէկ այլ գերհզօր դերակատար։ Աշխարհաքաղաքական նման իրավիճակում է, որ Միացեալ Նահանգները փորձում է առարկայական կերպով մուտք գործել մեր տարածաշրջան։ Ի հարկէ Թուրքիան եղել եւ շարունակում է մնալ ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցն ու ՆԱՏՕ-ի կարեւոր անդամը, սակայն Թուրքիային վերահսկողութեան տակ պահելը միշտ էլ եղել է ամերիկեան արտաքին քաղաքականութեան տարածաշրջանային կարեւոր առաջադրանքներից մէկը։ Ի դէպ, այս հարցը քննարկել էինք ամիսներ առաջ «Հորիզոնում» մեր կողմից հրապարակւած մէկ այլ՝ «Ամերիկեան մահակ, թուրքական մղձաւանջ ու հայկական սպասում» յօդւածում։ Ասւածը ի հարկէ չի ենթադրում, որ Թուրքիան Արեւմուտքի եւ առաջին հերթին Միացեալ Նահանգների տեղապահը չէ տարածաշրջանում։ Խօսքն այստեղ Թուրքիային մշտապէս վերահսկելի ու կառավարելի պահելու մասին է։

Այսպիսով, աշխարհակարգի տեսանկիւնից, ուժի նման տարածումի եւ տարածաշրջանում հաւասարակշռման ու հակակշռման մեքանիզմների կատարեալ խափանման պայմաններում լիովին կանխատեսելի ու տրամաբանական է Միացեալ Նահանգների կողմից աւելի գործնական մուտքի փորձը տարածաշրջան։

Այստեղ, թերեւս տեղին է յիշել Միջազգային յարաբերութիւնների յայտնի տեսաբան Հենրի Քիսինճըրին, ով իր «Դիւանագիտութիւն» աշխատութեան սկզբնամասում հետաքրքիր մի միտք ունի առ այն, որ միջազգային յարաբերութիւնների աւելի ագրեսիվ անդամների հետագայ նպատակները հսկողութեան տակ են պահւում միջազգային յարաբերութիւնների այլ դերակատարների կոմբինացիայի միջոցով, ինչն աշխարհում ուժի հաւասարակշռման ապահովման նպատակ է հետապնդում։

Ասւածից բացի, Հարաւային Կովկասում աշխարհաքաղաքական ներկայ զարգացումների վրայ էական ազդեցութիւն են ունենում նաեւ միջազգային փոխադրման ուղիների վերաբաշխումը։ Մասնաւորապէս, Կենտրոնական եւ հարաւ արեւելեան Ասիան Եւրոպային կապող տարբեր ծրագրերը, որոնց կարեւորութիւնն աւելի է մեծանում ռուս-ուկրաինական պատերազմի արդիւնքում խափանւած կապուղիներին այլընտրանքներ փնտռելու եւ յատկապէս Արեւմուտքում Չինաստանի տնտեսական ազդեցութիւնը թուլացնելու համատեքստում։

 

Մաքրօ եւ միքրօ (macro & micro) գործընթացներ

Աշխարհաքաղաքականութիւնը՝ աշխարհաքաղաքականութիւն, բայց ամէն ինչ չէ, որ որոշւում է աշխարհաքաղաքականութեամբ։ Աշխարհաքաղաքական կամ քաղաքական մաքրօ գործընթացներով ստեղծւում է քաղաքական յարաբերութիւնների ու միջազգային գործընթացների ընդհանուր շրջանակը։ Այդ շրջանակի մէջ է, որ արդէն փոքր պետութիւնները, որպէս միքրօ գործընթացի դերակատարներ կամ կարողանում են սպասարկել իրենց ազգային շահը, կամ չեն կարողանում։ Մի բան, որ յաջողութեամբ ձախողել ու ձախողում են Հայաստանի իշխանութիւնները։ Այսինքն, աշխարհաքաղաքական գործընթացները ամէն ինչ չէ, որ կանխորոշում են։ Աւելին, միջազգային յարաբերութիւնների փոթորկոտ դրսեւորումները փոքր պետութիւնների համար առիթ ու հնարաւորութիւն են իրենց ազգային շահերը սպասարկելու տեսանկիւնից, մի բան, որ յաջողութեամբ արեց Հայաստանը՝ խորհրդային կայսրութեան մայրամուտին եւ մի բան, որ արեց եւ անում է Ադրբեջանը վերջին տարիների ընթացքում։

 

Բաքւի առաջնահերթութիւնները

Վերադառնանք Վաշինգտոնեան համաձայնութիւններին։ Ճշգրիտ կշռադատելու համար դրանց ազդեցութիւնը Հայաստանի Հանրապետութեան վրայ, նախ պէտք է հասկանալ Բաքւի եւ Հայաստանի իշխանութիւնների քաղաքական առաջնահերթութիւնները այս գործընթացում։

Արցախի էթնիկ զտումից յետոյ Ադրբեջանը ունէր կարճաժամկէտ եւ երկարաժամկէտ, մարտավարական եւ ռազմավարական մի շարք առաջնահերթութիւններ։ Մարտավարականները, որոնք դրւած էին բանակցային սեղանին վերաբերում էին Հայաստանի տարածքով դէպի Նախիջեւան անխոչընդոտ կապի ապահովմանը, Ղարաբաղեան հիմնախնդիրը որպէս այդպիսին փակւած համարելուն, ըստ այդմ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելուն, միջազգային դատական ատեաններից հայցերի յետկանչին, Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութեանը եւ այլնին։ ԱՄՆ-ի հետ յարաբերութիւնների մասով, Բաքուն նպատակ ունէր վերականգնել 2023 թ․ կէսերից սրւած, իսկ աւելի ուշ վատթարացած յարաբերութիւնները, հասնել 907-րդ բանաձեւի չեղարկմանը, ստանալ ամերիկեան քաղաքական, ռազմական եւ այլ տեսակի օժանդակութիւն։

Վաշինգտոնեան պայմանաւորւածութիւններով, Բաքուն փաստօրէն հասաւ այս բոլոր առաջնահերթութիւնների բաւարարմանը, բացառութեամբ ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան մասին պահանջի, ինչն էլ թէեւ տեղ չգտաւ Վաշինգտոնեան պայմանաւորւածութիւններում, բայց տեղ է գտնում ՀՀ իշխանութիւնների քաղաքական խօսոյթում։ Բաքւի մէկ այլ պահանջ՝ միջազգային դատական ատեաններից հայցերի յետկանչը, հայկական կողմից բաւարարուել էր դեռեւս ամիսներ առաջ եւ այդ դրոյթը տեղ էր գտել խաղաղութեան համաձայնագրի տեքստում։

 

Հայաստանի իշխանութիւնների առաջնահերթութիւնները

Ցաւօք սրտի Հայաստանի իշխանութիւնների քաղաքական առաջնահերթութիւնը վերջին շրջանում այլ բան չէր, քան որեւէ փաստաթղթի ստորագրում՝ առանց նոյնիսկ հաշուի առնելու դրա իրաւակիրառ բնոյթը։ Հայաստանի իշխանութիւնները դրան հասան։ Դա ոչ թէ առաջնահերթութիւն էր՝ բխած ՀՀ ազգային-պետական շահից, այլ ՀՀ իշխանութիւնների քաղաքական առաջնահերթութիւնն էր իրենց վերարտադրութիւնն ապահովելու համար։ Այս պայմաններում, Հայաստանի իշխանութիւնները համաձայնւեցին անխոչընդոտ կապի տրամադրմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, Ղարաբաղեան հակամարտութիւնը փակւած համարելուն, Հայաստանի սահմաններին երրորդ կողմի ուժերի չտեղակայմանը, այսպէս կոչուած «ռեւանշիզմի» եւ «վրէժխնդրութեան» դէմ պայքարին, դատական հայցերը ետ կանչելուն եւ այլնին։

 

Առարկայական (objective) խնդիրներ

Առարկայական գնահատականով, ստեղծւած իրավիճակում անորոշութիւնն աւելի շատ է, քան որոշակիութիւնը։ Ստորագրւած յուշագրով եւ նախաստորագրւած համաձայնագրով մասնաւորապէս առաջ են գալիս հետեւեալ խնդիրները, որոնց հանգամանօրէն կանդրադառնանք սոյն յօդւածաշարի յաջորդ մասերում։

  1. Համաձայնագիրը շրջանցում է իրական խաղաղութեան համար հիմնարար հարցերը, մասնաւորապէս՝

– Արցախահայութեան վերադարձի իրաւունքը

– Հայ ռազմագերիների եւ ձերբակալւածների անվերապահ ազատ արձակումը

– Ադրբեջանի զինւած ուժերի դուրսբերումը Հայաստանում բռնագրաււած տարածքներից

– Սահմանազատման եւ սահմանագծման իրաւաքաղաքական կոնկրետ հէնքը

– Տեղահանւած արցախահայերի իրաւունքների եւ անվտանգութեան երաշխիքները

– Ազգութեամբ հայ բնակչութեան կարգավիճակին կամ պաշտպանութեան մեքանիզմները

  1. Համաձայնագիրը չի նախատեսում դրա կիրարկումը, մոնիթորինգը եւ երաշխաւորութիւնն ապահովող շօշափելի գործիքակազմ։
  2. Համաձայնագրով, ըստ էութեան, սահմանափակւում է միջազգային իրաւունքը՝ մասնաւորապէս դատական հայցերի յետկանչի դրոյթով։
  3. Լուծարւող ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարէն չի առաջարկւում միջազգային այլընտրանքային որեւէ հարթակ՝ առկայ բազմաթիւ խնդիրների լուծումը փոխվստահութեան մթնոլորտում քննարկելու համար։
  4. Հայաստանի իշխանութիւնները չունեն այս համաձայնագրին գնալու անհրաժեշտ օրինականութիւնը։
  5. Համաձայնագրով փորձ է արւում միջամտել Հայաստանի Հանրապետութեան ներքին գործերին։
  6. Հիմնաւոր կասկած կայ այս գործընթացի սահմանադրականութեան հետ կապւած։
  7. Հայաստանի իշխանութիւնները համաձայնւել են «անխոչընդոտ» ցամաքային կապի տրամադրմանը, ինչը խոցելի է դարձնում ՀՀ տարածքային ամբողջականութեան եւ իրաւազօրութեան ամբողջական պահպանումը։
  8. Օգոստոսի 8-ին ստորագրւած յուշագրով եւ նոյն օրը նախաստորագրւած համաձայնագրով առկախ մնացած հարցերի շրջանակն ու անորոշութիւնն այնքան մեծ է, որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է միակողմանիօրէն կասեցնել այս գործընթացը՝ արդիւնքում ունենալով հայկական կողմի հերթական զիջումները։

Շարունակելի…

————

(1) Առհասարակ, Հարաւային Կովկասի բարդ քաղաքական լանդշաֆտը հասկանալու համար, մէկ դիտանկիւնից, քաղաքագիտական մէկ տեսութեամբ կամ միջազգային յարաբերութիւնների մէկ առանձնայատկութեամբ բնորոշումներ գտնելը բաւական դժւար է, սակայն կան օրինաչափութիւններ որոնք նոյնական են։ Ամինսեր առաջ, «Հորիզոն»-ում տպագրւած «Կարո՞ղ է արդեօք տապալւել Ալիեւի իշխանութիւնը» յօդւածում մեզ հետաքրքրող հարցերը փորձել էինք վերլուծել քաղաքական գիտութեան մէջ յայտնի արդիականացման տեսութեան շրջանակում, բայց դրանից ոչ պակաս կարեւոր է, ուշադրութիւն դարձնել միջազգային յարաբերութիւնների այլ օրինաչափութիւնների եւս։ Մասնաւորապէս՝ ուժի հաւասարակշռման ու հակակշռման մեքանիզմներին։

(2) Դիտաւորեալ ենք նշում «Հայաստանի իշխանութիւնների քաղաքական առաջնահերթութիւններ», քանի որ ըստ մեզ, դրանք հիմնականում աղերս չունեն Հայաստանի Հանրապետութեան ազգային-պետական շահերի հետ։

«Հորիզոն»

Related Articles

Back to top button