ՀՅԴ Հայաստանաի ԳՄ եւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամները Հայոց բանակի օրւայ առթիւ այցելել են Եռաբլուր

«ԱԼԻՔ» – Յունւարի 28-ին՝ Հայոց բանակի օրւայ առթիւ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ եւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամները այցելել են «Եռաբլուր» զինւորական պանթէոն եւ ծաղիկներ զետեղել հերոսների շիրիմներին:
«Մեր բանակը փառաւոր ճանապարհ է անցել, այն ձեւաւորւել է հայ ժողովրդի համար շատ բարդ, օրհասական, դժւարագոյն պահին, երբ մենք կերտում էինք Հայաստանի անկախութիւնը եւ Արցախի ինքնորոշումը շրջափակման, մեզ պարտադրւած պատերազմի, երկրաշարժի պայմաններում, բայց Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան շնորհիւ մենք կարողացանք կերտել այդ բանակը, ունենալ յաղթանակներ»,-լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար, գեներալ-գնդապետ, ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանը։
Նա ընդգծել է, որ Հայոց բանակը տարիներ ի վեր պատւով կատարել է իր առջեւ դրւած խնիրը։
«Այսօր էլ Հայաստանի տարբեր սահմանային հատւածներում բանակը պատւով կատարում է իր առջեւ դրւած խնդիրը»,- ասել է նա։
Սէյրան Օհանեանը համոզմունք է յայտնել, որ եթէ ժողովուրդը ոտքի կանգնի, կը վերականգնւի բանակի երբեմնի փառքը, բանակը դեռ իր հուժկու հարւածը կը տայ մեր հայրենիքի պաշտպանութեան համար։
«Այսօր հասել ենք այնտեղ, որ «Լեմկին»-ի անւան Ցեղասպանութեան ինստիտուտն է ասում, որ ՀՀ իշխանութիւնները մերժողական, ժխտողական քաղաքականութիւն են վարում Ցեղասպանութեան վերաբերեալ»,- Եռաբլուրում, լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը։
«Սա աբսուրդ է, մենք ստիպւած ենք մեր երկրում պայքարել մեր ինքնութիւնը, հայկականութիւնը պահելու համար։ Ոչ թէ պայքարել թուրքերի կամ ադրբեջանցիների դէմ, այլ պայքարել մեր երկրում հայ մնալու համար»,- ասել է նա: