
«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին Դոնալդ Թրամփի՝ որպէս Միացեալ Նահանգների նոր նախագահի պաշտօնն ստանձնելուց յետոյ Sky News-ին տւած իր առաջին հարցազրոյցում լրագրողի ձեւակերպմամբ, կոշտ թւացող հարցին նոյն կերպ արձագանգելով ընդգծել է. «Մենք հասկացրել ենք, որ ցանկացած յարձակում մեր միջուկային օբիեկտների վրայ կը յանգեցնի անյապաղ եւ վճռական պատասխանի: Բայց ես չեմ կարծում, որ նրանք նման խելագարութիւն կանեն։ Դա ամբողջ տարածաշրջանը կը ներքաշի շատ լուրջ աղէտի մէջ»:
Sky News-ը Արաղչիի դիրքորոշման մասին գրում է. «Այս զգուշացումը հնչել է Դոնալդ Թրամփի նախագահութեան մեկնարկից յետոյ Իրանի արտգործնախարարի առաջին հարցազրոյցում»։
Sky News կայքում հրապարակւած տեքստի համաձայն՝ այս հարցազրոյցում ԱԳ նախարարը հեգնանքով է պատասխանել Գազայում բնակւող պաղեստինցիներին Եգիպտոս եւ Յորդանան տեղափոխելու Դոնալդ Թրամփի առաջարկի մասին հարցին։ Իրանի բարձրաստիճան դիւանագէտը «մի գնդակով երկու նապաստակ» դարձւացքը յիշեցնելով առաջարկել է պաղեստինցիների փոխարէն Գրենլանդիա ուղարկել իսրայէլցիներին։
«Իրավիճակն այսօր տարբերւում է միջուկային համապարփակ համաձայնագրի (Բարջամ) ձեռքբերման ժամանաշրջանից»,- պատասխանելով հնարաւոր միջուկայն նոր համաձայնագրի հաւանականութեան մասին հարցին Արաղչին ընդգծել է. «Մինչ Դոնալդ Թրամփը շեշտել է, որ գերադասում է դիւանագիտական լուծումը եւ ասում է՝ Իրանի հետ նոր համաձայնագիրը լինելու է «լաւ» համաձայնագիր, ապա պէտք է նշւի, որ թէեւ Թեհրանը պատրաստ է լսել Թրամփի խօսքերը (միջնորդաւորւած), հաշւի առնելով, թէ ինչ է նա ասել Համագործակցութեան համաձայնագրի մասին։ Այնպէս, որ նկատի ունենալով համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը (2018-ի նոյեմբերին) եւ Թրամփի առաջին վարչակազմի ժամանակ նոր համաձայնութեան հասնելու համար Իրանին արւած առաջարկը, խօսում է այն մասին, որ ԱՄՆ-ից պահանջւելու է աւելի մեծ ջանքեր»:
Միեւնոյն ժամանակ, ԻՌՆԱ-ն անդրադառնալով հարցազրոյցին՝ նշել է, որ Իրանի հետ նոր համաձայնութեան հասնելու Թրամփի դիրքորոշումների վերաբերեալ Իրանի արտգործնախարարը համոզւած է, որ այս դիրքորոշումներն ու խօսքերը բաւարար չեն լինելու, եւ Իրանին պէտք է նախ ԱՄՆ-ի նկատմամբ կորցրած վստահութիւնը վերականգնել բանակցութիւններ սկսելու համար։ ԱԳ նախարար Արաղչին այս առնչութեամբ հարցին պատասխանելով նշել է. «Այսօր իրավիճակը տարբեր է ու շատ աւելի բարդ, քան բանակցութիւնների նախորդ փուլը: Մեր վստահութիւնը շահելու համար մեծ ջանքեր են պէտք: Այժմ մենք լաւ խօսքեր ենք լսել միայն, իսկ դա միանշանակ բաւարար չէ բանակցութիւններն սկսելու համար»:
Sky News-ի թղթակիցը յիշեցրել է 2023 թւականի հոկտեմբերի 7-ից յետոյ տարածաշրջանում ընթացող զարգացումների մասին եւ պնդել, որ Իրանի դաշնակիցները տարածաշրջանում այս ժամանակահատւածում թուլացել են։ Sky News-ում հրապարակւած տեքստի համաձայն՝ Արաղչին հարցին ի պատասխան նշել է. «ՀԱՄԱՍ-ը եւ «Հեզբօլլահ»-ը վնասներ են կրել, բայց, միեւնոյն ժամանակ, նրանք վերակազմաւորում են ուժերը: «Դիմադրութիւնը» գաղափարական դպրոց է, այն մարդկանց մէջ է, եւ շարունակելու է գոյութիւն ունենալ»:
Հարցազրոյցի ընթացքում Սէյէդ Աբբաս Արաղչին կրկնելով Իրանի Իսլամական Հանրապետութեանը բնութագրւող դիրքորոշումը, յիշեցրել է. «Մենք սպառնալիքների լեզւով չենք պատասխանում ոչ մէկին: Սա ապացուցւած փաստ է: Փոխարէնը` մեր պատասխանը միշտ եղել է յարգանքի լեզւով, բայց կտրուկ»։