
«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ 47-րդ Համադպրոցական խաղերի բացման հանդիսաւոր արարողութիւնը տեղի ունեցաւ երէկ՝ յունւարի 28-ին երեկոյեան, «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» մարզասրահում, մեծ թւով հանդիսատեսների ներկայութեամբ:
Խաղերի մեկնարկը տրւեց Տէրունական աղօթքով, ապա հնչեցին Իրանի եւ Կազմակերպութեան օրհներգերը եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան դրօշակագարդի միջոցով ծածանւեցին Իրանի եւ Կազմակերպութեան դրօշները, ինչից յետոյ էլ տեղի ունեցաւ Թեհրանի 12 դպրոցների եւ Աբովեան ուրբաթօրեայ դպրոցի մարզիկ-մարզիկուհիների տողանցքը, եւ մասնակիցների ու մրցավարների երդման արարողութիւնը:
Միջոցառումը յագեցած էր Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» պարախմբի կատարմամբ եւ «Արարատ»-ի ֆուտբոլի ակադեմիայի եւ մինի բասկետբոլի մարզումները պատկերող տեսահոլովակների ցուցադրութեամբ:
Օրւայ առիթով ելոյթ ունեցան Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը փոխանցելով Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Սոֆի Ջաղարբէգեանը եւ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Օրւայ հաղորդավարներն էին Նարէ Օհանեանը եւ Մոնթէ Զոհրաբեանը, իսկ վերջում՝ Մալենա Մարտեանը:
Բացման հանդիսութեան աւարտին տեղի ունեցաւ բասկետբոլի մրցութիւն «Գոհար» 2 եւ «Մարիամեան» դպրոցների միջեւ:
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ