Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կոչ է անում իրական խաղաղութեան

Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը հետեւեալ յայտարարութիւնն է արել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղութեան» պայմանագրի վերաբերեալ տարածւող վաղաժամ տեղեկութիւնների կապակցութեամբ.
«Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը ձգտում է իրական խաղաղութեան՝ արդար եւ տեւական խաղաղութեան, որը յարգում է հայ ազգի իրաւունքները եւ ապահովում է հայերի վերադարձը Արցախ՝ ոչ թէ կեղծ «խաղաղութեան»՝ Հայաստանի անվտանգութեան եւ ինքնիշխանութեան միակողմանի զիջման, որը Երեւանին պարտադրւում է զէնքի սպառնալիքի ներքոյ»,- յայտարարել է Համբարեանը։
Մամուլի հրապարակումների համաձայն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան պայմանագրի շուրջ բանակցութիւններն աւարտւել են, եւ երկու կառավարութիւններն էլ յայտնել են, որ պատրաստ են ստորագրելու դեռեւս չբացայայտւած պայմանագիրը։ Հայկական եւ ադրբեջանական պաշտօնեաների յայտարարութիւնների համաձայն՝ այս համաձայնագիրը նպատակ ունի պաշտօնականացնել երկու երկրների յարաբերութիւնները՝ անտեսելով Ադրբեջանի ցեղասպանական գործողութիւնները, հայ ռազմագերիների անօրինական կալանաւորումը եւ խոշտանգումները, Հայաստանի նկատմամբ շարունակւող գոյութենական սպառնալիքները, Հայաստանի սահմանադրութիւնը փոփոխելու պահանջները, ինչպէս նաեւ Արցախ վերադարձի հաւաքական, պաշտպանւած եւ արժանապատիւ իրաւունքի խոչընդոտումը։ 2020 թւականին Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) եւ Հայաստանի դէմ սանձազերծւած պատերազմի արդիւնքում Ադրբեջանը իրականացրեց 10-ամսեայ դաժան շրջափակում, որն աւարտւեց Արցախի ցեղասպանական էթնիկ զտումով. 2023 թւականի սեպտեմբերին յարձակումներից յետոյ 120,000 հայ քրիստոնեաներ բռնի տեղահանւեցին իրենց պատմական հայրենիքից։
Վաղաժամ գնահատւող յայտարարութեան մէջ, հաշւի առնելով արդար եւ երկարատեւ խաղաղութեան բազմաթիւ խոչընդոտները, պետքարտուղար Մարկօ Ռուբիոն նշել է.
«ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատմական խաղաղութեան պայմանագրի շուրջ բանակցութիւնների աւարտը։ Սա հնարաւորութիւն է, որպէսզի երկու երկրները շրջեն տասնամեակների հակամարտութեան էջը՝ համաձայն աւելի խաղաղ աշխարհի՝ նախագահ Թրամփի տեսլականի։ Այժմ խաղաղութեան յանձնառութեան, պայմանագրի ստորագրման եւ վաւերացման, Հարաւային Կովկասի ժողովուրդների համար նոր բարեկեցիկ դարաշրջանի հռչակման ժամանակն է»։
Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը շարունակում է հանդէս գալ այնպիսի խաղաղութեան օգտին, որը կաւելացնի Հայաստանի անվտանգութիւնն ու ինքնիշխանութիւնը, կը պաշտպանի նրա սահմանադրական ամբողջականութիւնը եւ կապահովի Արցախի բռնի տեղահանւած հայերի վերադարձի իրաւունքը դէպի իրենց պատմական հայրենիքը՝ Արցախ։