Վարդան Յակոբեան. «Ադրբեջանին զինում են Իրանի եւ Ռուսաստանի դէմ, Հայաստանի վրայով քայլելու, անցնելու են»

«ԱԼԻՔ» – 168TV- ի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր ՀՅԴ անդամ, ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազօր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Յակոբեանին։
Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.
– Ալիեւը Հայաստանին հիմա վախեցնում է, որպէսզի Նիկոլ Փաշինեանին օգնի վերարտադրւել, պահել իշխանութիւնը։ Նրա սպառնալիքները «ՀՀ հպարտ քաղաքացիների» համար են։ Ադրբեջանը պատերազմել է մեզ հետ, պատերազմում է ու շարունակելու է պատերազմել։ Սա պատերազմ էլ չէ, այլ կապիտուլիացիայի պարտադրանք։
– Թէ չէ, որ Ճապոնիայի կապիտուլիացիայից յետոյ ԽՍՀՄ- Ճապոնիա խաղաղութեան պայմանագիր չեղաւ, խաղաղ չե՞ն ապրում մինչեւ հիմա։ Մեր դէպքում մի կողմն ինչ ուզում, անում է, իսկ այս միւս կողմը չի էլ քննարկում, համաձայնում է, զիջում է՝ ինչ հնարաւոր է։ Սա նման է նոր ձեւի օկուպացիայի՝ լուռ օկուպացիայի։
«Լուռ օկուպացիա» տերմինը նկարագրում է այն իրավիճակը, երբ պետութիւնը վերահսկողութիւն է իրականացնում մէկ այլ երկրի տարածքի նկատմամբ՝ առանց նրա բացայայտ համաձայնութեան, առանց բացայայտ ռազմական միջամտութեան քայլերի դիմելու: Այն կարող է ներառել տարբեր մեթոդներ, ինչպիսիք են՝ տնտեսական ճնշումը, ոչ ֆորմալ խմբերի օգտագործումը, քարոզչութիւնը եւ քաղաքացիների ներթափանցումը, ինչը հանգեցնում է այդ երկրի ինքնիշխան տարածքի վրայ վերահսկողութեան փաստացի հաստատման, օկուպացման:
– Ալիեւը հասկանում է, որ Հայաստանից դեռ շատ բան կայ քամելու, ու նա դա կանի այս ձեւով՝ ձեւական ձեռքսեղմումներով։
– Այդ միջանցքը ՆԱՏՕ- ի ճանապարհն է դառնալու:
– ԱՄՆ- ը այստեղ ոչ մի տնտեսական շահ չունի, բայց կան երկրներ, որոնք կօգտւեն ՆԱՏՕ- ական այս միջանցքից։ Բայց կան Իրանն ու Ռուսաստանը։ Բաւական լուրջ աղբիւրներ ասում են, որ Անքորիջում Պուտինը Թրամփին ասել է, որ թոյլ չի տայ այդ՝ Զանգեզուրի միջանցքի գոյութիւնը։
– Մոռացե՞լ էք, որ կայ ռուս- թուրքական պայմանագիր: Չէ՞ որ խաղաղութեան պայմանագիր ասածը նաեւ սահմանների հարց է: Առանց սահմանների յստակութեան, դու ո՞նց ես խաղաղութեան պայմանագիր կնքում: 1921 թ. բոլշեւիկեան- աթաթուրքեան հակահայկական պայմանագրից, որը մասնատեց Հայաստանը, կարող է օգտւել Մոսկւան: Հետագայում, իհարկէ, նրանք՝ Դմիտրի Մեդվեդեւի գլխաւորութեամբ, թուրքերի հետ կրկին անդրադարձան այդ պայմանագրին:
Այդ պայմանագրում կայ ե՛ւ Նախիջեւանի ստատուսը, որն աւտոնոմ Հանրապետութիւն էր ու ի սկզբանէ չի մտել Ադրբեջանի մէջ, կան ռուս- թուրքական սահմանները եւ կան ադմինիստրատիւ Ադրբեջան- Հայաստան սահմանները: Իսկ ռուս- թուրքական պայմանագրի մէջ դիւանագիտական շատ խաղեր կան: Այնտեղ Սուրմալուի ամբողջ նահանգը՝ Արարատ, Իգդիր, չի մտել: Ուղղակի էն ժամանակ ռեւկոմը, ոնց որ Հայաստանի այս իշխանութիւնները, տւել են: Հիմա ռուսները՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ դիւանագիտական գործիչները, կարո՞ղ են այդ հարցը բարձրացնել, եթէ յանկարծ թուրքերն ինչ- որ ուրիշ այլ քայլերի դիմեն: Իհարկէ կարող են: Դրա համար Թուրքիան չի կարողանում ազատ արտայայտւել:
Դրա համար թուրքերը կաշկանդւած են։ Բացի դրանից, ռուս- պարսկական պայմանագիր էլ կայ։ Պիտի հասկանան, որ եթէ ՆԱՏՕ- ն, Թուրքիան մտան Հարաւային Կովկաս, դա Իրանի համար էլ, Ռուսաստանի համար էլ վատ է։ Իսկ եթէ մտաւ Հարաւային Կովկաս, խառնւելու է նախ՝ Հիւսիսային Կովկասը, ապա՝ Կենտրոնական Ասիան։ Ղազախստանն են ոտքի հանելու։ Գլոբալ լիբերալների ծրագիրը, միեւնոյն է, գնում է, ռուսներն ուզեն- չուզեն, պիտի շուռ գան դէպի Անդրկովկաս։ Հիւսիսային Կովկասը ոչ պակաս մահացու է Ռուսաստանի համար, քան Ուկրաինան։
Յիշեցնենք, 1921 թւականին Խորհրդային Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրւած բարեկամութեան եւ եղբայրութեան պայմանագրով Նախիջեւանը յանձնւել է Ադրբեջանին, իսկ Կարսը, Արեւմտեան Հայաստանի մի շարք այլ շրջաններ եւ Սուրմալու հայկական գաւառը` Թուրքիային: Այդ պայմանագիրն ուրւագծել է ներկայիս հայ– թուրքական սահմանը` Թուրքիային փոխանցելով նաեւ Արարատ լեռը:
Խօսքը 1921 թ․ մարտի 16- ին Մոսկւայում ստորագրւած ռուս– թուրքական «Բարեկամութեան եւ եղբայրութեան մասին» պայմանագրի մասին է, որին հետագայում յաջորդեց 1921 թ. հոկտեմբերի 13- ին ստորագրւած Կարսի պայմանագիրը։
Ըստ մասնագէտների՝ թուրք– բոլշեւիկեան մերձեցումը միայն հայ ժողովրդի դէմ չէր ուղղւած, թուրք– բոլշեւիկեան բանակցութիւնների այդ դաւադրութեան զոհը միայն հայ ժողովուրդը չէր, այլ նաեւ Ռուսաստանը, որը Կարսի, Արդահանի, Արդւինի, Արեւմտեան Հայաստանի մի շարք այլ տարածքների եւ հայ ժողովրդի, թուրքական տիրապետութիւնից նրա ազատագրման համար բազում պատերազմներ էր մղել ընդդէմ սուլթանական Թուրքիայի՝ զոհաբերելով իր հազարաւոր զաւակների կեանքը։
2011 թ., երբ լրացաւ այդ պայմանագրի 90 տարին, այն ժամանակ ՌԴ նախագահ Մեդւեդեւը եւ Էրդողանը հանդիպեցին Մոսկւայում եւ որպէս ռուս–թուրքական բարեկամութիւն՝ յիշեցին այդ «եղբայրութեան պայմանագիրը» եւ նոյնիսկ նւէրներով փոխանակւեցին: Այդ փաստը ժամանակին մեծ աղմուկ էր առաջացրել Հայաստանում:
– Երբ Անքորեջում Պուտինն ու Թրամփը միեւնոյն մեքենայով գնացին, ասում են՝ մեքենայի մէջ Պուտինը Թրամփին զգուշացրել է՝ քո դէմ մեծ դաւադրութիւն է նախապատրաստւում։ Հաշւի առնելով լիբերալ- դեմոկրատների կատաղի պայքարը Թրամփի դէմ՝ դժւար է հաւատալ, որ Թրամփը կը կառավարի մինչեւ իր ժամկէտի աւարտը։ Եթէ լիբերալ- դեմոկրատները կրկին գլուխ բարձրացնեն, դա կը լինի 3- րդ համաշխարհային պատերազմ։
– Հայաստան՝ որպէս քաղաքական սուբիեկտ, 2020 թ.- ից յետոյ գոյութիւն չունի։ Հայաստանն այս իրավիճակում ի՞նչ պատերազմացու է։ Անիմաստ էլ է այն օգտագործել Իրան- Իսրայէլ պատերազմի մէջ։ Էս տեսակ կառավարիչներով Հայաստանը սոսկ ոտքի տեղ է, որի վրայով քայլելու են, անցնեն։
– «Զանգեզուրի միջանցք»- ն անգամ Հնդկաստանին ու Չինաստանին ձեռք չի տալիս, ուր մնաց՝ Իրանին ու Ռուսաստանին։ Թրամփը մտածում է 70- ական թւականների սառը պատերազմի ղեկավարների նման, որոնք մտածում էին՝ գլոբալ ծրագրերի համար մանր- մունր պետութիւնները չեն կարող խոչընդոտ լինել։
– Ադրբեջանին Արեւմուտքը զինում է Ռուսաստանի եւ Պարսկաստանի դէմ, ոչ թէ Հայաստանի։ Ճնճղուկին թնդանոթով չեն խփում, այլ պարսատիկով․Ադրբեջանի այդ զէնքերը Հայաստանի դէմ չեն, Իրանի եւ Ռուսաստանի դէմ են աշխատելու։
– Տեղեկութիւն տարածւեց, որ Ռուսաստան- Ադրբեջան սահմանին 5 գիւղ բնակչութիւնից դատարկել են․ սա նշանակում է՝ նախապատրաստւում է ցամաքային ներխուժում։ Միւս կողմից պատրաստւում է նաեւ Իրանը, զօրքեր է կուտակել։
Ըստ տեղեկութիւնների՝ Իրանը զօրք է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին: Դեռեւս 2020 թ. սկսած Իրանը նոր զօրամիաւորումներ է տեղակայել Արաքսի երկայնքով։ Իրանի ամենաազդեցիկ եւ մարտունակ ուժային կառոյցներից մէկի՝ «Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի» միանգամից մի քանի ստորաբաժանումներ վերատեղակայւել են երկրի հիւսիսային սահմանի անմիջական հարեւանութեամբ։
– Եթէ դու Ադրբեջանի եւ Թուրքիայի հրահանգով փոխում ես երկրի Սահմանադրութիւնը, մի քարտէզիկ ես նկարում Արագած սարով, ու դրան քո հակառակորդը հասնում է առանց մի կրակոցի, ամէն բան անիմաստ է։
– Իրանը հասկանում է, որ իր վրայ շատ լուրջ ցամաքային յարձակում են նախապատրաստում։ Այս գործողութիւններով բերում են այն վիճակին, որ ռուսներն էլ, իրանցիներն էլ հասկանում են՝ պէտք է պատերազմ սկսել։
– Որպէս դիւանագէտ՝ վերջին 20 տարում շատ հանդիպումներ եմ ունեցել Արեւմուտքում։ Բոլորն էլ ասում էին՝ ի՞նչ էք կպել էդ քարերից, դուք հզօր ազգ էք, որտեղ ասէք, կը զարգանաք։ Օրինակ, գնացէք, պայմանական Վիեննայում զարգացէք։
– Լիբերալ կեղծաւորութիւն է… Ինչպէս ԱՄՆ- ի առաջին դեսպան Մայքըլ Լեմոնն ասաց մի առիթով՝ ձեր ինչի՞ն են պէտք Համալսարանն ու Կոնսերվատորիան, գնացէ՛ք, եւրոպականներում սովորէք… Կոպիտ ասած՝ Դուք ո՞վ էք, որ համալսարան, կոնսերվատորիա ու մետրօ ունենաք: Ասում էր՝ առաջ դուք դա ԽՍՀՄ ռեսուրսով էիք անում, հիմա, որ անկախ էք, ինչների՞դ է պէտք: Ուզում էր ասել՝ էս տարածքով, էս պետութեամբ դուք իրաւունք չունէք արժանապատւութիւնից խօսել:
– Արեւմուտքն ամէն ինչ արեց, որ ռուսները, ուզէին թէ չուզէին, պիտի յարձակւէին Ուկրաինայի վրայ։
– Ոնց որ Ադրբեջան պետութիւն սարքեցին, Ղարաբաղն ու Նախիջեւանն էլ տւեցին, այնպէս էլ՝ Ուկրաինան։ Ուկրաինա անունով պետութիւն չի եղել, բոլշեւիկներն են սարքել։
– 44- օրեայ պատերազմը պայմանաւորւած պատերազմ էր։ Ինչքա՞ն ասեն։ Երբ չգիտես՝ պատերազմի ժամանակ շտաբում ո՞վ ու ինչո՞ւ է նստած, ինչ- որ եւրոպացի կանայք են գնում սահման, ադրբեջանցիները ոտքով գալիս են, մտնում մեր տարածք, ինչպէս Շուշիի դէպքում էր, ոչ մի դիմադրութիւն չեղաւ, սկի չգիտեին էլ՝ ուր են եկել… Ինչքա՞ն կարելի է ասել՝ Նիկոլը սենց, նենց։ Հայաստանում իշխանութիւն չկա՛յ:
– Հայաստանը ղեկավար չունի՛: Ի՞նչ խորհուրդներ էք տալիս նրան։ Ձեր հարցերն ու խորհուրդները նրան պէտք չեն: Ինչի համար բերել են դրսի այդ ուժերը, այն էլ անում է։
– Ալիեւի դէմքին որ նայում ես, ուզում ես ասել՝ մի հատ լիմոն կեր, էդ գոհ դէմքդ չտեսնեմ… Էն Ալիեւը, ով մինչեւ 2018 թ., յիշէք՝ ինչ տեսքով էր նստում բանակցութիւնների… հիմա հրճւում է ուրախութիւնից: