ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արաղչի․ Համաձայնութիւն կը կայանայ, երբ երկու կողմերն էլ հասնեն գոհունակութեան որոշ մակարդակի

ԱԳ նախարար Աբբաս Արաղչին յայտարարել է, որ Իրանի եւ Միացեալ Նահանգների միջեւ համաձայնութիւն կը կայանայ միայն այն դէպքում, երբ երկու կողմերն էլ հասնեն գոհունակութեան որոշ մակարդակի։

Արաղչին ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ հնարաւոր համաձայնութեան վերաբերեալ լրատւամիջոցներում հրապարակւած եւ արտահոսած որեւէ տեքստ արժանահաւատ չէ։ Նրա խօսքով՝ դեռեւս վերջնական համաձայնութիւնը չի ստորագրւել, եւ որոշ հարցեր կարող են փոփոխւել։

Նախարարը նշել է, որ նախատեսւող համաձայնութիւնը բաղկացած է երկու փուլից, իսկ միջուկային հարցը՝ որպէս ամենաբարդ բաժին, տեղափոխւել է երկրորդ փուլ, որի համար նախատեսւել է 60 օր բանակցութիւն։

Արաղչին նաեւ նշել է, որ նախընտրում է հնարաւոր համաձայնութեան մանրամասների մասին խօսել միայն այն ժամանակ, երբ այն վերջնականապէս հաստատւի։

Արաղչին ընդգծել է. «Պատերազմի աւարտի համար լաւագոյն ժամանակը այն պահն է, երբ թելադրողի դերում ես. մենք իրականում յաղթող դիրքում ենք։ 40 օր դիմակայեցինք աշխարհի թւացեալ գերտէրութեանը։

Համաձայնութիւնն ու պատերազմի աւարտը կը նպաստեն յաղթանակի ամրապնդմանը»։

Իրանի արտգործնախարար Արաղչին նշեց, որ վերջնական համաձայնութիւն դեռ ձեռք չի բերւել, իսկ դրա վերջնականացման պարագայում խոստանում եմ մանրամասն ներկայացնել բոլոր կէտերը։

Արաղչիի խօսքով՝ համաձայնութիւնը ներառում է երկու փուլ, իսկ միջուկային թեման տեղափոխւել է երկրորդ փուլ։

Անդրադառնալով Լիբանանի «Հեզբօլլահ»-ի հարցով Իրանի դիրքորոշմանը, նա նշել է. «Երբեք միայնակ չենք թողնի Լիբանանի «Հեզբօլլահ»-ին, իսկ պատերազմի աւարտը կը ներառի նաեւ Լիբանանն ու բոլոր ճակատները»:

Իրանի արտգործնախարարի խօսքով՝ հակամարտութեան աւարտը վերաբերում է ոչ միայն մէկ ուղղութեան, այլեւ տարածաշրջանի մի շարք ճակատների։

Նրա հաւաստմամբ. «Յուշագրում ներառւած են միջուկային թեման, պատժամիջոցների վերացումը, պատերազմի վնասների վերականգնման հարցերն ու սառեցւած ֆինանսական միջոցները»,- եւ աւելացրեց, որ նշւած հարցերը տեղ են գտել համաձայնութեան յուշագրում։

Նա ընդգծել է, որ սպառնալիքները պէտք է դադարեցւեն, եւ Իրանի ժողովրդի հետ հարկ է խօսել յարգանքի լեզւով։

Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ փոխադարձ յարգանքը կարեւոր նախապայման է յարաբերութիւնների կարգաւորման համար եւ ընդգծեց. «Այս յուշագրում քննարկւում է ծովային շրջափակման վերացման եւ Հորմոզի նեղուցի հարցը» եւ նշեց, որ հակառակ կողմին յստակ ուղերձներ են փոխանցւել, որ սպառնալիքները հակադարձ արձագանգ կը ստանան»։

«Մեզ փորձեցին եւ պատասխանը ստացան»,- նշել է նա։

Իրանի արտգործնախարարի գնահատմամբ՝ «Մայդան»-ն ու դիւանագիտութիւնը շարժւում են միեւնոյն ուղղութեամբ։

Արաղչին յստակեցրել է, որ Իրանն այնպէս ցուցադրեց իր ուժը, որ այլեւս ոչ ոք չի մտածի Իրանի հետ հակադրութեան գնալու մասին եւ այլեւս ոչ ոք չի մտածի Իրանի նկատմամբ ոտնձգութիւն իրականացնելու հարցով։

Նա ընդգծել է. «Ուշադրութիւն մի դարձրէք հակառակ կողմի գրառումներին. ամբողջ աշխարհը ծանօթ է նրանց հռետորաբանութեանը։ Նրանց փոխանցւել է յստակ ուղերձ, որ սպառնալիքները հակադարձ ազդեցութիւն են ունենում։ Հորմոզի նեղուցը գտնւում է եւ կը մնայ Իրանի եւ Օմանի ինքնիշխանութեան ներքոյ։ Այս ջրուղին տարիներ շարունակ բաց ու անվճար է եղել նաւերի համար, սակայն Իրանի լուրջ որոշումն այն է, որ Հորմոզի նեղուցի ապագան այլեւս նախկինի պէս չի լինելու»։

Նրա հաւաստմամբ. «Մօտ ապագայում Իրանը եւ Օմանը համատեղ յայտարարութիւն կը հրապարակեն Հորմոզի նեղուցի կառավարման վերաբերեալ։ Յայտարարութիւնը կը վերաբերի նեղուցի կառավարման նոր մօտեցումներին։ Միջազգային իրաւունքի համաձայն՝ Հորմոզի նեղուցով անցնելու համար տուրք գանձելը հնարաւոր չէ, սակայն ծառայութիւնների դիմաց վճարներ կը սահմանւեն։ Ապագայ կարգաւորումները կը վերաբերեն ծառայութիւնների մատուցման եւ դրանց վճարների համակարգին»։

Ըստ Արաղչիին. «Իրանի դիրքորոշումն այն է, որ հարստացւած միջուկային նիւթերի կարգաւորման հարցում միակ ընդունելի տարբերակը դրանց նոսրացումն է հէնց Իրանի տարածքում, եւ այլ տարբերակներ չեն դիտարկւում»։

Անդրադառնալով Իրանի սառեցւած ֆինանսական միջոցներին, նա նշեց «Իրանի սառեցւած ֆինանսական միջոցների հարցով կը տեսնենք, թէ ինչ է լինելու, եւ բլոկաւորւած միջոցների թեման դեռ մնում է քննարկման օրակարգում»։

Իրանի ԱԳ նախարարը նշեց. «Եթէ բանակցութիւնների վերջին փուլը կայանայ, համաձայնութիւնը կը ստորագրւի հեռավար՝ թւային եղանակով եւ կը հրապարակւի, եւ դա կարող է տեղի ունենալ առաջիկայ օրերին»։

Նա նաեւ յորդորել է լրատւամիջոցներին չխաթարել գործընթացի մթնոլորտը։

Related Articles

Back to top button