Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վերջին խմբագրականը

Հայկական լրագրութեան հաստատուն ձայնի նոր որոշումը

«ԱԼԻՔ» – Հայաստանի անկախ շրջանի լրագրութեան ամենայայտնի եւ ազդեցիկ ձայներից մէկը՝ Արամ Աբրահամեանը, շուրջ երկու տասնամեակ շարունակ գրւած ամենօրեայ խմբագրականներից յետոյ հրաժեշտ է տալիս իր ամէնօրեայ «խմբագրի սիւնակին»։ «Առաւօտ» օրաթերթի հիմնադիր խմբագիրը, որի հրապարակումները երկար տարիներ եղել են հայկական քաղաքական-հասարակական կեանքի կարեւոր կողմնացոյցերից, իր վերջին խմբագրականում որոշումը պայմանաւորում է ոչ թէ քաղաքական զարգացումներով կամ ընտրական ցնցումներով, այլ՝ երկարամեայ մտաւոր ծանրաբեռնուածութեամբ եւ աշխատանքի ռիթմը թեթեւացնելու անհրաժեշտութեամբ։ Միեւնոյն ժամանակ, նա ընդգծում է, որ չի հեռանում լրագրութիւնից. շարունակելու է իր վերլուծութիւնները, հարցազրոյցները, տեսաշարերն ու գրական աշխատանքը՝ ներառեալ նոր գիրք իտալական օպերայի վարպետների մասին։

 

Վերջին խմբագրականը

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Մօտ երկու ամիս առաջ ես տեղեկացրեցի մեր յարգելի ընթերցողներին, որ յունիսի 15-ից այլեւս խմբագրական չեմ գրելու:

 Այդ որոշումը կապւած չէ ընտրութիւնների հետ՝ չնայած ակնյայտ էր, որ Փաշինեանը կը փորձի բռնազաւթել իշխանութիւնը:

Բայց դա իմ լրագրողական պրակտիկայում ո՛չ առաջին դէպքն է, ո՛չ էլ, ցաւօք, վերջինը կը լինի: Հաւանաբար, իմ կեանքի օրօք չի լինի այն բաղձալի իրավիճակը, երբ իշխանութիւնն ընտրութիւններում պարտւում է ընդդիմութեանը, խաղաղ հեռանում է եւ շնորհաւորում յաղթողին: Անկայուն իրավիճակը շարունակւելու է: Բայց, կրկնեմ, խմբագրական չգրելու իմ որոշումը դրա հետ կապ չունի:

Դարձեալ անկեղծօրէն ասեմ, որ տասնամեակներով կրկնւող պատմութիւնը քաղաքականութեան լուսաբանումը դարձնում է փոքր-ինչ ձանձրալի: Սակայն ես հիասթափւած չեմ, ընկճւած չեմ, ոչ էլ պատրաստւում եմ իմ լրագրողական գործունէութիւնն աւարտել:

Պատկերացրէք, 20 տարուց աւելի ամէն աշխատանքային օր պարտաւորւած լինես յօդւած գրել… Դա, գոնէ ինձ համար, հսկայական մտաւոր եւ ֆիզիկական ծանրաբեռնւածութիւն է, որն այս տարիքում՝ 66 տարեկանում, կարող է յանգեցնել առողջական խնդիրների: Դրա համար ես որոշեցի փոքր-ինչ թեթեւացնել իմ ռեժիմը:

Վաղւանից նաեւ դուրս եմ գալու Ֆէյսբուքից, որի թունաւոր ժապաւէնը թերթելը նոյնպէս վնասակար է առողջութեան համար: Ֆէյսբուքի մեսենջերով նամակագրութիւնը պահպանւելու է: Իմ աշխատանքի մնացած ուղղութիւնները պահպանւելու են:

Ես շաբաթը մէկ անգամ «Առաւօտ»-ի կայքէջի համար պատրաստելու եմ «Ջրբաժան» տեսահարցազրոյցը, դարձեալ շաբաթը մէկ տեսագրելու եմ «Հոգեւոր ընտրութիւն» շարքը, ինչպէս նաեւ իմ տեսանիւթերը՝ գրքերի եւ երաժշտութեան մասին:

 Շարունակելու եմ գրել շաբաթական վերլուծութիւնները: Շարունակելու եմ քաղաքական թեմաներով իմ կարճ տեսագրութիւնները (shorts), որոնք լինելու են «Առաւօտ»-ի բոլոր հարթակներում, ինչպէս նաեւ իմ իւթուբեան էջում, բայց դա անելու եմ ոչ ամէն օր:

«Առաւօտ» թերթի ու կայքի համար գրելու եմ նաեւ այլ յօդւածներ, բայց դարձեալ՝ առանց ամենօրեայ պարտադրանքի:

Աւելացնեմ, որ շուտով լոյս կը տեսնի Չայկովսկու մասին իմ՝ թւով հինգերորդ գիրքը: Արդէն սկսել եմ աշխատանքս նոր գրքի վրայ, որը նւիրւած կը լինի օպերայի իտալացի վարպետներին: Արդէն գրել էի, որ թէ՛ թերթում, թէ՛ կայքում «խմբագրի սիւնակը» կը փոխարինւի «մեկնաբանի սիւնակով», որը կը վարի Յակոբ Բադալեանը: Յակոբը հրաշալի վերլուծաբան է, եւ, ինչը տւեալ դէպքում պակաս կարեւոր չէ, ինձնից 15 տարով երիտասարդ է:

Առաւօտ

Related Articles

Back to top button