Սամուէլ Նիկոյեան. «Նիկոլն անասնական վախ ունի Ալիեւից. արտագաղթի քարտէզն առել է ձեռքը՝ ընկել փողոցները»
Ադրբեջանը խնդրայարոյց է համարում Հայաստանի Սահմանադրութեան նախաբանը, պահանջում, որ Հայաստանը գնայ սահմանադրական փոփոխութեան: Ադրբեջանի այդ պահանջի ֆոնին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է, որ Սահմանազատման կանոնակարգը համապատասխանում է Սահմանադրութեանը եւ որոշման մէջ անդրադառնում հենց Սահմանադրութեան նախաբանին՝ ընդգծելով, որ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրաւական Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեամբ ուղղակիօրէն ամրագրւած շրջանակից դուրս Հռչակագրի որեւէ դրոյթի սահմանադրական (առաւել եւս՝ Սահմանադրութեան անփոփոխ)՝ դրոյթի իրաւական ուժով օժտւած լինելու ուղով շարժւելու հետեւանքային ազդեցութիւնը՝ «սահմանադրական երկիշխանութեան» վտանգի ներուժով, Հռչակագիրը վերածելու է «զաւակին խժռող ծնողի»։
ՍԴ որոշումը կարդալուց յետոյ ՀՀԿ ԳՄ անդամ Սամուէլ Նիկոյեանի մօտ տպաւորութիւն է, որ ՍԴ դատաւորներն իրաւաբանական կրթութիւն չունեն:
«Խօսում են սահմանադրական նորմերի մասին, բայց օգտագործում են ոչ իրաւական տերմիններ: Իմ կարծիքով՝ գրել՝ տւել են, ասել են՝ կարդացէք: ՍԴ դատաւորը «զաւակին խժռող ծնող» տերմինը չէր կարող օգտագործել»,-168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասել է նա:
«Նիկոլն ունի անասնական վախ Ալիեւից. այդ վախի արդիւնքում նա ինչ պահանջում է՝ Նիկոլը կատարում է: Իշխանութեան գալուց յետոյ, առաւել եւս՝ պատերազմից յետոյ, շատ տարածքներ խոնարհաբար զիջում էր, իսկ երբ Ալիեւը Սահմանադրութեան փոփոխութեան պահանջ դրեց՝ մտածում էինք՝ Նիկոլ ինչպէ՞ս է դա անելու, որովհետեւ նա անպայման պէտք է զիջէր: Ձեւը գտան»,-ընդգծել է նա՝ շեշտելով՝ այս որոշմամբ ՍԴ-ն օժանդակում է ադրբեջանական ագրեսիային:
«Իրենք ասում են՝ ընտանիք ենք պահում. էդ փողը որ տանում՝ երեխէքին էք կերցնում, բացատրէք նրանց, որ սա ձեր հայրենիքի գինն է, այս հացը որ ուտում էք՝ մեր կողմից ծախւած հայրենիքի գինն է, առէք՝ կերէք: Մնում է՝ երեխէքը հասկանան դա»,- ասել է Նիկոյեանը:
Թէեւ Հայաստանի իշխանութիւնները յայտարարում են, որ տարածքային պահանջներ են տեսնում Ադրբեջանի Սահմանադրութեան մէջ, բայց դա խաղաղութեան պայմանագիր ստորագրելու նախապայման չեն դարձնում:
«Նիկոլն ո՞վ է, որ Ադրբեջանից որեւէ բան պահանջի, նա անասնական վախ ունի: Երբ երկու շուն կռւում են, մէկը միւսին գզում է, չկայ որեւէ դէպք, որ այդ շունը գնայ եւ փորձի մրցակցել, բայց մեր ժողովուրդը՝ այդ սատանայական թւով 660 հազարը, նորից որոշեց, որ Նիկոլը պէտք է գնայ՝ Ալիեւի դէմ իրենց շահերը պաշտպանի: Այսպէս է պաշտպանում, ձեզ ծախում է, ձեր եւ մեր երեխէքի արիւնը վաճառեց, հիմա էլ հայրենիքն է վաճառում, որովհետեւ ունի ձեր նման յենարան: Մեր թշնամին սատանայ է, այստեղ գտել է իրեն յարմար գործընկեր՝ Նիկոլին, որը եւս սատանայ է: Պահանջների վերջնակէտ չկայ, թշնամին այսպիսին է, մի բարձունք գրաւեց՝ չի բաւարարւելու, դա կօգտագործի մնացածը գրաւելու համար: Պատմութիւնը դա է ցոյց տւել: Իրենք դա չեն հասկանում, ամէն օր մի բան զիջում են: Իսկ նրանք վերցնում ու օգտագործում են մեր դէմ, ինչպէս ՍԴ այս ճառը, այնպէս էլ ցանկացած դիրք, որ նա զիջել է: Իւրաքանչիւր նոր զիջում աւելի է թուլացնում մեզ եւ աւելի ուժեղացնում թշնամուն եւ նրա ախորժակն աւելի է բացում»,- նշել է նա:
Սամուէլ Նիկոյեանի խօսքով՝ գործող իշխանութիւնների համար վտանգաւոր է մտածող եւ վերլուծող մարդը. «Դրա համար ամենաստոր, ամենատխմար եւ տգէտ քարոզչութիւնը, որ կարող է ծիծաղ առաջացնել, օգտագործում են, որովհետեւ գիտեն, որ կան մարդիկ, որ դրա գերին են, որ անընդունակ են ինքնուրոյն մտածել, կան մարդիկ, որ հայրենիք չունեն: Ասում են՝ յանկարծ չմտածէք, ով խօսի՝ մեր այս թէզերն օգտագործէք: Մտածող մարդը իրենց համար վտանգաւոր է»:
Նա շեշտել է՝ բոլորը պէտք է հասկանան մի բան՝ մարդկութեան ամբողջ պատմութիւնը պատերազմների պատմութիւն է. «Պատերազմները ազգի, ժողովրդի կենսագործունէութեան, կենսատարածքի մասին են: Դուք նայէք՝ ո՞ր երկրներն են այսօր հզօր եւ կարողանում աշխարհի ճակատագիրը լուծել՝ ովքեր ունեն բաւարար չափով կենսատարածք: Չունե՞ս կենսատարածք՝ չես կարող գոյութիւն ունենալ: Այդ 29.800 քառակուսի մետրի քարտէզը որ առել է ձեռքը, ընկել է քուչէքը, բոլորին ցոյց է տալիս, դա ընդամէնը արտագաղթի քարտէզ է, ուրիշ բան չէ: Մենք 42 հազար քառակուսի կիլոմետրը համարում էինք այն տարածքը, որի վրայ անկախ պետութիւն գուցէ կարողանայ գոյութիւն ունենալ, իսկ այն, ինչ ինքն առել եւ ցոյց է տալիս, անկախ պետութեան համար բաւարար տարածք չէ, ինչքան էլ ինքն ասի, որ անկախ է: Որ անկախ ես, ինչո՞ւ ես գնացել, խոնարհւել Էրդողանի առաջ»: