«ԱԼԻՔ» – Երէկ՝ հոկտեմբերի 2-ին Երեւանի Հանրապետութեան հրապարակում տեղի ունեցաւ «Սրբազան պայքար» շարժման «Յաղթանակի եւ յոյսի» փուլի մեկնարկի մասին ազդարարող հանրահաւաքը:
Մինչեւ հանրահաւաքի սկսելը երիտասարդները Մատենադարանի մօտից երթով միացան հրապարակում հաւաքւած քաղաքացիներին:
Հանրահաւաքը մեկնարկեց Հայաստանի ու Արցախի պետական օրհներգերով, Տէրունական աղօթքով:
Հանրահաւաքի ընթացքում ելոյթներով հանդէս եկան ՀՅԴ Տաւուշի մարզային Կոմիտէի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարեանը, քաղաքական վերլուծաբան Կարէն Բեքարեանը:
Իր ելոյթում Գառնիկ Դանիէլեանն ընդգծեց, որ այս ընթացքում պայքարը եղել է հողի, հայրենիքի, նաեւ՝ սուրբ նահատակներին արժանի լինելու համար։
«Մեզ նռնակներով փորձել են ենթարկել տարաբնոյթ ճնշումների, բայց մենք այսօր Հանրապետութեան հրապարակից ասում ենք, որ ձեր ազգակործան ծրագրերը չեն իրականացւելու։
Մենք մեր հողին ու ջրին ամուր կառչած ենք, ոչ թէ ձեր նման Էրդողանի նկարը գրկած։ Թող ոչ ոք չկարծի, թէ այդ բռնապետական ճնշումներից դրդւած, մարդիկ իրենց ինքնութիւնը չեն պահելու։ Մենք արժանապատիւ պայքարի եւ արժանապատիւ պայքարը տանող սերունդն ենք»,- իր ելոյթում ասել է Գառնիկ Դանիէլեանը:
Խօսքն ուղղելով իրավիճակից դժգոհ, սակայն հրապարակից բացակայող քաղաքացիներին նա նշել է. «Սիրելի՛ հայրենակիցներ ջան, Ֆէյսբուքում ստատուսներ ու մեկնաբանութիւններ գրելով ոչ մի բանի չենք հասնի։ Պէտք է մի կողմ դնենք տարաձայնութիւնները, բռունցւենք ու հեռացնենք այս ազգակործան խունտային։
Սա մէկ մարդու ու մէկ կուսակցութեան լուծելիք խնդիր չէ։ Այսօր դրւած է ազգի հարցը, ու այդ հարցը լուծելուն պէտք է միանան նաեւ գործարարները, մեծահարուստները՝ այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ այս ազգի շնորհիւ հարստացել են»:
Քաղաքական վերլուծաբան Կարէն Բեքարեանն էլ իր ելոյթում շնորհակալութիւն է յայտնել ներկաներին՝ նշելով. «Աշխարհը կարող է այս կադրերը տեսնել ու հասկանալ մի բան, որ հայ ժողովուրդն ու Հայաստանի քաղաքացին փողոցում ընկած կամազուրկ լաթ չէ, այլ ունի հայրենիք ու պատրաստ է յանուն իր հայրենիքի ոտքի կանգնելու»:
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարեանն էլ նշել է. «2018 թւականին մեր ժողովրդի ամենաազնիւ զգացողութիւնները շահարկելով ու զանգւածային խարդախութեամբ Հայաստանում տեղի է ունեցել ադրբեջանաթուրքական յեղափոխութիւն։ Նպատակը մէկն էր. Արցախը յանձնել Ադրբեջանին, Հայաստանը՝ Թուրքիային»:
Հանրահաւաքին ելոյթով հանդէս է եկել նաեւ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Նա իր ելոյթում մասնաւորապէս նշել է. «Այս պայքարի բովանդակութիւնը կեղծիքի ու արդարութեան, ստի ու ճշմարտութեան մասին է, որի ակունքներում ես կանգնել եմ բարձրագոյն պատասխանատւութեամբ։ Չեմ նստել ու սպասել, որ իմ փոխարէն ուրիշը պէտք է գործի, վերլուծութիւններ չեմ արել ու այդպէս ինքնաբաւարարւել, չեմ քննադատել ուրիշներին, ովքեր պայքարել են և վերջում որոշել, որ հիասթափւած են, քաղաքականութիւն չեմ խաղացել ու քաղաքական գործիչ լինելու հաւակնութիւն ստանձնել ու ամէնից փորձել դիւիդենտներ քաղել՝ փորձելով մաքուր նկարագրով մնալ»:
Սրբազանն ահազանգել է, որ հայ ժողովրդի դիմաց ծանր իրադարձութիւններ ու սպասումներ են, դաւաճանական նոր ծրագրեր, հայրենայանձնման դիւական նոր պլանաւորումներ. «Այս պայքարում կը յաղթի նա, ով յամառ է, աննահանջ է եւ հետեւողական։ Եւ դարձեալ պէտք է կրկնեմ՝ մի՛ մտածէք հնարաւոր ու անհնարի մասին, մտածէ՛ք ու գործէ՛ք անհրաժեշտ ու ոչ անհրաժեշտ լինելու մասին։ Անհրաժեշտ է այս պայքարը, անհրաժեշտ է այս շարժումը, անհրաժեշտ է մեր երկրի ազատագրման համար, ու սա պէտք է հասնի բոլորի մտքին»:
Բագրատ Սրաբզանը դիմել է նաեւ այն գործարարներին, որոնք համագործակցում են գործող իշխանութիւնների հետ եւ խոչընդոտում են իրենց աշխատողների մասնակցութիւնը պայքարին. «Մեծ ու փոքր փորերով ու գլուխներով գործարարնե՛ր, ձեր պատասխանատւութիւնը չի համապատասխանում ձեր ունեցւածքին։ Դուք հարստացել էք ողջ ժողովրդի դրամներով ու լումաներով, հարստացել էք նաեւ Արցախով։ Եթէ շարունակէք նման կեցւածք որդեգրել, արժանանալու էք Արցախի ճակատագրին։
Ես արդէն պատկերացնում եմ, որ ձեզանից շատերի համար հայրենիքը ձեր ունեցւածքն է, ու ինչպէս առաքեալն է ասում՝ ձեր Աստւածը ձեր ստամոքսն է»:
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդն անդրադարձել է նաեւ Հայսատանի հանրային հեռուստատեսութեան գործունէութեանը. «Ստի քարոզչութեան օջախը, թունաւորման կէտն իրենց ֆէյքերի ՊՈԱԿ-ի հետ միասին, չարիքի որջը գտնւում է Հանրային հեռուստաընկերութիւն կոչւած օջախում։ Մենք գնալու ենք այնտեղ ուղիղ եթերի պահանջով եւ պարտադրելու ենք, որպէսզի ճշմարտութեան ձայնն այնտեղից հնչի»:
Հանրահաւաքի աւարտից յետոյ, մասնակիցները Բագրատ Սրբազանի առաջնորդութեամբ շարժւել են դէպի Հայաստանի հանրային հեռուստաընկերութիւն, որի շէնքը պաշտպանւում էր բազմաթիւ ոստիկաններով:
Երթի մասնակիցները պահանջել են ուղիղ եթեր տրամադրել Սրբազանին:
Բագրատ Սրբազանին յաջողւել է մուտք գործել հեռուստատեսութեան շէնք: Նա կարճ հարցազրոյց է տւել Պետրոս Ղազարեանին, որից յետոյ հանդէս է եկել ուղերձով: