ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ. «Աշխարհը չի նկատում թոյլ եւ տկար պետութիւններին, այլ միայն խղճում է եւ անտեսում»
Հայաստանում գտնւելու օրերին ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը հարցազրոյց է տւել Երկիր Մեդիա հեռուստաալիքի «Երկրի հիւրասրահը» հաղորդաշարին, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանի առջեւ ծառացած օրախնդիր մի շարք հարցերի տարածաշրջանում ստեղծւած իրավիճակին եւ ներքաղաքական օրակարգերին:
Խօսելով ամէն գնով Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագիր ստորագրելու ՀՀ իշխանութիւնների բուռն ձգտումների մասին՝ Յակոբ Տէր-Խաչատուրեանը նշել է, որ Հայաստանն այս պահին աճապարանքի մէջ է, փոքրիկ ձեռբերումներով խաղաղութեան հասնելու կողմնակից է, պատրաստ է խեղճացած իրավիճակում բանակցային գործընթացի մաս կազմել, մինչդեռ միջազգային փորձը ցոյց է տալիս, որ դա մեզ լաւ տեղ հասցնել չի կարող: «Պարտւածի հոգեբանութեամբ եւ շարունակական միակողմանի զիջումներով, բնական է թշնամուն միշտ կարելի է գոհացնել, բայց ես վստահ եմ, որ Ադրբեջանը պատրաստ չէ Հայաստանի հետ խաղաղութեան դաշնագրի ստորագրման, որովհետեւ իրենք ուզում են առաւելագոյնը կորզել եւ դա ուզում են անել մինչեւ Ադրբեջանում տեղի ունենալիք COP-29»-ը: Իսկ ինչ վերաբերում է COP-29-ին, մենք դրա հետ կապւած նախաձեռնել ենք պայքար ողջ աշխարհում, եւ պէտք է ասել, որ նկատելի յաջողութիւններ կան արձանագրւած: Մենք Արդրբեջանին որոշակի մտահոգութիւններ ենք պատճառել արդէն, որովհետեւ մի շարք պետութիւններում մեր, եւ ոչ միայն մեր, աշխատանքների արդիւնքում այն տպաւորութիւնները կան, որ այնքան էլ նպատակայարմար չէր այդ բռնատիրական երկրում նման մասշտաբի եւ բովանդակութեամբ համաժողով կազմակերպելը»,- նշել է Յակոբ Տէր Խաչատուրեանը:
Անդրադառնալով ՀՀ իշխանութիւնների՝ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման վերջին փորձերին, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը նշել է, որ չնայած ՀՀ իշխանութիւնների պնդումներին, թէ գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների, դրանք կան, եւ դրանց մասին թուրքական կողմը խօսում է բացայայտ: «Ինչպէս եւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման նախորդ գործընթացներում, պարզւելու է, որ Թուրքիան իր բոլոր քայլերում առաջնորդւելու է բացառապէս Ադրբեջանի շահերով»,- ասել է Յակոբ Տէր-Խաչատուրեանը: