Փողոցայինները
ԳԱՌՆԻԿ ԳԷՈՐԳԵԱՆ
Փողոցով իշխանութեան գալն ու փողոցից իշխանութեան գալը սկզբունքօրէն տարբեր երեւոյթներ են։ Առաջինի դէպքում փողոցը կարող է լինել միջոց, երկրորդ պարագային՝ փողոցը բովանդակութիւն է։
Փողոցի բովանդակութիւնն աղմուկն է ու խլացումը։ Մտքի, բանականութեան, խօսքի խլացումը։
Փողոցի աղմուկը լաւագոյն դէպքում թոյլ է տալիս լսել գոռոցը, բղաւոցը, ոռնոցը։
Փողոցում միտքը մեռնում է, գաղափարը՝ սպանւում։
Փողոցն անբովանդակութեան բովանդակութիւն է, որը նաեւ անհասցէ է ու անինքնութիւն։
Որպէս գործիք օգտագործւելու դէպքում փողոցը մոռացւում է, բայց երբ իշխանութեան են գալիս ոչ թէ փողոցով, այլ փողոցից, փողոցը փոխարինում է պետութեանը։ Փողոցայինների իշխանութեան բերումով։ Ու փողոցայիններին իշխանութեան բերելով։
Փողոցայինների իշխանութիւն լինում է, բայց փողոցային պետութիւն չի կարող լինել ըստ սահմանման։ Լաւագոյն դէպքում, եթէ պետութիւնից ինչ-որ բան մնում է, այդ մնացածը յայտնւում է փողոցում։
Փողոցայինները՝ իշխանութիւնում, պետութիւնը՝ փողոցում։ Սա է Հայաստանի այսօրւայ սիւռ իրականութեան կարճ նկարագիրը։ Եւ պետութեան հանդէպ ատելութեան բացատրութիւնը։
Մասսայական փսիխոզի ու ոռնոցի ներքոյ կատարւել է անտեսանելի տեղափոխութիւն՝ փողոցայինները յայտնւել են պետական ինստիտուտներում, պետութիւնը՝ ասֆալտին։ Այն նոյն ասֆալտին, որը գրեթէ անընդհատ նորացնելով՝ փողոցայինները փորձում են պետութիւնը զմռսել-հաւասարեցնել կոխկրտւող մազութաշերտին։
Դա միշտ չէ, որ ստացւում է հիմնաւորապէս, որովհետեւ պետութիւն կազմաքանդելը կոստյում հագնելով՝ փողոցայինից պաշտօնեայ կապկելու նման հեշտ չէ։ Յատկապէս, որ փողոցայիններն անգամ քաղաքային կոլորիտի փողոցայինի չեն ձգում եւ անգամ փողոցի այդ ընկալումներից օտար լինելով, իշխանութիւնը զաւթելուց առաջ գաւառամտութեամբ զաւթել են քաղաքային փողոցը։ Ու այն շարունակ ասֆալտելով՝ փորձում են թաքցնել սուտ հալածեալի կեղծ արեան հետքերը։
Բայց ասֆալտը չի կարող մաքրել իրական արեան ծովի առաջին կաթիլ դարձած կեղծ արիւնը, որովհետեւ դա ոչ թէ գետնին է, այլ մարդկանց յիշողութեան մէջ։ Ու դրա համար է նաեւ, փողոցից բացի ու փողոցից աւելի, ասֆալտապատւում մարդկանց յիշողութիւնը։
Փողոցային լրբի ու խուժանի հանգոյն։
Գաւառական աւանտիւրիստի ու քաղաքային փողոցի սիմբիոզն անխուսափելիօրէն ասֆալտին յայտնւած պետութիւնը հասցնելու էր խաչմերուկի, որից աջ ադրբեջանական մուղամն է եւ որից ձախ՝ թուրքական բայաթին։ Գնալու ուղղութիւնը, սակայն, ընտրելու են ոչ թէ փողոցայինները, ոչ էլ անգամ նոյն փողոցում շարականով այդ ընթացքի դէմն առնել փորձողները, այլ նրանք, ովքեր որեւէ պրոսպեկտում եւ/կամ աւենիւի մէջ որոշել են պետութիւնը փոխարինել փողոցով։
Մակերեսում պարզ ու կարելի է թւում փողոցայիններին իրենց հարազատ վայր վերադարձնելու լուծումը։ Բայց շատ աւելի կարեւոր է պետութիւնն ասֆալտից պոկելու անելիքը, որը բազմապատիկ բարդ է, քան մի քանի կոստիւմաւորի վանդակազգեստ դարձնելու մեխանիկան։
168.am