ՀամայնքՆոր Ջուղա

Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախմբի տարեկան համերգը հնչեց Նոր Ջուղայում

Չորեքշաբթի՝ յունիսի 10-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախմբի տարեկան համերգը, ղեկավարութեամբ մայեստրօ-խմբավար Համիկ Ալեքսանդրեանի:

Երեկոյին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանը, Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, ազգային եւ կրօնական կառռոյցների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներ:

Համերգի ծրագրում տեղ էին գտել հայերէն եւ պարսկերէն ժողովրդական երգեր՝ Նոր Ջուղայի, Փերիայի, Չհարմահալի եւ Իրանի զանազան շրջաններից, որոնք «Տաթեւ»-ը կատարեց իւրովի եւ անզուգական: Երգերն էին՝ «Գոլէ գանդոմ», «Շեքառէ ահու», «Նաւայի», «Սուզէ ռոխ», «Լայ-լայ», «Գոլէ փամչալ», «Դառանէ ջան», «Ազիզ ջուն», «Դոխթառէ Բոյեր Ահմադի», «Թօ Բիօ», «Մասոմ-մասոմ», «Ծառ գովելու երգ», «Արդ հրամանաւ», «Սուրբ Կարապետայ», «Խնոցի հարելու երգ», «Ալ ու ալւան ես հագել», «Վիճակ-վիճակ» եւ «Եալալի»:

Համերգի աւարտին ներկաներին իր պատգամն ուղղեց առաջնորդական տեղապահ Հայր Սուրբը: Նա բարձր գնահատելով բեմից հնչած կատարումները՝ շեշտեց, թէ երգեցողութիւնը ոչ միայն պահանջում է գեղեցիկ ձայն, այլ նաեւ ապրում եւ զգացում, ինչի ականատեսը եղանք այսօր, քանի որ «Տաթեւ»-ը իր ղեկավարի գլխաւորութեամբ երգեց, ապերց եւ այդ զգացումը փոխանցեց բոլորիս: Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանը անդրադառնալով այն փաստին, որ խումբը անգամ պատերազմի ժամանակաշրջանում չի դադարեցրել իր կանոնաւոր փորձերը, գնահատեց նրանց ջանասիրաբար կատարած աշխատանքը եւ մաղթեց խմբավարին՝ նորանոր ձեռքբերումներով առաւել ճոխացնի ու զարգացնի հայկական մշակոյթը:

Աւելացնենք նաեւ, որ երգերի քառաձայն մշակումը եւ երաժշտութիւնների գործիքաւորումը կատարւել էին մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի միջոցով, իսկ երեկոյի ընթացքում 27-ամեայ այս երգչախմբի գործունէութեան, խմբավարի ստեղծագործութիւնների եւ օրւայ կատարումների շուրջ անհրաժեշտ տեղեկութիւններով հանդէս եկան երգչախմբի անդամներ՝ Վեհանուշ Խուդաբախշեանն ու Արգին Աբնուսեանը:

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button