Երեքշաբթի, ապրիլի 9-ի առաւօտեան, Նոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզի շրջափակում, ներկայութեամբ սաների մայրերի եւ տատիկների, նշւեց Մայրութեան եւ գեղեցկութեան տօնը:
Ծրագրում նախ օրւան պատշաճ խօսքով հանդէս եկաւ մանկապարտէզի տնօրէնուհի Արփինէ Յովսէփեանը: Ահա մի հատւածի մէջբերում բացման խօսքից. «Մայրական սիրոյ մասին բազմիցս խօսւել է եւ ոչ ոք չի կասկածում դրա անկեղծութեանն ու մաքրութեանը: Մայրը ոչ միայն քնքշանքի աղբիւր է, այլ նաեւ բարութեան ու մեծահոգութեան ուսուցիչ, ով կարողանում է խստութիւններին եւ դաստիարակչական կանոններին զուգահեռ, իր զաւակին ներշնչել ամենագեղեցիկ զգացումները»:
Շարունակութեան մէջ դպրոցի մանկապարտէզի եւ նախակրթարանի սաները գեղարւեստական յայտագրով ելոյթ ունեցան, որը յագեցած էր մայրերին նւիրւած երգերով, արտասանութիւններով ու պարերով:
Այնուհետեւ զւարճալի խաղ-մրցոյթներ իրականացւեցին սաների եւ իրենց մայրիկների մասնակցութեամբ, իսկ տնօրէնուհու եւ Կրթական խորհրդի անդամ Սաթենիկ Աւետումեանի միջոցով գնահատագրեր շնորհւեցին ընթացիկ տարւայ փետրւարին դպրոցի կազմակերպած հեքիաթասացութեան փառատօնին մասնակից սաներին ու իրենց տատիկներին:
Վերջում մայրիկներին նւիրւեցին ծաղիկներ, իսկ ներկաները վայելեցին նախատեսւած հիւրասիրութիւնը:
Թղթակցութիւնը կազմեց օրաթերթի Նոր Ջուղայի թղթակիցը՝ կազմակերպիչների զեկոյցի համաձայն
Լուսանկարները՝ Գեւիկ Խաչատրեան