ԻրանՀայաստան - ԱրցախՄշակութային

Դեսպան Յակոբեանը ելոյթով հանդէս է եկել Ֆիրդուսիի մեծարմանը նւիրւած միջոցառմանը

«ԱԼԻՔ» – Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Յակոբեանը պարսկերէն ելոյթով է հանդէս եկել Իրանի ազգային գրադարանում կազմակերպւած պարսից լեզւի եւ Ֆիրդուսիի մեծարմանը նւիրւած միջոցառմանը: Այս մասին տեղեկանում ենք դեսպանութեան ֆէյսբուքեան էջից:

Միջոցառմանը ներկայ են գտնւել նաեւ Իրանի մշակոյթի եւ իսլամական առաջնորդութեան նախարար Աբբաս Սալեհին, Իրանի լեզւի եւ գրականութեան ակադեմիայի նախագահ Ղոլամալի Հադադ Ադելը, Ազգային գրադարանի եւ արխիւի կազմակերպութեան ղեկավար Ղոլամռեզա Ամիրխանին, ԻԻՀ-ում հաւատարմագրւած դեսպաններ, դիւանագէտներ:

ՀՀ դեսպանը նշել է. «Մեծ պատիւ է այսօր ելոյթով հանդէս գալ պարսից լեզւի եւ նրա ամենամեծ ու յաւերժական մարգարէներից մէկի՝ Աբոլղասեմ Ֆիրդուսիի մեծարման միջոցառմանը:

Ի՞նչ է լեզուն։ Մի՞թէ այն պարզապէս հաղորդակցութեան միջոց է, բառերի ու հնչիւնների շղթայ։ Ո՛չ։ Լեզուն ժողովրդի կենսագրութիւնն է՝ գրւած իր իսկ հոգու այբուբենով։ Այն նրա յիշողութիւնն է՝ կերտւած սերնդէսերունդ, նրա փառքը, յաղթանակներն ու վշտերը, նրա երգերն ու աղօթքները։ Լեզուն ժողովրդի ինքնութեան անձնագիրն է, որ չի փոխւում սահմանը հատելիս եւ վաւերանում է ոչ թէ կնիքով, այլ ժամանակով։ Մենք՝ հայերս, ասում ենք, որ լեզուն մեր խիղճն է, մեր տան ծուխը: Իսկ սեփական լեզւի մասին խօսելիս նրան տալիս ենք մայրենի մակդիրը՝ մօր պէս սիրելով ու փայփայելով նրան: Համոզւած եմ՝ այդպէս է նաեւ բոլոր ժողովուրդների ու այստեղ ներկայ իւրաքանչիւրի համար:

Այստեղ չեմ կարող չյիշել 5-րդ դարի հայ մեծանուն պատմիչ Եղիշէի խօսքերը. անդրադառնալով աշխարհի տարբեր լեզուներին՝ նա իւրատիպ բնութագրումներ է տալիս դրանց. «Յունարէնը մեղմ է, հռոմէական լեզուն` հզօր, պարսկերէնը` պերճ, ալաներէնը` գեղեցկազարդ, գոթերէնը` հեգնական, հնդկերէնը` ճռճռան, հայերէնը` քաղցր…»: Եւ այդպիսի պերճութեամբ, հարազատութեամբ ու խորութեամբ է պարսկերէնը ներկայ համաշխարհային քաղաքակրթութեան գանձարանում։ Ուրեմն, թոյլ տւէք, այս օրը կոչել ինչպէս լեզւի, այնպէս էլ ինքնութեան տօն՝ ոչ  միայն իրանցի ժողովրդի, այլ նաեւ բոլորիս համար։

Հայ ժողովուրդն ու մշակոյթը դարեր շարունակ խոնարհ հիացմունքով ու ջերմութեամբ են մօտեցել պարսից լեզւին։ Սայեաթ-Նովայի տաղերից մինչեւ Յովհաննէս Թումանեանի ու Եղիշէ Չարենցի ոճական որոնումները մենք միշտ լսել ենք հարեւան լեզւի հնչիւնային զարկերը։ Մեր երկու մշակոյթները երբեք մեկուսի չեն եղել։ Նրանք հանդիպել են Թաւրիզի քարւանսարաներում, Սպահանի արւեստանոցներում, Թեհրանի հրապարակներում, Շիրազի վարդանոցներում եւ անգամ այս դահլիճի նման սրահներում…»:

Related Articles

Back to top button