Հայաստան - ԱրցախՄշակութային

Ճանաչենք Հայոց աշխարհը

Արջերի քարանձաւ կոչւող այս վայրը գտնւում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արփի գիւղից ուղիղ գծով մօտ 3 կմ. հեռաւորութեան վրայ։ Այն հայկական լեռնաշխարհի ամենամեծ ու ամենագեղեցիկ կարստային քարանձաւներից մէկն է՝ տեղակայւած ծովի մակերեւոյթից 1655 մ. բարձրութեան վրայ։ Քարանձաւը յայտնաբերւել է որսորդների կողմից 1978 թւականին։

Օդերեւութաբանական ուսումնասիրութիւնների համաձայն՝ քարանձաւում միջին ջերմաստիճանը կազմում է 10.2°C։ Քարանձաւի ընդհանուր երկարութիւնը 3500 մետր է, եւ այն երկրի ընդերք է խորանում աւելի քան 700 մ։

Անւանումը կապւած է սրահներից մէկում յայտնաբերւած արջերի ոսկորների հետ։

Քարանձաւը գրեթէ ամբողջութեամբ ձեւաւորւած է կալցիումի կարբոնատից, ինչի արդիւնքում առաջացել են բազմաթիւ ու բազմաձեւ ստալակտիտներ (շթաքարեր) եւ ստալագմիտներ (պտկաքարեր)։

Ամենագեղեցիկ եւ տպաւորիչ ստալակտիտներն ու ստալագմիտները գտնւում են քարանձաւի հարաւային ծայրում։ Հէնց այդ պատճառով էլ արժէ հասնել մինչեւ վերջ։ Քարանձաւի ներսում կան բազմաթիւ հսկայական դահլիճներ, որոնք միմեանց միացւած են նեղ միջանցքներով։ Դրանց միջով անցնել հնարաւոր է միայն սողալով։

Նիւթը տրամադրել է՝ ՍՕՍԷ ԽՈՒԴԱՎԵՐԴԵԱՆԸ

Related Articles

Back to top button