Հինաւուրց Կարմախան գիւղի տարածքը ներկայումս հերկւած է․ պահպանւած չեն անգամ հայերի տնատեղերը

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը գրում է.
«Մինչեւ 1918 թւականը Կարմախանը (Խոյլի) հայաբնակ գիւղ էր Իսմայիլի շրջանում։ Գտնւել է շրջկենտրոնից շուրջ 4 կմ հարաւ: 17–18-րդ դարերում գիւղը ենթարկւել է աւերածութիւնների: Հետագայում գիւղում վերաբնակւել են պարսկահայերը։ Ըստ յայտնի տեղագիր Մակար Բարխուտարեանցի` այդ բնակիչները 1832 թւականին գաղթել են Թեհրանի Լար գիւղից։ Գիւղանւան Խոյլի տարբերակի համաձայն` բնակիչներն այստեղ վերաբնակւել են Խոյ քաղաքից:
1861 թւականին Կարմախանն ունեցել է 36 տուն հայ բնակչութիւն: Մակար Բարխուտարեանցի այցելութեան ժամանակ` 1886 թւականին, գիւղում եղել է 48 տուն հայ բնակչութիւն` 228 բնակիչներով։
1914 թւականին Կարմախանն ամբողջութեամբ եղել է հայաբնակ՝ 242 բնակիչներով: 1915 թւականին գիւղում բնակւել է 47 տուն հայ բնակչութիւն։
Կարմախանն 1918 թւականի ամռանը ենթարկւել է թուրքական զօրքերի եւ տեղի թաթարների յարձակմանը: 1919 թւականին գիւղն ամբողջութեամբ հայաթափւել է։
Ադրբեջանում խորհրդային իշխանութեան հաստատումից յետոյ կոտորածներից մազապուրծ եղած սակաւաթիւ կարմախանցիներ բնակութիւն են հաստատել տարբեր վայրերում:
Կարմախան գիւղում եղել է Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ անունով եկեղեցի, որն աւերւել է 1918–1919 թւականներին: Մ. Բարխուտարեանցի այցելութեան ժամանակ գերեզմանոցում արձանագրւած խաչքարը կրել է հայոց ՊԿԸ (1419) թւականը: Գիւղի վաղեմութեան մասին է վկայել Կարմախանի միջնադարեան գերեզմանոցը։
Մակար Բարխուտարեանցը տեղի գերեզմանոցից ընդօրինակել եւ հրապարակել է պահպանւած չորս առաւել հին տապանաքարերի արձանագրութիւնները, որոնցից առաւել ամբողջական է հետեւեալը.
«Սուրբ Գէորգ փոխեցաւ ի Գոտիշայս (՞) ի Քրիստոս,
Ով որ կարդայ, Աստւած ողորմի»:
Հինաւուրց Կարմախան (Խոյլի) գիւղի տարածքը ներկայումս հերկւած է․ պահպանւած չեն անգամ հայերի տնատեղերը:
Գրականութիւն՝
Բարխուտարեանց Մ., Աղւանից երկիր եւ դրացիք: Արցախ, Երեւան, 1999:
Կարապետեան Ս., Բուն Աղվանքի հայերէն վիմագրերը, Երեւան, 1997:
Կարապետեան Ս., Բուն Աղվանք, մաս 1, Երեւան, 2024, էջ 144–146»։
panorama.am