Ոչնչացնում էին յուշարձանները, վանքերը, հայութեանը՝ ծեծում
Ինչպէ՞ս Նախիջեւանը մնաց առանց հայի

«ԱԼԻՔ» – Նախիջեւանը եղել է Հայոց թագաւորութեան անբաժան մասը։ Հարիւրամեակներ շարունակ՝ մինչեւ 1603-1604 թւականների բռնագաղթը, հայերը կազմել են Նախիջեւանի բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը։
11-րդ դարում Բագրատունիների թագաւորութեան կործանումից երկու տասնամեակ անց Նախիջեւանը գրաւում են սելջուկ-թուրքերը, ապա հայ-վրացական զօրքերը Զաքարեան իշխանների հրամանատարութեամբ ազատագրում են այն։ 1827 թւականին Նախիջեւանը միանում է Ռուսաստանին, իսկ 1921թւականին, անտեսելով Նախիջեւանի բնակչութեան շուրջ 60 տոկոս կազմող հայերի իրաւունքը, նախ՝ Մոսկւայի, ապա՝ Կարսի պայմանագրերով Նախիջեւանը որպէս ինքնավար հանրապետութիւն՝ բռնակցւում է Խորհրդային Ադրբեջանին։
Նախիջեւանը Հայաստանից անջատելու, մշակութային ժառանգութիւնը ոչնչացնելու մասին 168.am-ը զրուցել է հայագէտ, նախիջեւանագէտ Արգամ Այւազեանի հետ։
Հետաքրքրաշարժ այս զրոյցը ներկայացնում ենք ստորեւ:
– Պարո՛ն Այւազեան, շատ քիչ են խօսում Նախիջեւանի մասին․ ե՞րբ, ինչպէ՞ս եւ ինչո՞ւ այն անջատւեց Հայաստանից։
– Այն, թէ ինչպէս Նախիջեւանն անջատւեց Հայաստանից ու տրւեց Ադրբեջանին, բաւականին երկար պատմութիւն ունի։ Այսօր խօսում են, այսպէս կոչւած, «Զանգեզուրիի միջանցք»-ի մասին, ասեմ, որ դա նորութիւն չէ։ Թուրքիան 1890-ական թւականների վերջերից նախատեսել էր հետեւողականօրէն Նախիջեւանով, Հայաստանի տարածքով ճանապարհ ունենալ դէպի այժմեան Ադրբեջանի Հանրապետութիւն։ Այդ ժամանակ, իհարկէ, չստացւեց։ 1905 թւականին Թուրքիան Նախիջեւանում, Շուշիում հրահրեց հայ-թուրքական ջարդեր, որը դարձեալ այդ ճանապարհը բացելու նպատակով էր։ Հիմա նորից իր ազգային ծրագիրը Թուրքիան վեր է հանել ու քննարկման առարկա դարձել։
1920 թւականին Հայաստանը, Ադրբեջանը խորհրդայնացւեցին, Արցախն ու Նախիջեւանը վիճելի տարածք էին համարւում այդ ժամանակ։ Իսկ 1921 թւականին, ռուս-թուրքական դաշնագրով Նախիջեւանը, որպէս ինքնավար մարզ, ընդգրկւեց Ադրբեջանի կազմում, այդ թւում՝ նաեւ Արցախը։
– Որոշումն ապօրինի՞ չէր։
– Իհարկէ, ընդունւել է առանց Հայաստանի մասնակցութեան։ Եւ ահա, այդ ժամանակից ի վեր Նախիջեւանը կտրւեց Հայաստանից։ Խորհրդային տարիներից սկսած մինչեւ օրս, կարելի է ասել, իշխանութիւնները Նախիջեւանի հարցում իրենց ձեռքերը լւացին, ոչինչ չարեցին։ Մինչեւ 1933 թւականը Նախիջեւանը Թուրքիայի հետ պետական սահման չունէր։ Թուրքիան Իրանի հետ տարածք փոխանակեց ու Նախիջեւանի հետ 11 կմ-անոց սահման ունեցաւ։ Նախիջեւանը հետագայում դարձաւ ինքնավար հանրապետութիւն։ Հայաստանի կողմից՝ դարձեալ լռութիւն։ Մինչեւ 1935 թւականը Նախիջեւանի դրօշին գրւած էր Նախիջեւանի Ինքնավար Մարզ՝ ադրբեջաներէն, ռուսերէն եւ հայերէն։ Հայերէնը հանեցին, եւ այդպէս հայկական տարածքը մնաց Ադրբեջանի կազմում։
Հայաստանը, ցաւօք, միշտ գործել է առանց որեւէ ազգային, պետական ծրագրի։ Մինչեւ հիմա այդպէս է։
– Ի՞նչն է պատճառը, որ մենք չենք ուզում ունենալ մեր ազգային ծրագիրը։
– Պատմական խոր արմատներ կան։ Խորենացու «Ողբը» շատ դիպուկ է։ Իշխանական տները, որեւէ տարածքի տէր լինելով, ցանկացել են գրաւել միւսը։ Չարենցն ասում է՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը քո միասնական ուժի մէջ է», ու դա պատահական չէ։ Մենք միասնական չենք եղել երբեք։ Այսօր եւս։ Որտեղ երկու հայ, այնտեղ 3-4 կարծիք։ Տաղանդաւոր լինելը թոյլ չի տւել, որ միասին գործենք։ Այս փոքրիկ տարածքում 127-ից աւելի գրանցւած կուսակցութիւն ունենք…
– Կարո՞ղ ենք ասել, որ Մեծ Թուրանի գաղափարն է ընկած «Թրամփի ճանապարհի» հիմքում։
– Չգիտեմ՝ այդ ճանապարհը կը լինի՞, թէ՞ չէ։ Ժամանակակից աշխարհում մեկուսացւած չենք կարող լինել։ Անհնար է այս զարգացող դարաշրջանում կաղապարւած լինել եւ, միաժամանակ, աշխարհի հետ կարողանալ քայլել։
– Նախիջեւանից հայերը ե՞րբ դուրս եկան։
– 1918-20թթ․ հայութեան զգալի մասը եկել էր ՀՀ, մեծ մասը՝ Վրաստան։ 1926 թւականին հազարաւոր հայեր դիմել էին Մոսկւային, որպէսզի թոյլատրեն վերադառնալ հայրենիք՝ Նախիջեւան։ Նոյնիսկ Վրաստանից գնացքով եկել էին, որպէսզի մեկնեն։ Ցաւօք, այդ ժամանակ Հայաստանն էլ, ինչպէս հարկն էր՝ տէր չկանգնեց։ Ադրբեջանը հասաւ նրան, որ պետականօրէն որոշում ընդունեց այն մասին, որ Նախիջեւանի տարածքում հողաբաժանում է իրականացւել, եւ հողատարածք չկայ, որ եկողներին տրամադրի, եւ 20-30 հազար հայ չկարողացաւ վերադառնալ։ Մնացին նրանք, ովքեր այնտեղ էին։
Կային սահմանային բնակավայրեր, եւ Ադրբեջանը հասաւ նրան, որ Նախիջեւանի ողջ տարածքը յայտարարւեց պետական սահմանային գօտի եւ այդտեղ ելքն ու մուտքն արգելւած էր, եթէ այնտեղի գրանցում չունէիր։ Եթէ անգամ ծնւել էիր Նախիջեւանում, բայց եկել էիր Երեւան, չէիր կարող վերադառնալ։ Պէտք է ադրբեջանական իշխանութեան թոյլտւութիւնն ունենայիր՝ այսօրւայ վիզան։
– Ծնւել էք Նախիջեւանում, քանի՞ տարի էք ապրել այնտեղ։
– Ծնւել եմ Նախիջեւանում, դպրոցն աւարտել եմ 1964 թւականին, դրանից յետոյ տեղափոխւել եմ Երեւան՝ ուսման նպատակով։ 6-րդ դասարանի աշակերտ էի, թղթակցում էի Բաքւի հայերի «Կոմունիստ» թերթին, Նախիջեւանի ռադիոյի հայկական բաժնին։ Նպատակս էր՝ լրագրող դառնալ, բարեբախտաբար չստացւեց։ ԵՊՀ-ում «Ժուռնալիստիկայի» բաժին ընդունւելու համար շարադրութիւնից 5 էի ստացել, հայերէնից ու պատմութիւնից՝ 4, մի 3 էր պէտք, որ ընդունւէի։ Օտար լեզւից՝ գերմաներէնից, քննութիւն պէտք է յանձնէի, ոչինչ չգիտէի, ինչքան խնդրեցի՝ 3 նշանակեն, որ ընդունւեմ՝ չնշանակեցին։ Գնացի բանակ, եկայ, աւարտեցի Մանկավարժականի Կուլտուրայի ֆակուլտետը։ Յետոյ ԳԱԱ-ում որոշեցին ինձ համար մասնագէտ գտնել, որ պարապեմ, դասախօսի հասցէն տւեցին, գնացի եւ ի՞նչ էք կարծում, ով էր… դասախօսը, ով ինձ 3 չէր նշանակել։ Ասաց՝ ինչքան եմ մտածել քո մասին, քեզանից յետոյ այնքան են խնդրել՝ 2 ստացածների գնահատականները 4, 5 եմ դարձրել, բայց միշտ մտածում էի՝ Նախիջեւանից եկած տղային մի 3-ն ի՞նչ էր, չնշանակեցի։ Ես նեղացած էի, ու չշարունակեցի պարապել։ Լաւ եղաւ, այլապէս Նախիջեւանի խնդրով չէի զբաղւի եւ հսկայածաւալ աշխատանքը՝ նախիջեւանեան մշակոյթը, նիւթական ժառանգութիւնը կը մնար։ Ի դէպ, ԽՍՀՄ տարիներին ոչ մի յօդւած չտպագրւեց, գիտնականները «ձեռք էին քաշել»։
– Այսինքն, գիտնականներն ազատամիտ չեն եղել, վախեցել են։
– Դէ չգիտեմ։ Ադրբեջանը միշտ արհեստական դժւարութիւններ էր առաջ բերում։ Գուցէ պատճառն այն էր, որ դժւար էր նիւթական ժառանգութիւնն ուսումնասիրել, որովհետեւ պատմութիւն չէ, որ նստես, շարադրես։ Պէտք է տեղում լինես, նկարես, չափագրես։ Իսկ այդ ամէնն անելը Նախիջեւանի տարածքում գրեթէ բացառւած էր, որովհետեւ հէնց գնում էիր, 2 րոպէ յետոյ հաւաքւում էին, հարցնում, թէ ո՞վ ես, ի՞նչ ես անում։ Էլ չեմ ասում, որ եթէ լուսանկարչական տեսախցիկ ունենայիր… Զանգում էին ոստիկանութիւն։ Հազար նման փորձանքների միջով եմ անցել։ Բարեբախտաբար, յաջողւել է մինչեւ 1960-ական թւականները գետնի երեսին եղած նիւթական ժառանգութիւնը՝ եկեղեցիներ, կամուրջներ, բերդեր, գերեզմանատներ, վիմագրեր, 98 տոկոսով չափագրել, լուսանկարել։ Երկու անգամ ձերբակալել են ու նկարահանածը ջնջել։ Հետագայում, ցաւօք, հնարաւորութիւն չեղաւ եղածը փաստագրել։ Վանդալիզմն Ադրբեջանը կատարեց 1998 թւականից յետոյ։ Մինչ այդ հայկական յուշարձաններից մօտ 20-ը, աւերակի էր վերածւել։ 1998 թւականից յետոյ հայկական բոլոր վանքերն աւերեց, պայթեցրեց։ Նոյնը՝ գերեզմանատները։ 2005 թւականին հիմնայատակ աւերւեց ամէնը։ Թաւրիզի թեմի առաջնորդը 1,5 ժամ լուսանկարել էր այդ վայրագութիւնները, ու ձեռքիս տակ ունեմ, թէ ինչպէս են ադրբեջանցի զինւորները՝ մօտաւորապէս 80-100 հոգի, 4500-ից աւելի խաչքարերը մասնատում, լցնում բեռնատարն ու բեռնաթափում Արաքս գետում։ Առ այսօր Հայաստանը Ադրբեջանին պետականօրէն դատի տալու, միջազգայնօրէն պարսաւանքի ենթարկելու քայլեր չի ձեռնարկել այդ վանդալիզմի համար։
– Երբ Ձեզ ձերբակալել էին, ի՞նչ էիք նկարել։
– Առաջին անգամ որ ինձ ձերբակալեցին՝ 1964-65թթ․ էր։ Եկեղեցի, գերեզմանատուն էի նկարել Նորս գիւղում։ Եկան, ինձ տարան շրջկենտրոն։ Ոստիկանապետը հարցրեց, թէ ի՞նչ եմ գողացել, ասացին, թէ ոչինչ, եկեղեցին էր նկարում գիւղում։ Այդ մարդը՝ Նախիջեւանի պետանվտանգութեան նախարարի տեղակալը, Հէյդար Ալիեւն էր։ Վերցրեց լուսանկարչական ապարատը, ժապաւէնը գցեց մի կողմ։ Հարցրեց՝ ուրիշ մարդի՞կ են ինձ ուղարկել, թէ՞ ես եմ նկարել, պատասխանեցի, որ ես, բաց թողեցին։ Ասաց՝ յիշի՛ր, որ այստեղ հայկական ոչինչ չկայ։ Ես հասկացայ, որ այն, ինչով պէտք է զբաղւեմ՝ հեշտ չէ։ Նկարելու ժամանակ իրար մօտ գտնւող գիւղերը չէի գնում, այլ հեռու, որ չհասկանային։ Մի 15,000 կմ ոտքով քայլել եմ։
– Նախիջեւանում Նոյի դամբարա՞ն է եղել։
– Այո, կայ նման բան։ Ջրհեղեղից յետոյ առաջին իջեւանած տեղը նախ Իջեւանն է։ Նոյ նահապետն այդտեղ է իջել։ Նախիջեւանի հայկական գերեզմանատան հատւածում 12-13-րդ դարով թւագրւող Նոյի դամբարանը կար, որը 1930-ական թւականներին արդէն աւերւած էր։ Մօտ 10 տարի առաջ Ադրբեջանն այդ տարածքում մուսուլմանական ոճով դամբարան կառուցեց Նոյի անւամբ, ու թանգարանի են վերածել։
Այսօր Նախիջեւանի տարածքում հայկական ոչ մի հետք գոյութիւն չունի։
– Նախիջեւանահայութիւնը խելօք-խելօք դո՞ւրս է եկել։
– Ո՛չ։ Հայութեան զգալի մասը դուրս եկաւ Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ։ Երիտասարդութեան մի մասը զոհւեց պատերազմում, միւս մասը վերադարձաւ։ Խորհրդային իշխանութիւնը 1960-70-ական թւականներին որոշում ունէր բուհն աւարտած երիտասարդներին՝ գիւղատնտեսութեան, մանկավարժութեան, բժշկութեան բնագաւառում ապահովել աշխատանքով։ Նախիջեւանի տարածքում դա եւս իրագործեց Ադրբեջանը։ Գիւղ էին ուղարկում գիւղատնտեսի, յետոյ նրա ընտանիքն էր գնում, եւ այդպէս շարունակ։ Նրանք 6-10 երեխայ էին ունենում ու մի քանի տարի յետոյ դպրոց էին բացում։ Ցաւօք, հայերը հովիւ չէին աշխատում՝ գիւղացիների անասուններին արածացնելու տանելու համար։ Ադրբեջանցիներն ընտանիքներով գալիս էին։ Եայլաներում տուն էին սարքում, դարձնում անկլաւ։ Ծրագրւած դա կատարւում էր։
– Այսինքն, հողին տէր չլինելը գենետիկ է։
– Հայրենասիրութիւնն այսօր էլ կայ, սակայն բացակայում է մեր միասնութիւնը՝ տէր կանգնել մեր հող ու ջրին։
Այն ժամանակ ասւում էր, որ Խորհրդային իշխանութիւնը չի թոյլատրում, որ հայութիւնը գնայ, բնակւի Հայաստանում։ Ճիշտ է, սակայն ԽՍՀՄ-ը վերացաւ, ճանապարհները բաց են, քանի՞սն են եկել Հայաստանում բնակւելու։
– Որպէս նախիջեւանցի՝ ցանկութիւն ունեցե՞լ էք վերադառնալ այնտեղ։
– Այլ է Արցախի հարցը, այլ՝ Նախիջեւանի։ Արցախի բնակչութեան 95 տոկոսը հայեր էին, Նախիջեւանում այդպէս չէր։ Նախիջեւանի բնակչութիւնն աստիճանաբար նւազեց եւ մինչեւ 80-ական թւականները հայերը 2-3 տոկոս էին կազմում։ Պետական լեզուն ադրբեջաներէնն էր։ Եթէ պետական որեւէ հիմնարկում պէտք է աշխատէիր, անպայման ադրբեջաներէնին պէտք է տիրապետէիր, իսկ հայ մարդը չունէր այդ կրթութիւնը։ Դպրոցն աւարտելուց յետոյ երիտասարդութեան միակ ճանապարհը Հայաստան գալն էր, ուսումը շարունակելը, ու մնում էին այստեղ։ Այդպէս, աստիճանաբար, դատարկւեց Նախիջեւանը, դպրոցները փակւեցին, մնացին ծերերը։ Ադրբեջանցիները մուտք գործեցին հայկական գիւղեր, դարձաւ խառը բնակչութիւն։ Հայութիւնն այնտեղ կշիռ չունէր։
Հայութեանը վիրաւորում էին, ծեծում, բայց փաստեմ, որ Բաքւի ջարդերի նման Նախիջեւանում չի եղել։ 2-3 սպանութիւն է եղել ադրբեջանցիների կողմից։ Յետոյ ժամանակ են տւել գիւղացիներին՝ 2-3 օր, որ տեղափոխւեն։
Զարմանալի էր մեր հայ իշխանաւորների, պետական կառոյցների միամտութիւնը․ 1988-89 թթ․ Մոսկւան յատուկ որոշում ընդունեց, Հայաստանից տեղափոխւած ադրբեջանցիների համար վճարում էր կատարում Հայաստանի պետութիւնը, Ադրբեջանից տեղափոխւածների համար՝ Ադրբեջանը։ Հայաստանը սրբօրէն կատարեց, փոխանցումն անմիջապէս արեց, բայց Ադրբեջանը ոչ մի կոպեկ չփոխյատուցեց։
– Որպէս նախիջեւանագէտ՝ Ձեր առաքելութիւնը կատարւած համարո՞ւմ էք։
– Ես զարմանում եմ, թէ ինչպէ՞ս ստացւեց, որ կարողացայ այս աշխատանքներն իրականացնել։ Մէկ տարի չէ, 10 չէ․․․ բոլորը կատարել եմ իմ անձնական միջոցներով, իմ ընտանիքի ֆինանսների հաշւին։ Հայաստանի պետական կառոյցները, ակադեմիական ինստիտուտները ոչ մի կոպեկով չեն ֆինանսաւորել։
Շատ դժւար է եղել, բայց այսօր այդ դժւարութիւնները միայն յիշողութիւն են դարձել։ Մի անգամ հարցրեցին, թէ ինչի՞ց եմ վախենում, ասացի, որ ոչնչից չեմ վախենում, միայն մէկ բանից․ Աստւած չանի՝ այնպիսի վիճակ լինի, որ չկարողանամ իմ սիրած աշխատանքով զբաղւել։
Զրոյցը՝ ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԻ