Դեսպան Սոբհանիի ուղերձը հայ մանուկներին. «Երբեք թոյլ մի՛ տւէք, որ պարտւելու վախը խանգարի ձեզ խաղալ ու առաջ մղւել»
«ԱԼԻՔ» – Երեխաների պաշտպանութեան միջազգային օրւայ կապակցութեամբ, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին ուղերձ է յղել հայ երեխաներին:
Ուղերձում մասնաւորապէս նշւած է.
«Յանուն բարեգութ Աստծոյ.
Սիրելի՛ մանուկներ եւ պատանիներ,
Շատ ուրախ եմ, որ այս մի քանի տողով կարող եմ զրուցել ձեզ հետ։ Դուք ինձ համար մաքուր, հետաքրքրասէր, դրական մտածող, կենսախինդ էակներ էք, մի խօսքով՝ այն, ինչի մասին երազում են մեծերը։ Մարդկային ոգին թարմանում է ձեզ հետ լինելով: Միայն երեխաներն են անկեղծօրէն ասում ողջ ճշմարտութիւնը: Ամէն անգամ, երբ տեսնում եմ ձեզ, սովորում եմ առանց պատճառի ուրախանալ: Սովորում եմ զբաղւել ինչ-որ բանով, թէկուզ՝ աննշան, եւ հասկանում եմ, թէ ինչպէս ամբողջ ուժով պահանջել այն, ինչ ուզում եմ։
Դուք կարեկցանքի, բարութեան, սիրոյ, առատաձեռնութեան, գթասրտութեան եւ ազնւութեան գանձեր էք: Ինձ համար չկայ աւելի գեղեցիկ պատկեր, քան իմ ժպտացող թոռներն ու նրանց աչքերում փայլող ուրախութիւնն է։ Ինձ համար ամենագեղեցիկ մեղեդին մանկահասակ թոռներիս անուշ ծիծաղն է:
Բուրաւէ՛տ ծաղիկներ, աշխարհի ապագան դո՛ւք էք կերտում: Հաւատացէ՜ք ինքներդ ձեզ, դուք աւելի համարձակ էք, աւելի տաղանդաւոր եւ աւելի ընդունակ, քան կարծում էք: Ձեր տաղանդը Աստծոյ պարգեւն է ձեզ: Այն, ինչ դուք անում էք ձեր տաղանդի միջոցով, ձեր պարգեւն է ձեր հօրը, մօրը, ուսուցչին եւ ձեր երկրի ժողովրդին:
Ձեզ են սպասում առաջընթացի բարձունքները: Երբեք թոյլ մի՛ տւէք, որ պարտւելու վախը խանգարի ձեզ խաղալ ու առաջ մղւել: Լուսաւորէ՜ք ձեր ծնողների սրտերը, սիրէ՛ք ձեր հայրենիքը: Սիրէ՜ք ձեր ընկերոջը անվերապահօրէն: Երազէ՜ք:
Դուք կարող էք ապագայ աշխարհը դարձնել լուսաւոր: Հեքիաթներ կարդացէք, աւելի շատ հեքիաթներ կարդացէք, եւ սիրով ձեռք-ձեռքի տւած աւելի լաւ վաղւայ օրւա յոյսով ձեր երկի՛րը շենացրէք:
Ցանկանում եմ, որ դուք այնքան ծիծաղէք, որ չիմանաք, թէ ինչ է տխրութիւնը:
Կեցցէ՛ Հայաստանը
Կեցցէ՛ Իրանը»: