Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Վիտալի Մանգասարեան. «Նախիջեւանեան ուղղութիւնն այս փուլում ադրբեջանական կողմի համար ամենակարեւոր եւ գերակայ ուղղութիւն է. հակառակորդը փորձելու է այդ ուղղութեամբ եւս հասնել որոշակի յաջողութիւնների»

Վերջին շրջանում ադրբեջանական ապատեղեկատւութիւնների մէջ քիչ չեն Նախիջեւանի ուղղութեամբ Հայաստանին հրադադարի խախտման համար մեղադրանքները:

168.am-ը «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագէտ Վիտալի Մանգասարեանի հետ զրոյցում փորձել է պարզել Նախիջեւանի կարեւորութիւնն Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, եւ արդեօ՞ք այս ուղղութեամբ հնարաւոր են ռազմական սադրանքներ, եւ ոչ միայն:

«Նախիջեւանեան ուղղութիւնն այս փուլում, կարելի է ասել, որ ադրբեջանական կողմի համար ամենակարեւոր եւ գերակայ ուղղութիւն է։ Եթէ ամիսներ առաջ Տաւուշի ուղղութիւնն էլ էր նրանց համար կարեւոր եւ առաջնային, ապա հիմա, երբ հայկական կողմն այդ ուղղութեամբ իրականացրել է Ադրբեջանի պահանջը եւ յանձնել ռազմավարական կարեւոր նշանակութեան հատւածները, ու, ըստ էութեան, այդ հատւածում կազմաքանդել անվտանգային ողջ ճարտարապետութիւնը, Ադրբեջանի համար նախիջեւանեան ուղղութիւնը դարձել է միակը:

Բնականաբար, հակառակորդը փորձելու է այդ ուղղութեամբ եւս հասնել որոշակի յաջողութիւնների, յատկապէս այն պարագայում, երբ Հայաստանից տարբեր առիթներով հնչում են յայտարարութիւններ, որ պաշտօնական Երեւանը պատրաստ է ադրբեջանցիներին յանձնել Տիգրանաշէն բնակավայրը, որն աշխարհագրօրէն տեղակայւած է հէնց այդ հատւածներում։

Ադրբեջանական ապատեղեկատւութիւնների նպատակն էլ այն է, որ պարարտ հող նախապատրաստեն անհրաժեշտութեան դէպքում այդ խնդիրն ուժային ճանապարհով լուծելու համար։ Եթէ մենք հասկանում եւ գիտակցում ենք, թէ կարճաժամկէտ եւ երկարաժամկէտ կտրւածքով որոնք են Ադրբեջանի ռազմավարական նպատակները, ապա պէտք է հասկանանք, որ թշնամու համար հարւածի հիմնական ուղղութիւնը մնացել է միայն նախիջեւանեան ուղղութիւնը»,- նշել է փորձագէտը:

– Այսինքն, Տաւուշի միւս գիւղերի եւ Տիգրանաշէնի հարցի շուրջ քննարկումները չե՞նք կարող սառեցւած կամ պասիւ համարել:

– Տաւուշի գիւղերի շուրջ թեման ադրբեջանական կողմին մեծամասամբ յաջողւել է լուծել, եւ, իմ կարծիքով, նրանց յաջորդ քայլը լինելու է՝ նոյնն իրականացնել նաեւ Տիգրանաշէնի մասով, ինչի առնւազն քարոզչական նախապատրաստական աշխատանքները նրանք մեծ թափով իրականացնում են։

– Չմոռանանք, որ Բաքւում կայանալիք COP29-ից յետոյ ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնն է անգամ հնարաւոր համարել Ադրբեջանի կողմից ռազմական սադրանքը:

– Այն, որ ադրբեջանական կողմն ինտենսիւ պատրաստւում է յաջորդ մարտական գործողութիւններին, դա ակնյայտ երեւում է թէ՛ իրենց վարած քաղաքականութիւնից, թէ՛ յայտարարութիւններից, թէ՛ տարեկան մի քանի տասնեակ զօրախաղերի սցենարներից։ Կարծում եմ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը, բացի կանխատեսումներից, պէտք է նաեւ առաջարկի՝ այդ ամէնին ինչպէս պէտք է դիմակայենք։ Հակառակ դէպքում՝ ԱԳՆ-ն նմանւում է եղանակի կանխատեսման կազմակերպութեան, ով միայն տեղեակ է պահում սպասւող ցունամիների մասին, եւ ոչ մի խօսք չի ասում այդ ամէնին դիմակայելու մասով։

– Զօրավարժութիւններից խօսեցիք, մօտ մէկ շաբաթ առաջ Վրաստանում կայացել էր Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանութեան նախարարների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում որոշւել է համատեղ զօրավարժութիւնների թիւն աւելացնել, սա ի՞նչ ռիսկ է ենթադրում ՀՀ-ի համար:

– Ցաւօք սրտի, ադրբեջանական կողմը, ի տարբերութիւն մեզ, շատ լաւ է հասկանում զօրավարժութիւնների կարեւորութիւնը, եւ դրա միջոցով է նաեւ աւելի մեծ թափով փորձում բարձրացնել իր անձնակազմի պատրաստութեան աստիճանը, եւ, ընդհանուր առմամբ, զինւած ուժերի կարողութիւնները։ Իսկ որքան մեծանում են նրանց ռազմական կարողութիւնները, այդքան մեծանում է ռիսկը, որ այն յարմար պահի ուղղւած կը լինի մեր դէմ։ Բացի դրանից, ցանկացած երկրի հետ անցկացւող զօրախաղերն ունեն նաեւ դիւանագիտական բաղադրիչ։ Նման միջոցառումների շնորհիւ ամրապնդւում են այդ երկրների միջեւ յարաբերութիւնները, ինչը պակաս կարեւոր չէ։

– Դուք յետեւում էք, թերեւս, պատերազմական տարբեր գործողութիւնների ընթացքին, այսօր ի՞նչ տեսակ պատերազմների հետ գործ ունենք: Ի դէպ, այսօրւայ անվտանգային մարտահրաւէրները դիրքային ի՞նչ պատկեր են պահանջում, ՀՀ-ն աւտոմատացւած կառավարման համակարգ պէ՞տք է ունենայ, կամ՝ առաջնագիծ, եթէ այո, ի՞նչ կահաւորմամբ:

– Մերօրեայ իրականութեան մէջ, երբ նորարարական տեխնոլոգիաներն արագ տեմպերով զարգանում են, բնականաբար, զարգանում եւ նորարարական լուծումներ են ստանում նաեւ զէնքի, զինամթերքի եւ յատկապէս՝ կառավարման համակարգերը։

Հայաստանում ՏՏ մասնագէտների բաւականին մեծ ռեսուրս կայ, եւ ճիշտ համակարգման դէպքում շատ կարճ ժամանակում հնարաւոր է այնպիսի լուծումներ ստանալ, որոնք մեզ անհրաժեշտ են։ Սակայն այդ ամէնը համալիր լուծում է պահանջում, միայն այս կամ այն ապրանքն արտադրելը շատ քիչ է, անհրաժեշտ են մեխանիզմներ, որ այդ արտադրւած պայմանական ԱԹՍ-ն շատ արագ ինտեգրւի մեր ԶՈՒ, պատրաստւեն համապատասխան մասնագէտներ, որոնք պէտք է մարտական պայմաններում շահագործեն այդ ամէնը։ Պէտք է անցկացւեն տարաբնոյթ զորավարժութիւններ, որպէսզի նաեւ պահեստազօրայինները տիրապետեն այդ տեխնոլոգիաներին։ Կարճ ասած՝ խնդիրը համապարփակ լուծում պէտք է ստանայ, ոչ թէ տեղային, այս կամ այն չափի, կամ կիսատ, ինչպէս շատ յաճախ, ցաւօք սրտի, տեղի է ունենում։

Իմիջիայլոց, Նիկոլ Փաշինեանն ամիսներ առաջ իր հարցազրոյցներից մէկում ասաց, որ համապարփակ պաշտպանութեան վերաբերեալ կոնցեպտը ՀՀ ԱԽ-ում ընդունւել է, սակայն մինչ այսօր ոչ մի տեղեկատւութիւն չկայ, թէ այդ ուղղութեամբ կոնկրետ ի՞նչ քայլեր են իրականացւում կամ իրականացւել։

Ինչ վերաբերում է մարտական դիրքերի կահաւորմանը եւ յագեցւածութեանը, ապա միանշանակ է, որ նորարարական լուծումներն այստեղ նոյնպէս պէտք է հաշւի առնել եւ խրամատում գտնւող զինւորի կեանքի տեւողութիւնը մեծացնել։

Պատերազմների հետ կապւած նշեմ, որ մի առիթով ասել եմ ձեզ, շատերին թւում է, թէ մարտական գործողութիւնները, հնարաւոր է՝ լինեն միայն առաջնագծում, մինչդեռ մերօրեայ իրականութեան մէջ բազմաթիւ են նախադէպերը, երբ հակամարտող կողմերը ռազմական թիրախներ եւ ենթակառուցւածքներ են խոցում հէնց հակառակորդի թիկունքում:

– Հայաստանը փորձում է ունենալ 155 մմ տրամաչափի հրետանային միջոցներ Հնդկաստանի, Ֆրանսիայի միջոցով, Ադրբեջանն այս ուղղութեամբ վաղուց է աշխատանք տանում եւ իր զինանոցում ունի տարբեր երկրների ՆԱՏՕ-ական տրամաչափի հրետանային միջոցներ, ՀՀ-ն կարո՞ղ է զուտ այս առումով հաւասարակշռութիւն ապահովել:

– Բացի նրանից, որ ադրբեջանական կողմն ուշադիր յետեւում է մեր ԶՈՒ մատակարարումների տեսակին, քանակին եւ որակին, փորձելով իր հետագայ գնումների պլանում այդ ամէն ինչը հաշւի առնել, զուգահեռ՝ նաեւ մեծ ծաւալի աշխատանք է տանում դիւանագիտական եւ քարոզչական ճակատներում, որպէսզի հնարաւորինս խոչընդոտի հայկական կողմի մատակարարումները:

Այլ հարց է՝ մենք ինչ քայլեր ենք ձեռնարկում, որ կարողանանք արժանապատիւ դիմակայել բոլոր այդ ճնշումներին։ Յարաբերութիւնները թէ՛ Հնդկաստանի, թէ՛ Ֆրանսիայի հետ չափազանց կարեւոր են, սակայն, իմ գնահատմամբ, առաւել կարեւոր եւ արժէքաւոր են Իրանի հետ յարաբերութիւնները։ Առնւազն այլ երկրներից զէնք եւ զէնք-զինամթերք ներկրելու լոգիստիկայի մէջ Իրանի դերը չափազանց մեծ է, եւ յատկապէս այս փուլում, երբ Հայաստանի եւ Իրանի պետական շահերն այսքան շատ հատման կէտեր ունեն, ուստի հնարաւորինս արագ տեմպով պէտք է խորացնել յարաբերութիւնները մեր հարեւան երկրի հետ:

– Նիկոլ Փաշինեանը, ով անվտանգութեան ապահովման հարցում բանակի գործօնը չորրորդական է համարել կամ ոչ առաջնային, օրերս յայտարարել է, թէ մենք պիտի լինենք մեր անվտանգութեան երաշխաւորը, չնայած սրա տակ նա ամենայն հաւանականութեամբ այլ բան նկատի ունի, օրինակ, Ադրբեջանի հետ երկկողմ ձեւաչափով բանակցութիւններ:

– Ես չգիտեմ, թէ Նիկոլ Փաշինեանը կոնկրետ ի՞նչ նկատի ունի, սակայն բանակը ու, ընդհանուր առմամբ, մեր անվտանգութիւնը թէկուզ երկրորդ հորիզոնականում դասելը, իմ գնահատմամբ, յանցագործութիւն է, էլ չեմ խօսում առաւել հետին տեղերում դիտարկելը: Մերօրեայ իրականութեան մէջ այլ ոլորտների համեմատ բանակը պէտք է մրցակցութիւնից դուրս լինի եւ միշտ առաջին հորիզոնականում դիտարկւի, այլ տարբերակ ուղղակի գոյութիւն չունի։

– Այստեղ հարկ է յաւելել, որ Նիկոլ Փաշինեանն ինքն է որոշել, որ ՀՀ այս կամ այն սահմանային հատւածում պէտք է տեղակայւէին ռուս սահմանապահներ, որոնց յետոյ հեռացրեցին, եւ ոչինչ, որ յետոյ ՌԴ-ին մեղադրեցին դաշնակցային պարտականութիւնները չկատարելու մէջ: Վերջին շրջանում ՌԴ-ի ուղղութեամբ ՀՀ իշխանութիւնների քայլերն ու յայտարարութիւնները փոխւել են, կարո՞ղ ենք ակնկալել, որ կը վերականգնւեն նաեւ ՀՀ-ՌԴ պաշտպանական շփումները, որոնց դինամիկան կտրուկ նւազել էր։

– Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ յարաբերութիւնների անիմաստ վատթարացնելուց յետոյ տպաւորութիւն կարող է ստեղծւել, որ հայկական կողմը փորձում է վերականգնել այդ յարաբերութիւնները։ Սակայն հարց է առաջանում՝ ի՞նչ տւեց մեզ այդ յարաբերութիւնների վնասումը, ի՞նչ շահեցինք մենք դրանից։

Ցանկացած երկրի ղեկավար, ով մտածում է իր երկրի շահերի մասին, միշտ փորձում է լաւացնել յարաբերութիւններն այս կամ այն երկրների հետ, որպէսզի աւելորդ թշնամիներ ձեռք չբերի։ Այս կոնտեքստում ուզում եմ նաեւ նշել, որ ցանկացած բան քանդելը միշտ աւելի հեշտ է, քան կառուցելը։ Հիմա եթէ յարաբերութիւնները համարում ենք քանդւած, ապա այն վերականգնելը երկարատեւ եւ բարդ գործ է լինելու, կամ համապատասխան գին է արժենալու։

Զրոյցը՝ ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ

Related Articles

Back to top button