Վահրամ Տէր-Մատթէոսեան. «Պէտք է ձեւաւորել ազգային-պահպանողական արժէքների վրայ հիմնւած քաղաքական օրակարգ. ազգերը չեն կարող ապրել առանց մեծ երազանքների»
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր պատմական գիտութիւնների դոկտոր, թուրքագէտ Վահրամ Տէր-Մատթէոսեանին։
Հարցազրոյցի հիմնական թեզերը՝ ստորեւ.
– Թուրքիան թէզերի շատ աւելի տրամաբանւած գործիքակազմ ունի, քան Ադրբեջանը։ Երբ ամէնը վերլուծում ենք, հասկանում ենք՝ եթէ Հայաստանում մինչեւ 2018 թ. Կարսի պայմանագրի թէզը չէր էլ քննարկւում, այն դուրս էր պետական համակարգի հետաքրքրութեան տիրոյթից, քննարկումներից, ապա հիմա իրավիճակն այլ է։ Փորձագէտներն ասում են, որ մինչեւ 2018-ը Կարսի թեման քննարկումներից դուրս թողնելը հայկական դիւանագիտութեան ձեռքբերումներից էր։ Թուրքիան կը շարունակի յղում տալ Կարսի պայմանագրին։ Սակայն ինձ լսելի է դարձել, որ ՀՀ իշխանութիւնների շարքերում, պետական շրջանակներում այն մտայնութիւնը կայ, որ եթէ Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման ճանապարհով ենք գնում, ապա Կարսի պայմանագիրը Թուրքիայի հետ սահմանը բացելու միակ իրաւապայմանագրային հէնքն է։ 6 տարի առաջ ես կասէի, որ բացառւում է նման բան, հիմա՝ ոչ։
– Այնպիսի վիթխարի խորհրդանշական առանցք հայ ազգի համար, որ ունի Արարատը, ոչ մի փաստաթղթով ու յայտարարութեամբ հնարաւոր չէ ջնջել։ Սիսը, Մասիսը, Արարատը մեր ազգի ինքնութեան խորհրդանիշն են։
– Շատ աւելի վտանգաւոր է այն, թէ ինչպէս են այդ պրօթուրքական, պրօադրբեջանական կեղծ թէզերը ձեւաւորւում հայ հասարակութեան մէջ։ Որովհետեւ, ցաւօք սրտի, մեզանում յայտնւում է մարդկանց խումբ, որը սկսում է հաւատալ դրանց։ Ադրբեջանական թէզերը ներթափանցում են հայ հասարակութեան մէջ։ Մասնագիտական մեր թիմին խնդրեցին հետազօտութիւն կատարել այդ առումով։ Արդիւնքներն այնպիսին էին, որ դրանք նախընտրեցին չհրապարակել։ Ինֆորմացիոն ասպատակութիւններին, որ Թուրքիան ու Ադրբեջանն անում են Հայաստանում, հայ հասարակութիւնը պատրաստ չէ։ Եւ ցաւալին այն է, որ Թուրքիայում եւ Ադրբեջանում ծնւած թէզերը շրջանառութեան մէջ են դրւում Հայաստանում հիմնականում պետական խողովակների միջոցով։
– Եթէ հիմա հայ-թուրքական սահմանի սահմանազատում էլ լինի, պետական ռեսուրսները չեն դիմանայ։ Կարեւոր է, որ դրանք զուգահեռ պրոցեսներ լինեն։ Հայ-թուրքական սահմանը որոշ հատւածներում խնդրայարոյց է, վերջին տարիներին աւելի խնդրայարոյց է դարձել։ Ապօրինի աւազահանում է կատարւել, որոշ դէպքերում՝ գետերի հուները փոխւել են, ու դա խնդիր է։ Այնպէս որ, ռազմավարական դադարն այն կարեւոր ձեռքբերումը կը լինի, եթէ գործը հասնի հայ-թուրքական սահմանի սահմանազատմանը։ Եթէ կադաստրի թղթի մասին են խօսում, դա մի պետութեան խնդիրը չէ։
– Մենք գործ ունենք զուգակցւած 2 պետական համակարգերի հետ, որոնք գործում են հետեւեալ 5 սկզբունքների համաձայն: Առաջինը, որ ՀՀ նկատմամբ ընկած վրէժի քաղաքականութեան կամ պատասխան հարւածի դէպքում պէտք է ընկած լինի անհամաչափութիւնը: Այն, ինչ արւել է մեր նկատմամբ ու շարունակում է արւել, լինելու է շատ ցաւոտ։ Յաջորդ կէտը խորհրդանիշների դէմ պայքարն է։ Միւսը որեւէ ծախսերի դէմ կանգ չառնելն է: Երբ նայում ենք՝ յատկապէս առաջին 4 տարիների ընթացքում Ադրբեջանն ինչ ծախսեր է արել Արցախում եւ Արցախի շրջակայ հատւածներում, տեսնում ենք, որ գործ ունենք վրէժի քաղաքականութեան դրսեւորումներից մէկի հետ:
– Այն մտավարժանքը, որ կայ հայութեան մի մասի մօտ, որ եթէ Խաղաղութեան պայմանագիրը ստորագրւի, պատերազմը կաւարտւի, այդպէս չի լինելու։ Խաղաղութիւնն իրադարձութիւն չէ, դա գործընթաց է։ Խաղաղութեան պայմանագրից գերակնկալիք ունենալը եւս մէկ ծայրայեղութիւն է, որից պէտք է հրաժարւենք։
– Ադրբեջանի պետութեան ստեղծման հիմքում դրւած սահմանադրական փաստաթղթերը շատ աւելի խոցելի են, քան մեր Սահմանադրութեան մէջ եղած վիճարկելի դրոյթները։ Այս թէզերը պէտք է դնել շրջանառութեան մէջ։ Այո՛, Ադրբեջանը կը յայտարարի, որ Հայաստանում իրենց Սահմանադրութիւնը սխալ են մեկնաբանում, բայց մեր հասարակութեան մէջ պէտք է ներդրւեն այդ քննարկումները, թէզերը։ Մեր Սահմանադրութեան նկատմամբ Ադրբեջանի պահանջներն անհիմն են ու միջամտութիւն Հայաստանի ներքին գործերին։
– Խաղաղութեան խաչմերուկի պրեզենտացիա անողներին իմ համեստ յորդորն է՝ մի՛ արէք նման բաներ։ 21-րդ դարում ոչ ոք նման սլայդներով պրեզենտացիա չի անում։ Երկրի վարչապետին չպէտք է տրւեն նման բաներ՝ անհասկանալի, ծաւալուն սլայդներ։ Նոյնիսկ ուսանողները գիտեն այդ մասին։
– Անընդունելի է, երբ «Երեւանեան երկխօսութիւն» միջոցառման ընթացքում յայտարարութիւնների ընթացքում Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կէտից 3-րդ նախադասութիւնը հանւում է՝ ճանապարհի ռուսական վերահսկողութեան մասին։ Յուսամ՝ շփոթմունք է։ Մեծ լսարանի առջեւ միշտ չէ, որ բառախաղերն օգնում են։ Երբեմն դրանք կարող են ձախողման պատճառ լինել։ Պէտք է յստակ հասկանալ՝ ինչի շուրջ է համաձայնութիւնը, Ռուսաստանն ինչի նկատմամբ է վերահսկողութիւն սահմանելու։ Պէտք է խօսել գործընկերների հետ, եւ ոչ թէ՝ որոշակի թէզեր հանել ու դրանք դնել շրջանառութեան մէջ։
– «Երեւանեան երկխօսութեան» ժամանակ մէկ օրւայ մէջ հնչեցին իրար հակասող մի քանի յայտարարութիւններ։ Հանրային քաղաքականութեան թէզեր մշակելու առումով երկիմաստութիւնը տեղին չէ, որքան էլ որ դիւանագիտութեան այբուբեններից է։ Չպէտք է լինի նման դիսոնանս:
– «Զանգեզուրի միջանցք»-ի 47 կիլոմետրի նշանակութիւնը թերագնահատելու դէպքում մենք այլեւս աշխարհի համար հետաքրքիր չենք լինի։ Այդտեղ պիտի գործի Հայաստանի ինքնիշխանութիւնը։ Դա սակարկելի չէ։ Սա այն գիծն է, որ Հայաստանը պարտաւոր է պահել ու թոյլ չտալ, որ փոքր-ինչ զիջում անգամ տեղի ունենայ։ Թուրքիայում այդ ճանապարհն անւանում են թուրքական, թուրանական ճանապարհ։ Դա ամենակարճ ճանապարհն է, որ Կենտրոնական Ասիայի էներգետիկ ռեսուրսները կարող է հասցնել Եւրոպա կամ Իսրայէլ։
– Հայաստանի համար շատ կարեւոր է, որ կարողանանք մեր տեսակէտները հասցնել Ռուսաստանին։ Երկու երկրների ղեկավարները կարող են խօսել, բանակցել, բայց քաղականութեան իրականացումը կախւած է նրանից, թէ ինչպիսի սոցիալիզացիա կայ երկրի էլիտաների ներսում։ Մեր պարագայում, ցաւօք, Ռուսաստանի նկատմամբ կայ բացասական վերաբերմունք՝ սկսած 2018 թ.-ից։ Ռուսաստանի հետ աշխատանք է պէտք կատարել: Նիկոլ Փաշինեանի վերջին ասուլիսի ժամանակ որոշակի մեսիջներ գնացին դէպի Ռուսաստան։ Ռուսաստանը շատ բարդ գործընկեր է։ Այնտեղ չկան դասագրքային կանոններ։
– Նոյեմբերի 9-ի պայմանագրից չպէտք է հրաժարւել։ Դրա թէզերին պէտք է տալ միս ու արիւն, որպէսզի նաեւ գերիների վերադարձի ու արցախցիների հաւաքական վերադարձի հարցերը լուծում ստանան։ Այդ թէզերը պէտք է դառնան հայկական դիւանագիտական զինանոցի անքակտելի մասը։ Հատւածական յայտարարութիւններով հարցը չի լուծւի։ Երկրի ղեկավարը դէմ է ստորագրութեան յետկանչին։ Այդ դէպքում դա պէտք է դառնայ ողջ պետական ապարատի կարգախօսը։ Ինչո՞ւ չի բարձրաձայնւում Հայաստանի օկուպացւած տարածքների, ջրային ռեսուրսների խնդրի, Ադրբեջանի կողմից միջազգային մի շարք կոնւենցիաների խախտման մասին։ Մեր կատարած քայլերը շատ աւելի անհամաչափ պէտք է լինեն, քան մեր հնարաւորութիւններն են։ Ագրեսիւ քարոզչութիւն է պէտք տանել։
– Թուրք-ադրբեջանական թէզերին կարելի է հակադարձել, բայց դրա համար պէտք է տրամադրւածութիւն եւ դիւանագիտական մոբիլիզացիա։
Երբ առարկայի վերնագիրը «Հայոց պատմութիւնից» փոխւեց «Հայաստանի պատմութեան», ոլորտի պատասխանատուն ասաց՝ բովանդակային առումով բան չի փոխւել։ Սա ամենակարեւոր ձեւակերպումն է։ Այսինքն՝ կրկին գնում ենք ձեւի յետեւից։
– Իրանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում շատ ինքնատիպ է։ Եւ այն դէպքում, երբ Իրանում սովորաբար շատ զգոյշ են դիւանագիտական բառապաշարի հարցում, քանի՞ անգամ են ուղիղ արտասանել «կարմիր գիծ» արտայայտութիւնը։ Անգամ հոգեւոր առաջնորդն է ասել։ Իրանը, դէմ լինելով Միջանցքի գաղափարին, իր երկարատեւ պատմական խնդիրներն է լուծում։ Իրանի կարմիր գծերն ունեն մի շարք երանգներ։ Դրա ո՞ր երանգի մասին է խօսքը։ Չպէտք է ընկնենք սիտուացիոն վերլուծութեան հատակը։
– Յուլիսեան մարտերի նախօրեակին Ադրբեջանի ԱԳ նախկին ղեկավար Մամեդեարով ասաց՝ մեր ռազմավարական դադարի մարտավարութիւնն իդէալական էր, ու ժամանակը ցոյց տւեց, որ մենք ճիշտ ենք։ Հիմա ռազմավարական դադար վերցնելու հերթը մերն է։
– Ռազմական պարտութեան խորութիւնը չափել հնարաւոր չէ, այն շատ քիչ ուսումնասիրւած գիտական ոլորտ է։ Դա շատ ցաւոտ ներքին տրանսֆորմացիաների փուլ է, որ անցնում են հասարակութիւնները։
– Քանդւում է հինը, ու իբրեւ թէ կառուցւում է նորը, ընդորում, ամենեւին յստակ չէ, որ նորը կառուցելու համար կայ ճանապարհային քարտէզ: Երբ Պապ թագաւոր պատմական կերպարին կտրում-բերում են 21-րդ դար, այն էլ կտրում են ոչ մասնագէտների կողմից եւ բերում, քաղաքականացնում են պատմական կերպարը՝ մտքեր վերագրելով, որոնք չեն ասւել այդ պատմական կերպարի կողմից, ապա դա խօսում է այն մասին, որ քաղաքականութեան մէջ փնտրտուքների ճանապարհը շարունակւում է:
– Հարցականի տակ են դրւում ազգային ինքնութեան առանցք կազմող հարցերը, որոնց հիման վրայ են կառուցւել մեր բոլոր ազգային միֆերը, լաւ առումով միֆերը, նկատի ունեմ՝ մեր ազգային երազանքները: Եթէ հարցականի տակ են դրանք դրւում, ուրեմն պէտք է փոխարինւեն նորերով: Բայց երբ քանդւում է հինը, լաւ թէ վատ աշխատածը, եւ չի բերւում նորը, դա բերում է քաոսի:
– Փորձում են ձեւափոխել «Հայրենիք» գաղափարը: Դրա տակ դնում են այնպիսի գաղափարախօսութիւն, որը կը փոխի պատկերացումների մի ամբողջ շարան: Ազգերը չեն կարող ապրել առանց մեծ երազանքների:
– Հայաստանում քաղաքական համակարգը խնդիրներ ունի: Համակարգի դէմ պէտք է համակարգ ստեղծել, որը կունենայ լաւ կազմակերպւածութիւն, լաւ ֆինանսաւորում, եւ կը կատարւի ծաւալուն աշխատանք, այդ թւում՝ հետազօտական աշխատանք:
– Ընդդիմութիւնը պէտք է կատարի տնային աշխատանք ու պատրաստւի հերթական կամ արտահերթ ընտրութիւնների։ Պէտք է բազմաշերտ աշխատել: 2021 թ.-ի նման ընտրողին առաջարկւող մենիւն չպէտք է պարզունակ լինի, այլ պէտք է լինի աւելի փաստահեն, փաստարկւած։
– Իշխանափոխութիւն կատարելը կամ ընտրութիւնների միջոցով իշխանափոխութեան հասնելը շատ բարդ ճանապարհ է։ Պէտք է կատարւի լուրջ աշխատանք Երեւանից դուրս՝ մարզերում, պէտք է օրնիբուն աշխատանք տանել՝ պարզելու համար՝ որ հարցերն են կարեւորութիւն, հետաքրքրութիւն ներկայացնում հանրութեան մօտ: Ինչպէ՞ս կարող է՝ Երեւանում նստած քաղաքական ուժը, առանց մարզային ամենօրեայ աշխատանքներ կատարելու, հաւաքել այն խնդիրների շտեմարանը, որ կայ մարզերում, եւ որոնք նա պատրաստւում է լուծել։
– Ազգային-պահպանողական արժէքների վրայ հիմնւած քաղաքական օրակարգ է պէտք ձեւաւորել: Այդ դաշտը բաց է այսօր։ 20-րդ դարի պատերազմներն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ պատերազմներից յետոյ իշխանութեան են եկել այն ուժերը, որոնք աւելի պահպանողական են: 20-րդ դարի պատմութիւնը դա է ցոյց տալիս: Հայաստանում, սակայն, 2021 թւականին դա տեղի չունեցաւ: Գուցէ յաջորդ ընտրութիւններին հնարաւոր լինի: Մենք մեր հասարակական յարաբերութիւններում շատ աւելի պահպանողական ենք, սակայն ազգային արժէքների, պետական քաղաքականութեան հիմքում պահպանողականութիւնը մղւում է երկրորդ պլան:
– Երկու ճանապարհ ունենք՝ կամ պէտք է դատափետենք մեզ՝ մեր անկարողութեան համար, որպէս հաւաքական հասարակութիւն, կամ պէտք է տնային աշխատանքը կատարենք եւ լրջօրէն մօտենանք պետականաշինութեան գործընթացին:
– Նոր որակի իշխանութիւն, նոր տիպի հասարակութիւն ու հասարակական ընկալումների նոր մակարդակ է պէտք պետականաշինութեան գործում յաջողելու համար։