Վահէ Դաւթեան. «Ադրբեջանը յայտնւել է միջազգային նաւթային սկանդալի կենտրոնում»

«ԱԼԻՔ»- Քաղաքական գիտութիւնների դոկտոր, էներգետիկ անվտանգութեան փորձագէտ Վահէ Դաւթեանն անդրադարձել է միջազգային նաւթային այն սկանդալին, որում յայտնւել է Ադրբեջանը:
«Ադրբեջանը յայտնւել է միջազգային նաւթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաեւ աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եւրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ յայտարարել են ադրբեջանական նաւթի որակական խնդիրների մասին: Ջէյհանի նաւահանգիստ ժամանած որոշ լցանաւեր դադարեցրել են բեռնումը: Արդիւնքում Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց:
Պատճառը՝ Azeri Light տեսակի նաւթի աղտոտւածութեան բարձր մակարդակն է, մասնաւորապէս՝ դրանում օրգանական քլորիդների առկայութիւնը, որոնք կարող են վնասել նաւթավերամշակման համակարգերը: Քլորիդներն օգտագործւում են նաւթի արդիւնահանման ծաւալների աւելացման համար:
Բաքու-Թբիլիսի-Ջէյհան նաւթամուղի սեփականատէր BTC Co ընկերութիւնը հերքում է մեղադրանքները:
Յատկանշական է, որ Azeri Light-ի աղտոտւածութեան մասին առաջինը յայտարարել է BP-ն, որը 1994 թ. «դարի գործարքից» ի վեր Ադրբեջանի առանցքային էներգետիկ գործընկերն է ու ադրբեջանական նաւթագազային համալիրի ուղիղ շահառու (նոյն BTC Co-ի 30,1%-ը պատկանում է BP-ին):
Մի կողմ դնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական ածխաջրածինները, մասնաւորապէս պրեմիալ Azeri Light-ի որակը գնալով նւազում է, պէտք չէ բացառել, որ այս ամէնի ներքոյ շատ աւելի խորքային զարգացումներ են ընթանում:
Նախ՝ եւրոպական շուկաներում Ադրբեջանի աճող դերակատարումը խնդրայարոյց է արեւմտեան մի շարք էներեգտիկ ընկերութիւնների համար: Նոյն իտալական ENI-ի համար մտահոգիչ է Ադրբեջանի դերակատարման կտրուկ աճը: Լինելով Եւրոպայում ադրբեջանական նաւթի գլխաւոր ներկրող՝ Իտալիան «կանաչ լոյս» է վառել ադրբեջանական ներդրումների համար էներգետիկ ենթակառուցւածքներում: Իրականում այստեղ առկայ է մասնաւոր-պետական հակադրման դրսեւորում: Իտալիայի կառավարութիւնն ինտենսիւացնում է Բաքւի հետ էներգետիկ երկխօսութիւնը (ս.թ. յունւար-յունիս ամիսներին ադրբեջանական նաւթի ներկրումն աւելացել է 59,6%-ով), մինչդեռ ENI-ի մասնաւոր սեփականատէրերը, որոնց պատկանում է ընկերութեան բաժնետոմսերի 70%-ը, աւելի պրոտեկցիոնիստական քայլեր են ակնկալում իշխանութիւններից՝ ի օգուտ իտալական ընկերութեան:
Միաժամանակ, ադրբեջանական նաւթի կշռի շարունակական աւելացումը եւրոպական շուկայում հարւածում է նաեւ ԱՄՆ շահերին: Յիշեցնեմ, որ 2022 թ.-ից ի վեր ու յատկապէս Թրամփի օրօք Միացեալ Նահանգները կտրուկ աւելացրին ածխաջրածինների արտահանումը ԵՄ՝ հիմնաւորելով դա նաեւ որպէս ՆԱՏՕ-ի կենսունակութեան ապահովման գործօն: Հէնց եւրոպական էներգետիկ շուկան գրաւելու նպատակով Թրամփը դուրս բերեց ԱՄՆ-ը կլիմայի մասին Փարիզի համաձայնագրերից, ինչպէս նաեւ որդեգրեց ամերիկեան նաւթագազային ընկերութիւններին բազմակողմանի աջակցման քաղաքականութիւն:
Ինչպէ՞ս է Ադրբեջանի նաւթային առաջխաղացումը հակասում BP-ի շահերին:
Այս հարցին պատասխանելու համար՝ պէտք է տեղափոխւել BP-Թուրքիա՝ 113 տարին գերազանցող կապերի տիրոյթ: Բրիտանական յատուկ ծառայութիւնների կողմից դէ-ֆակտօ կառավարւող BP-ի ղեկավարութիւնը բազմիցս է յայտարարել, որ Թուրքիան ռազմավարական նշանակութիւն ունի ընկերութեան համար: Փաստացի Լոնդոնի ռազմավարական շահերի դաշտում գործող Թուրքիան այսօր կորցնում է իր ազդեցութիւնը Ադրբեջանում: Արցախը ստանալով՝ Ալիեւեան կլանը փորձում է աւելի անկախ ու ինքնիշխան արտաքին քաղաքականութիւն վարել՝ այլեւս չհամաձայնեցնելով առանձին քայլեր Անկարայի հետ, ինչպէս դա արւում էր տարիներ շարունակ: Այսօր Թուրքիայի ազդեցութիւնը Ադրբեջանում գերագնահատւած է: Սրանով կարելի է բացատրել Բաքւի դէմ կիրառւած «նաւթային մահակը»՝ նաւթային դոլարներից կախւած Ադրբեջանը Թուրքիայի (յետեւապէս՝ Լոնդոնի) ուղիղ ազդեցութեան տիրոյթ վերադարձնելուն, Ալիեւին աւելի կանխատեսելի դարձնելուն (այդ թւում՝ Իսրայէլի, Իրանի, Ռուսաստանի եւ այլ առանցքային խաղացողների հետ յարաբերութիւններում):
Ի դէպ, «նաւթային մահակի» մասին՝ ս.թ. յունւար-յունիս ամիսներին Թուրքիան 81%-ով կրճատել է նաւթի ներկրումն Ադրբեջանից»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է նա: