ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Կաթոլիկ  եւ բողոքական երկրների մերձեցումը՝ ընդդէմ դիմադրութեան առանցքին մօտ կանգնած եկեղեցիների

Դոկտ. Էհսան Մովահեդիան

 

Վատիկան-Լոնդոն խորհրդանշական մերձեցումը

«ԱԼԻՔ» – Անգլիայի թագաւորի վերջին այցը Վատիկան խորհրդանշական քայլ էր՝ ուղղւած աւելի քան հինգ դար շարունակւող տարաձայնութիւնների մեղմացմանը Կաթոլիկ եւ Անգլիկան եկեղեցիների միջեւ։ Այս այցը կրօնական բնոյթից դուրս է անցնում՝ ստանալով նաեւ քաղաքական եւ սոցիալական նշանակութիւն։

Արեւմտեան աշխարհը փորձում է ձեւաւորել քրիստոնէական միասնական ճակատ, որը կարող է գործել որպէս գաղափարական հակակշիռ Ռուս ուղղափառ եկեղեցուն եւ իսլամական աշխարհին՝ յատկապէս շիական կենտրոններին։

 

Հայաստանի դերը նոր կրօնաքաղաքական տրամաբանութեան մէջ

Այս միտումների ֆոնին ուշագրաւ է դիտարկել նաեւ Նիկոլ Փաշինեանի այցը Վատիկան եւ դրան յաջորդած լարւածութիւնը Հայ Առաքելական Եկեղեցու հետ։ Եւրոպան եւ ԱՄՆ-ը հասկանում են, որ քրիստոնէական եկեղեցիների շարքում հէնց Հայ Առաքելական Եկեղեցին է, որն ամենամեծ գաղափարական կապն ունի Դիմադրութեան մտածողութեան, յատկապէս շիական թեւի ղեկավարութեան հետ։

Այդ պատճառով փորձ է արւում վերաիմաստաւորել եւ վերայղել եկեղեցու դերը՝ թուլացնելով նրա ազդեցութիւնը հայ հասարակութեան ինքնութեան եւ միասնականութեան վրայ։

 

Հայ Եկեղեցին՝ հայ ինքնութեան հիմնասիւն

Հայ Առաքելական Եկեղեցին շուրջ երկու հազար տարի եղել է հայ ժողովրդի միասնութեան եւ ինքնութեան առանցքը։ Սակայն վերջին տարիներին նկատւում է միտում՝ աւանդական եկեղեցական արժէքները փոխարինելու նոր մեկնաբանութիւններով՝ երբեմն նաեւ «աւետարանչական շարժման» կամ նոյնիսկ սիոնիստական մտածողութեան ուղղութիւններով։

Հեղինակի դիտարկմամբ՝ այս գործընթացը համահունչ է ԱՄՆ-ի եւ Իսրայէլի ռազմավարական շահերին Հայաստանում՝ ուղղւած ազգային եւ կրօնական ինքնութեան աստիճանական թուլացմանը։

 

Բաքւի փորձը՝ որպէս նախերգանք

Ադրբեջանում նման մշակութային եւ կրօնական մտածողութեան ուղղորդում արդէն իրականացւել են՝ թաքֆիրական, վահաբական եւ այլ ծայրայեղական գաղափարախօսութիւնների խրախուսման միջոցով։ Նոյն մոդելը, ըստ վերլուծաբանի՝ այժմ փորձ է արւում յարմարեցնել Հայաստանի քրիստոնէական միջավայրին՝ աւելի նուրբ ու գաղափարական եղանակներով։

 

Իրանի հնարաւոր անտարբերութիւնն ու դրանից կախւած վտանգը

Հեղինակի խօսքով՝ Իրանում յաճախ համապատասխան գնահատական չի տրւում հարեւան երկրներում նման զարգացումներից կախւած վտանգներին։ Անտարբերութիւնը նման գործընթացների նկատմամբ կարող է բերել այնպիսի հետեւանքների, ինչպիսին տեսանելի է Բաքւում՝ ազգային եւ կրօնական ինքնութեան խաթարմամբ։

Արեւմուտքը ձգտում է սահմանափակել Իրանի ազդեցութիւնը Հարաւային Կովկասում՝ միաժամանակ ձեւաւորելով տնտեսական եւ քաղաքական կախւածութիւն Հայաստանի համար Բաքւից եւ Անկարայից:  

 

Իրանի ներկայութիւնը՝ կայունութեան գործօն

Այս իրադրութեան պայմաններում Իրանի մշակութային եւ տնտեսական ներկայութիւնը Հայաստանում կարող է դառնալ կայունութեան ու հաւասարակշռութեան կարեւոր գործօն։ Սակայն, ինչպէս նշում է Դոկտ. Մովահեդիանը, «ներսում լսող ականջ չկայ», եւ այս հնարաւորութիւնը մնում է չօգտագործւած՝ վտանգելով Իրանի շահերն ու տարածաշրջանային հաւասարակշռութիւնը։

Related Articles

Back to top button