ՀՅԴ անդամ Սարինէ Աբրահամեանն ընտրւել է Սոցիալիստ երիտասարդների միջազգային միութեան գլխաւոր քարտուղար
Սոցիալիստ երիտասարդների միջազգային միութեան (International Union of Socialist Youth – IUSY/ԸԵՄՄ) նոր գլխաւոր քարտուղար է ընտրւել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ, IUSY-ի նախկին փոխնախագահ Սարինէ Աբրահամեանը, ով այս պաշտօնում փոխարինում է Պորտուգալիայի սոցիալիստական կուսակցութեան անդամ Բրունօ Գոնսալուեսին։ Վերջինս հրաժարական էր ներկայացրել Եւրոպական խորհրդարանի պատգամաւոր ընտրւելու հանգամանքով պայմանաւորւած։
Սարինէ Աբրահամեանը երկար տարիներ եղել է ԸԵՄՄ-ի ակտիւ անդամ, 2021 թ․ ընտրւել է կազմակերպութեան փոխնախագահ եւ Սեւծովեան տարածաշրջանի համակարգող: ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի հետ համագործակցելով՝ նա առանցքային դեր է խաղացել տարբեր ծրագրերում, այդ թւում ԸԵՄՄ-ի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցմանն ուղղւած աշխատանքներում, ինչի արդիւնքում 2015 թ․ Երեւանում ԸԵՄՄ-ի համաշխարհային խորհրդի նիստի ժամանակ ընդունւեց բանաձեւ:
2017 թ. ՀՅԴ Երիտասարդական գրասենեակի հետ միասին, Աբրահամեանի օժանդակութեամբ կազմակերպւեց յաջող ճանաչողական այց Արցախ՝ ներգրաւելով IUSY-ի եւ Երիտասարդ Եւրոպացի Սոցիալիստների (Young European Socialists – YES) ղեկավարութեանն ու անդամներին: IUSY-ում աշխատելու ողջ ընթացքում նա եղել է Արցախի միջազգային ճանաչման եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի, ինչպէս նաեւ IUSY-ի կողմից Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու ջանքերի շարժիչ ուժը: Սարինէ Աբրահամեանի աշխատանքի արդիւնքում IUSY-ն հետեւողականօրէն աջակցել է Արցախի ժողովրդի իրաւունքների իրացմանը, ներառեալ նրանց հաւաքական վերադարձի իրաւունքի, եւ դատապարտել է Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականութիւնը: Այս դիրքորոշումներն արտայայտւել են մի քանի բանաձեւերով ու պաշտօնական յայտարարութիւններով։
Բացի այդ, Աբրահամեանն աշխատել է ընդգծելու ժողովրդավարական մարտահրաւէրները Հայաստանում, ներառեալ ընդդիմադիր ուժերի հանդէպ կիրառւող ճնշումը եւ ոստիկանութեան անհամաչափ ուժի կիրառումը Հայաստանի ներկայիս կառավարութեան կողմից: Նրա ակտիւութիւնը տարածւում է Հայաստանի սահմաններից դուրս՝ պաշտպանելով սոցիալ-դեմոկրատական գաղափարները, սոցիալական արդարութիւնը եւ անդրադառնալով կլիմայի փոփոխութեանը ինչպէս տարածաշրջանային, այնպէս էլ համաշխարհային մակարդակով: Նա իր աշխատանքով շարունակում է պաշտպանել IUSY-ի հիմնական արժէքներն ու սկզբունքները, ինչպիսիք են արդարութիւնը, հաւասարութիւնը, ազատութիւնը եւ միջազգային համերաշխութիւնը:
Սարինէ Աբրահամեանը եղել է նաեւ ՀՅԴ Երիտասարդական գրասենեակի պատասխանատու եւ ներկայումս զբաղեցնում է ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի հանրային կապերի եւ հաղորդակցութեան պատասխանատուի պաշտօնը:
Անդրադառնալով այս ընտրութեանը` Աբրահամեանը նշում է.
«Սա նշանակալից հնարաւորութիւն է ոչ միայն ՀՅԴ երիտասարդականի եւ ՀՅԴ-ի, այլեւ Հայաստանի եւ հայութեան համար: IUSY-ն կարեւոր հարթակ է հանդիսանում հայկական խնդիրները համաշխարհային բեմում ընդգծելու համար, միեւնոյն ժամանակ մենք խթանում ենք սոցիալ-դեմոկրատական եւ առաջադէմ արժէքները: Ես գիտակցում եմ պատասխանատւութիւնը, որը բխում է այս պաշտօնից՝ ներկայացնելով ե՛ւ IUSY-ն, ե՛ւ ՀՅԴ-ն, եւ ես ոգեւորւած եմ ղեկավարելու այս կազմակերպութիւնը, որը բաղկացած է աւելի քան 160 երիտասարդական սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական եւ աշխատաւորական կազմակերպութիւններից: Խորապէս շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցել են ինձ այս ընթացքում»:
Սոցիալիստական երիտասարդութեան միջազգային միութիւնը (IUSY) խոշոր միջազգային կազմակերպութիւն է, որն ընդգրկում է սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական եւ աշխատաւորական երիտասարդական միութիւնների: IUSY-ն, որը հիմնադրւել է 1907 թւականին որպէս Երիտասարդական սոցիալիստական ինտերնացիոնալ, այժմ ներկայացնում է 163 անդամ կազմակերպութիւններ 110 երկրներում: Նրա առաքելութիւնը ներառում է երիտասարդութեան ներգրաււածութիւն, զանգւածային ակտիւութիւն, կրթական միջոցառումներ, արշաւներ եւ համաշխարհային շահերի պաշտպանութիւն: ՀՅԴ երիտասարդականը կազմակերպութեան լիիրաւ անդամ է։
Arfd.am