Սփիւռք

Լաթաքիայի բնակիչները զգուշանում են դուրս գալ. մանրամասներ Սիրիայում բախումների հետեւանքով հայ համայնքում տիրող իրավիճակից

«ԱԼԻՔ» – Այսօրւայ դրութեամբ Սիրիա ծովափնեայ քաղաքներում բախումները շարունակւում են: Այս մասին «Արմէնպրես»-ի հետ զրոյցում  յայտնել է Հալէպի «Գանձասար» թերթի գլխաւոր խմբագիր Զարմիկ Պօղիկեանը՝ յաւելելով, որ բուն Լաթաքիա քաղաքում իրավիճակը համեմատաբար մեղմ է:

«Անվտանգութեան ուժեր են տարածւած քաղաքում եւ խուզարկութիւններ,  գործողութիւններ են իրականացնում վտանգաւոր երեւոյթները կանխելու համար: Ընդհանրապէս՝ քաղաքում մարդիկ զգուշութիւն են ցուցաբերում, տներից դուրս չեն գալիս: Նոյնն է վիճակը Տարտուսում եւ Բանիասում, որտեղ հայեր քիչ կան, նրանցից ոմանք տեղափոխւել են Հալէպ՝ անվտանգութեան նկատառումներով: Լաթաքիայում հայերը համեմատաբար մեծաթիւ են, որոնք շարունակում են մնալ իրենց տներում, չեն համարձակւում դուրս գալ, քանի որ կրակոցներ են լսւում եւ լարւած է վիճակը, սակայն քաղաքի կենտրոնում այսօր համեմատաբար աւելի հանգիստ է»,- ասել է  նա:

Անդրադառնալով հայ համայնքում տիրող իրավիճակին՝ Պօղիկեանը մանրամասնեց, որ մարտի 8-ին, երկու հայ են զոհւել, ովքեր վերադառնում էին Լաթաքիա եւ կրակոցների հետեւանքով սպանւել են։ Նրա խօսքով՝  ներկայում որոշակի մտահոգութիւններ կան՝ կապւած սննդի, դեղորայքի հետ, քանի որ տեղաշարժը քաղաքում գրեթէ կանգ է առել: Ժամանակ առ ժամանակ ընդհատւում է ջրամատակարարումը, բացակայում է էլեկտրամատակարարումը: «Փակ են եկեղեցին, դպրոցները: Կրթութեան նախարարութիւնն այս երկու օրերին քաղաքում  ընդհանրապէս փակ է յայտարարել դպրոցներն ու համալսարանները, մինչեւ իրավիճակը կը մեղմանայ»,- յաւելել է Պօղիկեանը:

Related Articles

Back to top button