Մշակութային

ԵՂԵԳԱՆ ՓՈՂ

ՌՈՄԱՆՍ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈՒՇԿԻՆ

 

Մի աշնանային մռայլ իրիկուն

Մի աղջիկ գնում էր անմարդ տեղերով,

Իւր անբախտ սիրոյ ծնունդը թաքուն

Բռնած դողդոջուն, քնքուշ ձեռքերով։

 

Բոլորը լուռ էր. յոգնած աշխարքը

Հանգստանում էր գիշերւայ մթնում,

Այնինչ ուշադիր աղջիկն իւր աչքը

Երկչոտ հայեացքով չորս կողմն էր ածում։

 

Եւ, հառաչելով անմխիթարանք,

Նա նայեց անմեղ այն արարածին.

«Քնած ես, մանուկ, դու իմ տառապանք…

Եւ անտեղեակ ես իմ սրտի վըշտին…

Աչքդ բաց կանես բարձրականչ լալով,

Սակայն իմ կրծքին էլ չես կպչիլ դու.

Վաղ-առաւօտեան տարաբախտ քո մօր

Ջերմ համբոյրներին չես հանդիպելու։—

 

Ճչալով իզուր կըկանչես նրան.

Աւա՜ղ, ամօթ ինձ,- ես եմ մեղաւոր.

Դու կըմոռանաս մօրըդ յաւիտեան,

Բայց պիտի յիշեմ ես քեզ ամէն օր։

Ուրիշ ծնողներ կըխնամեն քեզ,

Եւ կասեն- դու օտար ես մեզ համար.

Իմ ծնողները ո՞ւր են, կըհարցնես,

Սակայն չես գտնիլ ոչ հայր եւ ոչ մայր։

 

Թշւա՜ռ երեխայ, մտքով տըխրագին

Կըտանջւես օտար մանուկների մէջ,

Կընայես նրանց մօր փաղաքշանքին

Մռայլուն հոգով մինչեւ կեանքիդ վերջ.

Ամէն ժամանակ բախտըդ կանիծես,

Ամէն տեղ ատւած, օտար ու մենակ,

Եւ միշտ նախատինք ու ծաղր կըլսես…

Օ՜, ների՛ր, ներիր ինձ այն ժամանակ։

 

Դեռ քնած ես դու… Թող քեզ, խեղճ մանուկ,

Այս վերջին անգամ իմ կրծքին սեղմեմ,

Օրէնքն անիրաւ, խիստ եւ անողոք

Մի դատավճիռ ունի մեր ընդդէմ։

Մինչեւ քո անմեղ ուրախութիւնը

Տարիները չեն քշել տակաւին,

Քնի՛ր, սիրելի, սեւ թախիծները

Խորթ են՝ մանկութեան խաղաղ օրերին»։

 

Լուսինն անտառի ետեւից յանկարծ

Երեւաց, մօտիկ մի խրճիթ տեսաւ,

Դողալով, գունատ եւ սաստիկ լքած

Նրա դռանը ահա մօտեցաւ,

Զգոյշ կորացաւ ու կամաց դրեց

Իւր երեխային օտարի շէմքում,

Իսկոյն սարսափով երեսը դարձրեց

Եւ անյայտացաւ գիշերւայ մթնում։

 

Մարտի 10-ը ռուս աշխարհառչակ բանաստեղծ եւ գրող, ռուսական ռոմանտիզմի ամենավառ ներկայացուցիչ Ալեքսանդր Պուշկինի (1799-1837) յիշատակի օրն է

Related Articles

Back to top button