Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը եւ մշակութային լանդշաֆտը ընդգրկւել են ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում
«ԱԼԻՔ» – ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան կոմիտէի 46-րդ նստաշրջանում քննարկւել եւ հաւանութեան է արժանացել Հայաստանի կողմից ներկայացւած յայտը՝ ՀՀ Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը եւ մշակութային լանդշաֆտը ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան նախնական ցանկում ընդգրկելու վերաբերեալ:
ՀՀ ԿԳՄՍՆ-ից News.am-ին յայտնում են, որ նստաշրջանն ընթանում է Հնդկաստանի մայրաքաղաք Նիւ Դելիում յուլիսի 20-ից 30-ը: ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութիւնից մասնակցում է Պատմութեան եւ մշակոյթի յուշարձանների պահպանութեան վարչութեան պետ Յարութիւն Վանեանը՝ որպէս կոնւենցիայի համակարգող։
Նշենք, որ սա ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան նախնական ցանկում Հայաստանի կողմից գրանցւած 5-րդ յայտն է: Առաջին 4-ը գրանցւել են 1995 թ.: Դրանք են՝ Դւին քաղաքի հնավայրը, Երերոյքի տաճարը եւ հնավայրը, Նորավանքը եւ Ամաղու գետի վերին հովիտը, Տաթեւի վանքը, Տաթեւի անապատը եւ Որոտան գետի հովտի յարակից տարածքները (ցանկերին կարելի է ծանօթանալ հետեւեալ յղումով։
ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան ցանկում Հայաստանից գրանցւած են Սանահինի եւ Հաղպատի վանքերը, Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիները եւ Զւարթնոց հնավայրը, Գեղարդի վանքը եւ Ազատ գետի վերին հովիտը:
ԻՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան նախնական ցանկում յուշարձանի գրանցումը պարտադիր եւ նախնական պայման է ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան ցանկում նոր յուշարձաններ գրանցելու համար: Այս ուղղութեամբ աշխատանքը շարունակակական է. նոր յայտերի մասին պարբերաբար կը յայտարարւի։