Մեծերը Սեւակի մասին
Դուն այնտեղ ես՝ հայ ժողովրդի սիրտեն ներս ու մեր գրականութեան գանձարանին մէջ: Դուն՝ «Անլռելի զանգակատուն» ու «Սայեաթ-Նովա», դուն՝ «Եռաձայն պատարագ», դուն՝ անկրկնելի, դուն՝ անլռելի, դուն՝ անմոռանալի ու անկորչելի՝ այժմ եւ միշտ յաւիտեանս յաւիտենից:
ԳԱՌՆԻԿ ԱՂԴԱՐԵԱՆ
* * * *
…Օրհնեալ է այն երկիրը, որ հանճարեղ զաւակներ ունի: Եւ երիցս է օրհնեալ, որ կարողանում է գնահատել այդ հանճարեղ զաւակներին…
ՋԱՆՍՈՒՂ ՉԱՐԿՒԻԱՆԻ
* * * *
…Ինչպէ՞ս կարելի է Պարոյր Սեւակի գերեզմանի առաջ չհաւատալ հոգու անմահութեանը…
…Պարոյր Սեւակի ծնունդը՝ մեր կեանքի, մեր մշակոյթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղաւ ճշմարտապէս մի «Եղիցի լոյս»…
…Պարոյր Սեւակն այնպիսիններից եղաւ, որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահներից մէկն է աշխարհում…
ՎԱԶԳԷՆ ԱՌԱՋԻՆ
* * * *
Պարոյրի թողածը անգնահատելի է ու շատ, բայց տարաւ իր հետ անհամեմատ աւելին: Նա ունէր ասելիք, լի էր ամենով: Պարոյրը ժողովրդի ծնունդն էր, նրա հոգու պահանջը, նրա յոյզերի երգիչը: Պարոյրը քաղաքացի էր, ինտերնացիոնալիստ, մեծ հայ: Հաւատում եմ, որ ամէն հայ եւ օտարազգի նրա պոէզիայի մէջ իր սրտիշ իր յոյզերի լարը կը գտնի:
…Ի՞նչ պատահեց քեզ եւ ինչո՞ւ յանկարծ «Կենսագրական խենթ» խաղ խաղացիր, վեր կացար, թողիր մեզ ու գնացիր: Գնացիր, տարար, թողածդ քիչ չէր, բայց ո՞վ գիտէ տարածդ ի՛նչ էր…
ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋԵԱՆ
* * * *
Մատաղ սերունդը ծարաւ է ճշմարտութեան։
Պարոյր Սեւակը երիտասարդութեան հոգու Մաքրութիւնն է, նրա սրտի Զարկերակը, Բողոքը, Պայքարը, Հաւատը եւ վերջապէս Ճշմարտութիւնը։
ՍՈՆԱ ՉԱԽԱԼԵԱՆ
* * * *
Դու ընդամէնն անհնար էիր, բայց ինչպիսի՛ անհնար: Նման էիր լեռնային մի աղբիւրի, որն իր ուժը բնութեան ընդերքից է առնում, ու բնութեան ուժն է բերում ժողովրդին: Եւ սիրում էինք քեզ, որովհետեւ չէինք կարող բնութեանը չսիրել…
Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպէսզի քո միջոցով երգեր իր ցաւն ու ուրախութիւնը: Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտութեամբ չի ծնում եւ չի կարող հեշտութեամբ բաժանւել նրանից:
ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐԵԱՆ
* * * *
Նրա մէջ մի այրող բան կար: Բորբոքող, անկասելի, ձգող մի բան: Թուխ, լայնաշուրթ, լարւած, զգայուն: Խոշոր աչքերում՝ մշտական անհանգստութիւն: Մշտասեւեռ վիճակ: Շատ կարեւոր մի մտքի հետամուտ մշտապէս, որը կռահել չէի կարողանում: Պարոյը Սեւակը այդպէս էլ գաղտնիք մնաց:
ԼԵՒ ՕԶԵՐՈՎ
* * * *
Աշխարհում լաւ բանաստեղծները քիչ չեն, բայց քիչ է թիւն այն բանաստեղծների, ովքեր նոր ակոս են բացում գրականութեան մէջ եւ դառնում ժամանակի գեղագիտական մտքի օրենսդիներ: Պարոյր Սեւակը ընդլայնեց մեր ժողովրդի հոգեւոր սահմանները, դուրս բերեց 30 հազար քառ. կմ. տարածութիւնից եւ այն դիտեց դարի ու ժամանակի բարձունքներից: Եւ մենք, որ Սեւակի ժամանակիցներն ու հետնորդներն ենք միաժամանակ, այլեւս իրաւունք չունենք «ատոմային էներգիայի դարում կրակ ստանալ… շփումով»:
ՊԵՐՃ ԶԷՅԹՈՒՆՑԵԱՆ
* * * *
Նա կեանքից մի բան էր պահանջում: Պահանջում էր, որ ամէն ինչ լինի միանգամից: Եւ միանգամից եղաւ: Բանաստեղծ դարձաւ միանգամից, ճանաչւեց միանգամից, բոլոր կոչումներն ու դափնիներն ստացաւ միանգամից: Այնքան դանդաղ, դժւարութեամբ շինած իր տունն էլ քանդեց միանգամից: Մեր նորագոյն բանաստեղծութեան մայր գերանն էլ կոտրւեց միանգամից, ու մայր սիւնն էլ ծալւեց միանգամից…
Մեր սերնդի բանաստեղծների մէջ ամենից կրտսերն էր նա, բայց աւագագոյնն էր վաստակի ու հանճարի առումով:
ՀԱՄՕ ՍԱՀԵԱՆ
* * * *
Կեանքում նա շատ անմիջական էր, բարի, զգայուն, բաց հոգու տէր մարդ: Նրա հետ շփւելը հեշտ էր ու հաճելի: Նրա միտքը, ողջ ինտելեկտը համազոր էին հայոց խորհրդանշական նահապետ Արարատի իմաստուն եւ ճերմակ բարձունքներին, նրա մարդկային եւ բանաստեղծական խառնւածքը լեռնային գետակի բուռն հոսք էր յիշեցնում…
Բուն հայկական խառնւածքի մարդ…
«Եղիցի լոյս». նման ցանկութիւն, որ նա ընտրել էր իբրեւ խորագիր իր սքանչելի պոետական շարքի, իր հարազատ երկրին եւ ողջ աշխարհին կարող էր մաղթել միայն այն բանաստեղծը, որի սիրտը լի է բարութեամբ, ազատութեամբ, գեղեցկութեամբ ու սիրով՝ դէպի մարդը: Դէպի այն մարդը, ում մեծագոյն սիրով նա քնքշօրէն տանում էր իր «ափի մէջ»՝ այնքան մօտիկ իր շռայլ սրտին: Նրա ամբողջ քնարերգութիւնն ու էպիկական ստեղծագործութիւնը թափանցւած էր լուսակիր բարու եւ ազատութեան բերկրանքով:
ԷԴՒԱՐԴԱՍ ՄԵԺԵԼԱՅՏԻՍ
* * * *
Նա զգայուն էր ծաղկաթերթի, բառի, զգացմունքի հանդէպ…
Սեւակի բանաստեղծութիւնները կը մնան: Նրանք շարունակում են հնչել եւ խորհել…
ԱՆԴՐԷՅ ՎՈԶՆԵՍԵՆՍԿԻ
* * * *
Ահա այսպէս մեր կողքին շարունակում է իր տրոփուն, բայց մեծերին վիճակւած յաւիտենական կեանքով ապրել մեզանից վաղաժամ հեռացած մեր մեծ ժամանակակիցը՝ Պարոյր Սեւակը:
ԴԱՒԻԹ ԳԱՍՊԱՐԵԱՆ
* * * *
…Բայց եթէ անշրջելի է ժամանակը, եւ դառն իրողութիւնը մնում է իրողութիւն, եւ եթէ իրաւ է, որ «յիշատակը սերում է գործերից. – յիշատակը մշուշ է, որ ելնում է եփւող ջրերից, բայց մնում է ինքը -անմեռ», ապա երիցս անմեռ է յիշատակը Բանաստեղծի, ում Անձը, Կեանքը, Խօսքը, Բառը այսօր գրողական ամենամեծ ներկայութիւնն է մեր կեանքում…
ԻՒՐԻ ԽԱՉԱՏՐԵԱՆ
* * * *
Իր մեծ նախորդների՝ Նարեկացու եւ Շնորհալու, Աբովեանի ու Ալիշանի, Սիամանթոյի ու Չարենցի ոգին էր, որ հարազատ որդու իրաւունքով ժառանգել էր նա: Կոմիտասեան անլռելի զանգակատան արձագանգներն էին նիրհում նրա արեան մէջ, որ արթնացան ու հնչեցին այնքան ուժգին, այնքան հարազատ ու հայրենաշունչ… Հնչեցին իրենց ղողանջները փլելով ամբողջ հայ ժաղովրդի հոգում՝ Մայր Հայաստանից մինչեւ Սփիւռքի հեռաւոր ծայրերը…
ՎԱՀԱԳՆ ԴԱՒԹԵԱՆ
* * * *
Պարոյր Սեւակը հայ ժողովրդի հաւատարիմ զաւակն ու նրա ճշմարիտ բանաստեղծն է՝ տաղանդով ու համոզմունքով: Ականջ դրէք Պարոյր Սեւակի զանգին…Նա գիտէր, որ ուրիշի վիշտ չի լինում եւ կարողանում էր ամբողջ աշխարհին կարեկցել բառ ու բանիւ, իսկ բառը նրա գործն էր, նրա ճակատագիրը… Ականջ դրէք Պարոյր Սեւակի զանգին…
ՄԻԽԱՅԷԼ ԴՈՒԴԻՆ
* * * *
Պարոյր Սեւակ ծնող ժողովրդի արգանդը երբեք ամուլ չի մնայ։ Նա իր օրինաչափ դադարներն ունի միայն։ Թող Զանգակատունը շէն մնայ, նոր ժամհար աշխարհ կը գայ անպայման։
ՌՈՒԲԷՆ ԶԱՐԵԱՆ
* * * *
Քիչ է ասել, թէ Պարոյրը տեղ գտաւ «հայ գրականութեան» պատմութեան մէջ. այստեղից երկրորդ բառը պիտի հանել առանց երկմտանքի: Օրինաչափութիւնն այն է, որ նշանաւոր գրողը տեղ գտնի գրականութեան պատմութեան մէջ ու երբ, ժամանակի վճռով, այդ տեղը քիչ գա նրան՝ իր տեղը գրաւի իր ժողովրդի ազգային պատմութեան մէջ եւս: Արդէն իսկ կարելի է ասել, որ Պարոյրը չենթարկւեց օրինաչափութեանը՝ նա իր գործով, կյանքով ու մահվամբ միանգամից մտավ հայոց պատմութեան մէջ՝ քաղաքական ու քաղաքացիական, գրական ու գեղագիտական, հասարակական ու քննադատական մտքի պատմութեան:
Մի ամբողջ սերնդի կեանքում ոչ ոք այնպիսի ներգործութիւն չունեցաւ ժամանակակիցների վրայ, որքան Պարոյրը: Նրանց ազգային մտածողութեան եւ առհասարակ մտածողութեան, նրանց աշխարհզգացման, աշխարհընկալման, նոյնիսկ աշխարհայացքի վրայ…
Մի ամբողջ սերնդի մտքերի տիրակալը եղած գրողը չի կարող հաստատօրէն տեղ չբռնել իր ժողովրդի պատմութեան մէջ՝ անկախ այն պարագայից, թէ ինչ է սպասում իր ստեղծագործութեանն ապագայում…
ԼԵՒՈՆ ՀԱԽՎԵՐԴԵԱՆ
* * * *
Մենք անընդհատ մօտենում ենք բանաստեղծին, իսկ մեր միջեւ եղած տարածութիւնը մեծանում է տարեցտարի: Եւ քանի որ «Մեծը հեռւից է երեւում», տարածութեան աւելացման հետ Պարոյր Սեւակ երեւոյթը խոշոր մասշտաբներ է ընդունում:
… Նա պատկանում է այն երեւոյթների թւին, որոնք աճում են ժամանակի մէջ:
ԻՒԱՆ ԴՐԱՉ
* * * *
…Պարոյրի նման պոէտները գրելիս այրւում են, պարզապէս բոցավառւում: Կեանքում էլ նա զարմանալի անհանգիստ էր, կրքով էր խօսում: Եթէ սիրում էր, ապա սիրում էր ամբողջ հոգով: Կիսաբերան ոչինչ չէր ասում: Սովորութիւն չունէր, այսպէս ասած, կէս խօսքով հասկացնելու: Միշտ էլ մեծերի ճշմարտութիւնը ոչ միայն մեծ, այլեւ մերկ է լինում… Սեւակը հեռացաւ իր ուժերի ծաղկման շրջանում, բայց նրան վիճակւած էր ոչ միայն հայոց ցաւի եւ ուրախութեան երգիչը լինել, այլեւ ուղեկիցը ազգի անմահութեան…
ԹԷՅՄՈՒՐԱԶ ՋԱՆԳՈՒԼԱՇՒԻԼԻ
* * * *
Պարոյր Սեւակ բախտ է, աստղ է: Ես հիացէր եմ անոր գրութիւնեն:
Սեւակ թանկ է հային համար:
ՎԻԼԻԱՄ ՍԱՐՈՅԵԱՆ
* * * *
…Մեծերը չեն մահանում: Մեծերը ձուլւում են մարդկանց հոգիներին, մտնում մարդկանց սրտերը՝ սերնդէ-սերունդ յարատեւելու անխախտութեամբ… Անչափելի եւ խոր եւ երկնամերձ բարձր սքանչելիքներ տւեց մեզ Պարոյր Սեւակը… Նրա մեծութիւնը գնահատողը ժամանակներն են, որ կան ու լինելու են: Ժողովրդի անբիծ սերը այն յուշարձանն է, որ ստեղծել է ինքը՝ մեծ բանստեղծը: Այդ սէրը մաքուր ու յաւերժական է: Գնալով այդ սէրը կը թանձրանայ եւ կը ծաւալւի գարնան զարթօնքի նման՝ հիացմունք եւ ուրախութիւն բերելով ժամանակի ու տարածութեան հեռուներում իրար յաջորդող սերունդներին…
ՍԵՐՕ ԽԱՆԶԱԴԵԱՆ