Մինաս Աւետիսեանի ու Պարոյր Սեւակի հանդիպումը
«Ո՞նց ենք քիչ, երբ Պարոյր Սեւակ ունենք, նրա ամեն մի տողը անակնկալ է, նոր ու ինքնատիպ մտածողութիւն»,- ժպտալով ասում էր Մինասը։
Մինաս Աւետիսեանն ու Պարոյր Սեւակը 1966 թ.-ի աշնանը հանդիպում են գրականագէտ Վաչէ Սաֆարեանի տանը։ Հանդիպանը ներկայ է լինում նաեւ լրագրող Վ. Շահնազարեանը։
Տանտերը յիշում է.
«Պարոյրը գրկեց եւ ջերմօրէն համբուրեց Մինասին տասնեակ տարիների ծանօթ-բարեկամի նման: Ապա իրեն յատուկ անմիջականութեամբ ասաց.
– Մինաս, դու ոչ միայն մեծատաղանդ նկարիչ ես, այլեւ՝ բանաստեղծ: Քո բանաստեղծական ապրումով լիքը խօսքը` «Ամէն առաւօտ, երբ արթնանում եմ, թւում է, թէ այսօր գիւղ եմ գնալու, գիւղ պիտի գնամ»,- ինձ ասել է Վաչէն։ Ես օրւայ 24 ժամերին գիւղում զբաղւած եմ տան շինարարութեան, այգու աշխատանքներով, քաղաքում հազւադէպ եմ լինում։ Շնորհակալ եմ իմ փոքր ախպորից` Վաչիկից, որ մեզ վերջապէս հանդիպեցրեց: Քո այդ խօսքը շատ է բանաստեղծական։ Ես այդ մեծ կարօտի զգացումն ունեցել եմ շատ անգամներ՝ հեռաւոր Մոսկւայում եղած տարիներին։ Տեղն ու տարածութիւնը կարեւոր չեն, այլ ապրումի պոէտական ծաւալն ու խորքը, տարողունակութիւնը:
Մինասն իրեն յատուկ խորաթափանցութեամբ խօսեց Սեւակի մի քանի գործերի մասին՝ զարմանք պատճառելով մեզ իր գրական նուրբ, խորունկ վերլուծումներով։
Վերջապէս տեղի ունեցաւ երկու մեծերի սպասւած հանդիպումը»։
1977 թ.-ին ռուսալեզու «Կոմունիստ» օրաթերթի սեպտեմբերի 14-ի համարում այդ հանդիպման մասին Վ. Շահնազարեանը գրում է. «Կարող եմ հպարտութեամբ ասել, որ ներկայ եմ եղել Պարոյր Սեւակի եւ Մինասի եզակի հանդիպմանը, որը տեղի ունեցաւ բանասէր Վաչէ Սաֆարեանի սեղանի շուրջ»։