Ստացւած գրքեր-հանդէսներ

Շնորհակալութեամբ ստացւել է Իրանի Հայ Աւետարանական Եկեղեցու պաշտօնաթերթ՝ «Սուրհանդակ» հանդէսի 2025 թւականի երկրորդ համարը։
Սուրհանդակի հերթական՝ 370-րդ համարում զետեղւած է Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու Համայնքապետ Վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանի «Յանցաւոր է «լինելու» համար, վճռական՝ «մնալու»» յօդւածը, ինչպէս նաեւ նրա երկու քարոզները՝ «Յարութեալի հանդիպումը» եւ «Մարդու Որդին եկել է կորածին փնտրելու»։
Հանդէսի միւս էջերում ներառւած են Լուսինէ Նազարի, Քլարիս Աղաջանեան-Շահվերդեանի եւ Անի Յովսէփեանի ինքնուրոյն յօդւածներն ու թարգմանութիւնները։
Շապիկի հիմնական լուսանկարին զուգահեռ, թերթում անդրադարձ կայ նաեւ Լամպեդուզայի Խաչի պատմութեանը։ Յօդւածը պատմում է 2013 թւականին տեղի ունեցած ողբերգութեան մասին, երբ մի խումբ փախստական-միգրանտների նաւակը կողաշրջւել է Իտալիայի Լամպեդուզա ափամերձ քաղաքի մօտ՝ շուրջ 500 աֆրիկացի ուղեւորներով։ Նրանցից 311-ը զոհւել են, իսկ մնացածին փրկել են տեղացիները։ Լամպեդուզացի Ֆրանչեսկօ Տուզօն խորտակւած նաւի փայտաբեկորներից էրիտրացի եւ սումալացի փրկւածների համար պատրաստել է կախազարդ խաչ։ Հետագայում նա ստեղծել է նաեւ աւելի մեծ խաչ, որը Հռոմի Պապը օգտագործել է կղզում զոհւածների յիշատակին կատարւած հոգեհանգստեան արարողութեան ժամանակ։
Հանդէսի միւս շապիկին տպագրւած է Արամ Ա Վեհափառի հետ Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու Համայնքապետ Վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանի լուսանկարը, ներկայացնելով Վեհափառ Հայրապետի հեղինակած «Հայոց Եկեղեցին» գրքի պարսկերէն թարգմանութիւնը:
218 էջից կազմւած այս գիրքը անգլերէնից պարսկերէնի է թարգմանել Իրանի Հայ Աւետարանական Եկեղեցու համայնքապետ վեր. դոկտ. Միշէլ Աղամալեանը։ Թերթում նշւում է, որ ծիսական բառերին համարժէք տերմիններ գտնելու համար թարգմանիչը ուսումնասիրել եւ սերտել է բազմաթիւ պարսկերէն աղբիւրներ։
Յիշեցնենք, որ «Սուրհանդակ» հանդէսը շարունակաբար լոյս է տեսնում արդէն 46 տարի՝ պահպանելով իր եկեղեցական-մշակութային առաքելութիւնը։



