Մշակութային

Ստացւած գրքեր-հանդէսներ

Խմբագրութիւնս շնորհակալութեամբ ստացել եւ ներկայացնում է դոկտ. Միշէլ Աղամալեանի թարգմանած Նիկոլաս Վոլտերստորֆի Lament For a Son գրքի պարսկերէն տարբերակը՝ در سوگ پسر:

Այս գիրքը խորապէս անդրադառնում է հայրական վշտին, հաւատքին եւ մարդկային զգացմունքների խորքին՝ ընթերցողին տալով վիշտը զգալու եւ վերապրելու հնարաւորութիւն:

 

«Ի սուգ որդու»՝ վիշտը, հաւատքն ու փիլիսոփայութիւնը

Ամերիկացի փիլիսոփայ Նիկոլաս Վոլտերստորֆն հեղինակել է անպատմելի խորութեամբ գիրք՝ Lament for a Son-ը, որը նւիրւած է իր որդու՝ Էրիկի մահւան ողբերգութեանը:

Նիկոլաս Վոլթերստորֆը նշանաւոր հեղինակ է փիլիսոփայական եւ Աստւածաբանական թեմաներով, ներառեալ գեղագիտութիւնը, գիտութեան փիլիսոփայութիւնը, քաղաքական փիլիսոփայութիւնը, կրօնի իմաստասիրութիւնը, մետաֆիզիկան եւ կրթութեան փիլիսոփայութիւնը։ Նա արժանացել է բազմաթիւ մրցանակների, այդ թւում՝ Ֆուլբրայթ նախագծի գրանթին։

Գրքում Վոլտերստորֆը բացայայտում է իր վիշտը՝ ոչ միայն որպէս հայր, այլեւ որպէս հաւատաւոր մարդ, ով փորձում է հասկանալ կեանքի, մահւան եւ Աստծոյ փոխյարաբերութիւնները: Գիրքը բաղկացած է փոքր վինիետներից (ֆրանսերէն vignette, գրականութեան եւ արւեստում նշանակում է կարճ, ինքնուրոյն հատւած, որը ներկայացնում է պատկեր, դրւագ կամ զգացմունք՝ առանց երկար, մանրամասն զարգացւած սիւժէներից:

 Գրքում հեղինակն այդ ինքնուրոյն հատւածների ամբողջական վարպետաց դաս է անցնում ընթերցողի համար.

1

Ես յիշում եմ նրա ծիծաղը՝ թեթեւ ու անզուսպ, իսկ հիմա միայն լռութիւնն է մնացել։

Աչքերիս առաջ անցնում են օրերը, որոնց այլեւս վերադարձ չունեն։

2

Ամպերն էլ մի ուրիշ կերպ են թափանցիկ այսօր. կարծես ողջ աշխարհը վշտի պէս անձայն է։

Ես կանգնած եմ մի անկիւնում, եւ միայն նրա յիշողութիւնն է ինձ հետ:

3

Նրա չլինելը սովորեցնում է՝ ինչ է նշանակում սիրել առանց պատկերի։

4

Երեխայի մահն  ինձ մի աշխարհ մտցրեց, որտեղ հարցերն անպատասխան են, եւ միայն աղօթքներն են խօսում այն մասին, ինչ բառերը չեն կարող։

5

Բայց գիտեմ՝ իմ ողբը միակ բանն է, ինչը դեռ կարողանում է յետ բերել նրա յիշողութիւնը։

Այսօրինակ հատւածներով հեղինակը արտացոլում է իր յոյզերը, մտքերը եւ հոգեւոր երկխօսութիւնը, ցոյց տալով, որ վիշտը չի հետեւում տրամաբանական կառուցւածքի, այլ շարունակում է ապրել մեր յիշողութիւններում ու հոգու խորքում:

Գրքի պարսկերէն թարգմանութիւնը՝ در سوگ پسر, կատարւել է դոկտ. Միշէլ Աղամալեանի կողմից եւ հասանելի է պարսկական ընթերցողին: Թարգմանութեան միջոցով ընթերցողները հնարաւորութիւն ունեն մտովի եւ հոգեպէս հաղորդակցւել հեղինակի փորձին՝ հասկանալու, որ վիշտն ունի ինչպէս անձնական, այնպէս էլ հասարակական եւ հոգեւոր կարեւորութիւն:

Վոլտերստորֆը չի փորձում տալ պարզ եւ հիմնաւորւած բացատրութիւն ողբի պատճառների մասին, այլ ընդունում է վիշտը որպէս միստերիա եւ շարունակական երկխօսութիւն Աստծոյ հետ: Նա ցոյց է տալիս, որ վիշտը կարող է լինել նաեւ սիրերգ, որը ոչ միայն կարող է ցաւ պատճառել, այլ նաեւ կապը լինել սիրոյ, հաւատքի եւ յոյսի միջեւ:

Արտասահմանեան մամուլի հրապարակումների համաձայն «Ի սուգ որդու» գիրքը դիտւում է որպէս ուղեցոյց ողբացողների, եւ այն թոյլ է տալիս ընթերցողներին զգալ, որ վիշտը ոչ միայն անհատական փորձ է, այլ մարդկային եւ հոգեւոր ընդհանուր վիճակ, որը կարող է ընկալւել ամբողջ աշխարհում՝ անկախ մշակոյթից ու հաւատամքից:

Related Articles

Back to top button