Հայաստանի բնակչութեան երկու երրորդը չի հաւատում, որ Ադրբեջանի հետ խաղաղութիւն հնարաւոր է

Տարիների ընթացքում ես հետեւել եմ բազմաթիւ հարցախոյզերի, որոնք ուսումնասիրել են Հայաստանի բնակչութեան տեսակէտները հիմնական սոցիալական եւ քաղաքական հարցերի վերաբերեալ: Այդ բոլոր ուսումնասիրութիւնները ցոյց են տւել վարչապետ Նիկոլ Փաշինեանի ժողովրդականութեան զգալի անկումը 2018 թւականին իշխանութեան գալու պահին 82%-ից մինչեւ ներկայումս՝ ընդամէնը 10%-ից փոքր-ինչ աւելի:
Վերջին համազգային հարցախոյզը Հայաստանում անցկացւել է 2025 թւականի հոկտեմբերի 5-25-ը՝ «Արար» քաղաքակրթական հետազօտութիւնների հիմնադրամի կողմից։ Արդիւնքները հրապարակւել են 2025 թւականի նոյեմբերի 11-ին։ Հարցախոյզի սխալի տոկոսը կազմում է ±2.92։ Մասնակիցները եղել են 18-ից մինչեւ 80 եւ բարձր տարիքի քաղաքացիներ։
Հարցախոյզը մեկնարկել է ընտանիքների տնտեսական վիճակի վերաբերեալ հարցադրումներով։ Մասնակիցների 12.7%-ը նշել է, որ իրենց ընտանիքը աղքատ է կամ շատ աղքատ, 30.3%-ը՝ միջինից ցածր, 49.7%-ը՝ միջինից բարձր, իսկ 6.2%-ն իրենց վիճակը գնահատել է որպէս լաւ կամ շատ լաւ։
Ստորեւ ներկայացւած են հանրութեան գոհունակութեան ցուցանիշները տարբեր պետական կառոյցների նկատմամբ․
– Ազգային ժողով. ցածր գոհունակութիւն՝ 50%, միջին գոհունակութիւն՝ 24.4%, բարձր գոհունակութիւն՝ 25.2% (2025 թւականի փետրւարին՝ 17.9%):
– Զինւած ուժեր. ցածր գոհունակութիւն՝ 14.3%, միջին գոհունակութիւն՝ 18.1%, բարձր գոհունակութիւն՝ 66.4% (2024 թւականի մայիսին՝ 58.3%):
– Ոստիկանութիւն. ցածր գոհունակութիւն՝ 23.2%, միջին գոհունակութիւն՝ 21.1%, բարձր գոհունակութիւն՝ 54.6% (2024 թւականի մայիսին՝ 58.3%):
– Կառավարութիւն. ցածր գոհունակութիւն՝ 39.5%, միջին գոհունակութիւն՝ 20.5%, բարձր գոհունակութիւն՝ 39.5% (2024 թւականի ապրիլ-մայիս ամիսներին՝ 23.1%):
– Հայ Առաքելական Եկեղեցի. ցածր գոհունակութիւն՝ 19.1%, միջին գոհունակութիւն՝ 16.8%, բարձր գոհունակութիւն՝ 62.5% (2024 թւականի ապրիլ-մայիս ամիսներին՝ 54.1%):
Հարցին, թէ արդեօք Հայաստանի կառավարութեան արտաքին քաղաքականութիւնը ճիշտ է, թէ սխալ, 42.9%-ը պատասխանել է «ճիշտ է», մինչդեռ 51.8%-ը՝ «սխալ է» (2025 թւականի փետրւարին՝ 64%):
Ինչ վերաբերում է Հայաստանի կառավարութեան ներքին քաղաքականութեան ճիշտ կամ սխալ լինելուն, հարցւածների 34.5%-ը պատասխանել է «ճիշտ է», մինչդեռ 62.7%-ը՝ «սխալ է» (2023 թւականի դեկտեմբերին՝ 30.4%): Կարեւոր է, որ հարցւածների այն մասը, որն ասել է, թէ կարծիք չունի/դժւարացել կամ հրաժարւել է պատասխանել, 2023 թւականի դեկտեմբերի 33.1%-ից նւազել է մինչեւ 2.8%՝ 2025 թւականի հոկտեմբերին:
Այն հարցին, թէ արդեօք Ադրբեջանի հետ կայուն, երկարատեւ խաղաղութեան կարելի է հասնել բանակցութիւնների միջոցով, 30.5%-ը պատասխանել է «այո», մինչդեռ 69.2%-ը՝ «ոչ» (2024 թւականի յուլիսին՝ 67.2%):
Այն հարցին, թէ արդեօք նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդութեամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքւած խաղաղութեան պայմանագիրը իրական խաղաղութիւն կը բերի, 33.7%-ը պատասխանել է «այո», իսկ 65.1%-ը՝ «ոչ»։
Հարցին, թէ «Հաշւի առնելով Հայ Առաքելական Եկեղեցու հասցէին [կառավարութեան] հնչող քննադատութիւնները, արդեօք հանրութիւնը կը միանա՞յ եկեղեցու կողմից համախմբման կոչին», 49%-ը պատասխանել է «այո», իսկ 49.3%-ը՝ «ոչ»։
Այն հարցին, թէ արդեօք անհրաժեշտ է կրճատել ռազմական բիւջէն եւ զինւորների թւաքանակը, 19.1%-ը պատասխանել է «այո», մինչդեռ 80.2%-ը պատասխանել է «ոչ»։
Հարցին, թէ արդեօք Հայաստանում գտնւող Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան պէտք է փակւի, իսկ ռուս զինւորները դուրս բերւեն/հեռացւեն, հարցւածների 32.1%-ը պատասխանել է «այո», իսկ 64%-ը՝ «ոչ»։
Հայ նախկին ղեկավարների՝ իշխանութեան վերադառնալու հարցին 18.3%-ը պատասխանել է «այո», մինչդեռ 78.6%-ը՝ «ոչ» (79.5%-ը՝ 2025 թւականի յուլիսին):
Հարցին, թէ արդեօք Հայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրութիւն՝ որպէս նախագահ Ալիեւի կողմից խաղաղութեան պայմանագիր ստորագրելու նախապայման, որի ուղղութեամբ վարչապետ Փաշինեանն արդէն նախաձեռնել է սահմանադրութիւն մշակող յանձնաժողովի ստեղծումը, հարցւածների 35.1%-ը պատասխանել է «այո», մինչդեռ 61.3%-ը՝ «ոչ»։ Սա լուրջ մարտահրաւէր է Փաշինեանի համար, քանի որ նա ձգտում է սահմանադրական փոփոխութիւններ կատարել Ալիեւին գոհացնելու համար, սակայն օրէնքը պահանջում է հանրաքւէ նոր սահմանադրութեան վերաբերեալ: Հաշւի առնելով հանրութեան բացասական տրամադրւածութիւնը նոր սահմանադրութեան նկատմամբ, Փաշինեանը, հաւանաբար, չի կարողանայ ապահովել նախագահ Ալիեւի ստորագրութիւնը խաղաղութեան պայմանագրի վրայ, որը Փաշինեանին յուսահատօրէն անհրաժեշտ է՝ յաջորդ տարւայ խորհրդարանական ընտրութիւններից յետոյ իր աթոռը պահպանելու համար: Եթէ հանրաքւէն ձախողւի, դա կարող է ոչ միայն խաթարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարը, այլեւ յանգեցնել ներքաղաքական լարւածութեան, ինչը կարող է բերել Փաշինեանի պաշտօնանկութեանը:
Յաջորդ հարցով աւելի կոնկրետ պարզել են, թէ արդեօք հայերը կը համաձայնւեն Ալիեւի պահանջով փոխել ՀՀ Սահմանադրութիւնը՝ խաղաղութեան դիմաց: Ճնշող մեծամասնութիւնը՝ 91.3%-ը, պատասխանել է «ոչ», մինչդեռ միայն 7.7%-ն է ասել «այո»:
Ի պատասխան այն հարցի, թէ որն է Ադրբեջանի երկարաժամկէտ նպատակը Հայաստանի նկատմամբ, 13.7%-ը պատասխանել է՝ Հայաստանի տարածքի մի մասի բռնազաւթում, 15%-ը՝ Հայաստանի անկախութեան թուլացում եւ կախւածութեան մէջ գցում, 48.5%-ը՝ Հայաստանի ամբողջական ոչնչացում (էթնիկ, պետական), իսկ 17.4%-ը՝ խաղաղ յարաբերութիւնների հաստատում եւ տնտեսական համագործակցութիւն։ Այս արդիւնքները ցոյց են տալիս, որ հայերի ճնշող մեծամասնութիւնը մերժում է Փաշինեանի՝ Ադրբեջանի հետ խաղաղութեան մասին հաւաստիացումները։
Երբ հարցւածներին ներկայացրել են հինգ երկրների անուններ եւ առաջարկել նշել, թէ դրանցից որի հետ Հայաստանը պէտք է ստեղծի ռազմական դաշինք, պատասխանները բաշխւել են հետեւեալ կերպ. Ռուսաստան՝ 37.8% (նշւած է աճ՝ 2024 թւականի յուլիսի 24.3%-ի համեմատ), Եւրամիութեան երկրներ՝ 15.9% (նւազում՝ 2024 թւականի յուլիսի 29%-ից), Իրան՝ 17.5% (նւազում՝ 2024 թւականի յուլիսի 18.2%-ից), Միացեալ Նահանգներ՝ 18.3% (գրեթէ անփոփոխ՝ 2024 թւականի յուլիսի 18.2%-ի համեմատ), Հնդկաստան՝ 5.4% (նւազում՝ 2024 թւականի հոկտեմբերի 6.8%-ից) եւ Թուրքիա՝ 0.5%։
Այս հարցախոյզի արդիւնքները շատ աւելի կարեւոր են, քան որեւէ մէկի կարծիքը։
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ



