Մշակութային

«Հայի գէնը» վէպը՝ Թուրքիայում ապրող իսլամացած հայերի մասին

Վերջերս ընթերցողի սեղանին դրւեց բանաստեղծ, արձակագիր, բանասիրական գիտութիւնների թեկնածու Ժաննա Յակոբեանի «Հայի գէնը» խորագրով վէպը: Այն Թուրքիայում ապրող իսլամացած հայերի մասին է, որոնց նախնիները վերապրել են Եղեռնի ողջ սարսափները: Նշենք, որ 26 գրքերի հեղինակը մինչ այդ ոչ միայն անդրադարձել է Հայոց Ցեղասպանութեան թեմային՝ գրելով «Գողգոթայի երդւեալ վրիժառուն» վէպը (2015 թ.), այլեւ նրա ստեղծագործական կեանքի անբաժանելի մասն են կազմում Արցախին նւիրւած հայրենասիրական մի շարք երկեր: Այս շարքում ես կառանձնացնէի մասնաւորապէս Ժաննա Յակոբեանի «Ղարաբաղի ճակատագիրը» վերտառութեամբ պատմավէպը, որի մասին, առանց չափազանցութեան, կարելի է ասել, որ արդի հայ գրականութեան մէջ ռազմահայրենասիրական դաստիարակութեան թեմաներով եղած ստեղծագործութիւնների շարքում իր առաջնակարգ դերն ունի: Աւելին. այն գալիք սերունդների համար կարող է ծառայել որպէս դասագիրք:

Իսկ եթէ զուգահեռներ անցկացնելու լինենք նոր գրքի եւ նախորդ գրքերի միջեւ, ապա հասկանալի կը դառնայ, որ Ժաննա Յակոբեան-արձակագիրն ամենուր այն գաղափարն է առաջ քաշում, որ մեր նախնիներից արեան միջոցով մեզ է փոխանցւել ոչ միայն ազգային, արժանապատւութեան, հայրենասիրութեան զգացումները, այլեւ թշնամու հանդէպ ունեցած ներքին ատելութիւնն ու վրէժխնդրութիւնը: Դեռ տարիներ առաջ Արցախեան առաջին գոյամարտին նւիրւած «Արեան յիշողութիւն» վէպում գրողը միաժամանակ ընդգծել է արեան անջնջելի յիշողութեան կարեւորութիւնը: Յակոբեանը գրում է. «Մենք տիրապետում ենք մեր նախնիների վիթխարի ու անջնջելի այն յիշողութեանը, որ փոխանցւում է մեզ մեր գէների միջոցով: Սովորաբար ասում են, որ եթէ վատ ես զգում, եթէ դժւար ես տանում տառապանքը, գնա՛ նախնիներիդ ապրած վայրը ու մօտեցի՛ր որեւէ քարի: Քարը կընդունի քո ցաւը, քանզի արեան յիշողութիւնը մի անտեսանելի թել է, որը միացնում է իւրաքանչիւր մարդուն իր նախնիների յաջորդ սերունդներին…»: Ահա հէնց գէնի կարեւորութեան մասին է պատմւում «Հայի գէնը» նոր գրքում: Ահաւասիկ, ծնունդով լինելով արցախցի, նա շատ լաւ է գիտակցում, թէ ինչ է նշանակում ապրել թշնամիներով շրջապատւած մի փոքրիկ լեռնաշխարհում եւ երբեք սուրը պատեան չդնել, քանի որ ֆիզիկական բնաջնջման պարագայում կոչնչանայ նաեւ հայի գէնը: Նոյնը չենք կարող ասել Թուրքիայում ապրող հայերի մասին, ուր շարունակւում է հայերի հանդէպ ատելութիւնն առայսօր: Ցաւօք, Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ մի դար է անցել, սակայն այնտեղ մնացած հայերը վախենում են նոր ջարդերից: Այդ պատճառով էլ իսլամացած հայերի մի մասը չի ուզում վերադառնալ իր ինքնութեանը: «Կարծում ես՝ ինձ համար հե՞շտ է արեամբ, գէնով լինել քրիստոնեայ, բայց ընդունել իսլամը, ապրել որպէս թուրք»,- դառնութեամբ ասում է գրքի հերոսներից մէկը: «Հայի գէնը» վէպում արձակագիրը գլխաւոր հերոսի օրինակով ցոյց է տալիս, թէ ինչքան ծանր է հայ լինելը եւ բարձրաձայնելը Թուրքիայում: Սիւժետային զարգացումը պատկերւած է մի ընտանիքի պատմութեան միջոցով: Վէպի գլխաւոր հերոսը՝ Գրիգոր Ակչամը, երգիչ է, պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի գաղափարների կրողը, որը հանդէս էր գալիս ազգային փոքրամասնութիւնների իրաւունքները պաշտպանելու կոչերով, նաեւ վեր հանելով մահմեդականացւած հայերի առկայութիւնը: Դինքի սպանութիւնից յետոյ, երբ ցոյցեր էին կազմակերպւում, նա էլ հազարաւոր մարդկանց նման դուրս էր եկել փողոց «Ես հայ եմ, ես Դինք եմ» կարգախօսով: Նոյն ակտիւութեամբ էլ երկրի առաջադիմական ուժերի հետ պահանջել է երկրի իշխանութիւններից ընդունել Հայոց Ցեղասպանութեան փաստը, անգամ ներողութիւն խնդրել հայերից իր նախնիների կատարած չարագործութիւնների համար: Ողբերգութիւնն այն է, որ հասուն տարիքում է երգչին յայտնի դառնում ճշմարտութիւնն այն մասին, որ նախնիները եղել են հայեր: Վերադառնալով իր ազգային ինքնութեանը՝ նա փոխում է անձնագիրը, անունը, կնքւում, դառնում է քրիստոնեայ, սակայն նրա կեանքը փոխւում է հարիւր ութսուն աստիճանով: Մինչ այդ եթէ նա իրեն երջանիկ էր զգում՝ ունենալով ընտանիք, զաւակներ, սիրած գործ, ամէն ինչ միանգամից փլուզւում է: Նրանից հեռանում են կինը, զաւակները, ընկերների ու երկրպագուների մի մասը: Երգիչն սկզբում ըմբոստանում է իր հարազատ ծնողների դէմ, յետոյ, անշուշտ, հաշտւում նրանց հետ: Ծնողներին, այնուհանդերձ, ցաւով յիշեցնում է, որ մահմեդական դառնալով՝ նրանք, միեւնոյն է, չեն ազատւել վտանգից, քանի որ Թուրքիայում ապրող բոլոր ազգերը կոդաւորւած են: Արձակագիրը դառնութեամբ է արձանագրում, որ այդ կոդաւորումը թուրքական պետութիւնը ժառանգել է Օսմանեան կայսրութիւնից: Դէպքերի բերումով Գրիգորը լինում է այն վայրերում, որտեղ ապրել են իր նախնիները, հարցուփորձ է անում եղեռնից փրկւած ու ողջ մնացած մարդկանցից ու աւելի է դառնանում: Աւելին. նա աստիճանաբար իր մաշկի վրայ զգում է, որ ոչ միայն վտանգաւոր է հայերի համար իր երկիրը, այլեւ հայ լինելու պարագան բազմաթիւ խնդիրներ ու խոչընդոտներ է առաջացնում: Բարեբախտաբար, նա ունի գաղափարակիցներ, որոնց թւում է նաեւ յայտնի պոլսահայ լուսանկարիչ Արա Գիւլերը: Ժամանակ առ ժամանակ հանդիպելով ծեր լուսանկարչին նրա սրճարանում, կիսում է իր հոգու տագնապներն ու մտորումները: Գրիգոր Ակչամի համախոհներից է հայերէնի ուսուցչուհի Երանուհին, որը նոյնպէս մտածում է, որ ծպտեալ հայերը պէտք է բացայայտւեն, այլապէս իրենց ինքնութեան համար չեն կարող պայքարել: «Հայկական մշակոյթը տոգորւած է ազատագրական ոգով ու գաղափարախօսութեամբ, սակայն մահմեդականութիւն ընդունելով, կրօնափոխ լինելով՝ հայը ոչ միայն հերքում է ազատագրական պայքարի ոգին, այլեւ համաձայնւում դառնալ թշնամու գաղափարախօսութեան կրողը»,- ասում է անվախ ու ազգասէր ուսուցչուհին: Այնինչ գլխաւոր հերոսի հակապատկերն է նրա եղբայրը, որն ազգայնամոլ է, «Գորշ գայլեր» կազմակերպութեան անդամ: Նա մի քանի անգամ մահափորձ է կատարում եղբօր դէմ՝ ի վերջոյ յայտնւելով ճաղերի յետեւում:

Յատկանշական է նաեւ այն փաստը, որ հեղինակի աչքից չի վրիպել քրդական հարցը: Գրողը մի շարք ողբերգական դէպքերի միջոցով զուգահեռներ է անցկացրել Հայոց Ցեղասպանութեան եւ այժմ Թուրքիայում քուրդերի դէմ իրականացւող գործողութիւնների միջեւ:

Վէպը գրւած է իրական փաստերի ու դէպքերի հիման վրայ: Եւ գործողութիւնների ընթացքն այնպիսի հետաքրքրութեամբ է շարադրւած, որ ընթերցողն ակամայից դառնում է այդ ամենի ականատեսը: Գրքում տեղ գտած իրական փաստերից մէկն այն է, թէ ինչպէս էին Ստամբուլի «Մեսրոպեան» վարժարանի պատին ազգայնականները թողել հետեւեալ գրութիւնը. «Մի գիշեր անսպասելի Ղարաբաղում կը յայտնւէք»: Իբրեւ թէ այնտեղ հայերին շուտով կը կոտորեն եւ հերթն էլ Ստամբուլի հայերին կը հասնի: Այնինչ հայրենասէր գրողը, որի համար Արցախի ցաւը, իրօք, իր ցաւն է, ցասումով եզրակացութեան է յանգում՝ կարծես իր կոչն ուղղելով հակառակորդներին. «Դա երբեք չի լինի, քանի որ հայկական այդ լեռնաշխարհում ամենաքաջ ու անվախ հայերն են բնակւում»:

Համոզւած ենք, որ Ժաննա Յակոբեանի «Հայի գէնը» վէպը թուրքահայերի մասին պատմւող լաւագոյն գործերից է, ուր կրկին անգամ բարձրացւում է Ցեղասպանութեան թեման, որը մարդկութեան դէմ տարւող ամենամեծ յանցագործութիւնն է:

ՌԱԶՄԻԿ ԳԱԼՍՏԵԱՆ
(ՀԳՄ անդամ, բանաստեղծ)

«Առաւօտ» օրաթերթ

Related Articles

Back to top button