Կանանց մօտ կաթւածի ռիսկն աւելի բարձր է, քան տղամարդկանց մօտ

Ինսուլտը շարունակում է մնալ աշխարհում հաշմանդամութեան հիմնական պատճառներից մէկը, ընդ որում, աւելի ու աւելի յաճախ է հանդիպում ոչ միայն տարեցների, այլեւ երիտասարդ կեանքի առաւել ակտիւ տարիներում գտնւող կանանց։ ԱՄՆ-ի տւեալներով՝ ամէն տարի ինսուլտ է տանում մօտաւորապէս 55 հազարով աւելի շատ կին, քան տղամարդ։ Հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ կենսաբանութիւնը, հորմոնալ փոփոխութիւնները եւ սոցիալական գործօնները կանանց համար առանձնայատուկ ռիսկեր են ստեղծում։ Այս մասին յայտնում է The Conversation պորտալը։
Հիմնական մեխանիզմներից մէկը կապւած է յղիութեան հետ։ Այնպիսի վիճակները, ինչպիսիք են յղիութեան հիպերտենզիան (գեստացիոն հիպերտենզիա) եւ պրեկլամպսիան, ուղեկցւում են ճնշման բարձրացմամբ եւ ներքին օրգանների վնասմամբ։ Սա մեծացնում է ինսուլտի հաւանականութիւնը ինչպէս յղիութեան ընթացքում, այնպէս էլ տարիներ անց, քանի որ բարձր ճնշումը վնասում է ուղեղը սնուցող անօթները։
Հորմոնալ հակաբեղմնաւորման որոշ տեսակներ եւս կարող են ազդել ռիսկի վրայ։ Էստրոգէն պարունակող համակցւած օրալ հակաբեղմնաւորիչները մեծացնում են արեան մակարդելիութեան հակումը եւ կարող են բարձրացնել ճնշումը։ Յատկապէս բարձր ռիսկեր են նկատւում 35 տարեկանից բարձր ծխող եւ միգրենով տառապող կանանց մօտ։ Միայն պրոգեստերոնի վրայ հիմնւած դեղամիջոցները չունեն այդպիսի ազդեցութիւններ։
Առանձին գործօն է դառնում դաշտանադադարը։ Էստրոգէնի մակարդակի անկման դէպքում անօթային պատերը կորցնում են իրենց էլաստիկութիւնը, վատանում են լիպիդային ցուցանիշները, ինչը անօթները դարձնում է աւելի խոցելի։ Հորմոնալ փոխարինող թերապիայի որոշ ձեւեր կարող են աննշանօրէն բարձրացնել ինսուլտի ռիսկը, յատկապէս, եթէ թերապիան սկսւում է դաշտանադադարից տարիներ անց։
Առանձնայատուկ ուշադրութիւն է դարձւում հղիութեան ընթացքում եւ ծննդաբերութիւնից յետոյ ունեցած ինսուլտներին։ American Heart and Stroke Association-ի տւեալներով՝ ապագայ եւ նոր ծննդաբերած մայրերը երեք անգամ աւելի յաճախ են ինսուլտ տանում, քան իրենց տարիքի այլ կանայք։
Լրացուցիչ բարդութիւն է ստեղծում ախտորոշումը։ Կանայք աւելի յաճախ են յայտնում ինսուլտի ոչ տիպիկ ախտանշանների մասին՝ գլխացաւ, սրտխառնոց, հոգնածութիւն, գիտակցութեան մթագնում, ինչի պատճառով բժիշկները կարող են նրանց վիճակը շփոթել միգրենի, անհանգստութեան կամ սթրեսի հետ։ Սա յանգեցնում է թանկարժէք ժամանակի կորստի, որից կախւած է բուժման ելքը։ Սուբարախնոիդալ արիւնազեղումը՝ ինսուլտի ծանր ձեւ է, որն արտայայտւում է գլխի յանկարծակի ուժեղ ցաւով եւ նոյնպէս աւելի յաճախ է հանդիպում կանանց մօտ, ինչը կապում են էստրոգենի անկման եւ գլխուղեղի զարկերակների թուլացման հետ։
Չնայած կուտակւած տւեալներին, ինսուլտի բազմաթիւ ռիսկեր, որոնք յատուկ են հէնց կանանց, դեռեւս բաւարար չափով ուսումնասիրւած չեն։ Կանայք շարունակում են թերներկայացւած լինել կլինիկական հետազօտութիւններում, ինչի պատճառով ախտորոշիչ եւ թերապեւտիկ մօտեցումները յաճախ ձեւաւորւում են արական ֆիզիոլոգիայի մասին տւեալների հիման վրայ։
Փորձագէտներն ընդգծել են, որ իրավիճակի բարելաւումը հնարաւոր է միայն այն դէպքում, եթէ ստեղծւեն կանխարգելիչ ծրագրեր, որոնք հաշւի կառնեն կանանց օրգանիզմի առանձնայատկութիւնները կեանքի տարբեր փուլերում։ Վաղ ախտորոշումը, ախտանշանների մասին իրազեկւածութիւնը եւ բուժման անհատական մօտեցումը կարող են զգալիօրէն նւազեցնել ինսուլտի գլոբալ բեռը եւ օգնել կրճատել գենդերային անհաւասարութիւնը մահացութեան եւ հաշմանդամութեան առումով։
News.am



