
(ԱՐՄԷՆ ՇԵԿՈՅԵԱՆԻ Բանաստեղծութիւնների ծաղկաքաղ)
ՇԱՐՈՒՆԱԿՒՈՂ ԽԱՂ
Կայծակի պէս ու արեգակի
մերթ ծագում է, մերթ չքւում անհետ:
Ես խաղ եմ խաղում մի երկակի
ուրիշներ ու ինքս ինձ հետ:
Առաւօտ կանուխ զարթնել եմ ու
չգիտեմ՝ Տէրն ինձ շնորհք կտա՞յ,
որ երեւակւեմ մարդոց դէմ ու
շողշողամ՝ զերդ մի փայլուն կտաւ:
ՍԷՐ ԵՒ ՅՈՅՍ
Ի՞նչ բառ գրեմ, որ յարատեւ
մնայ քիմքին ձեր բանիմաց.
լաւ բառ գրեմ, որովհետեւ
փող եմ առնում դրա դիմաց:
Սէր կգրեմ. սիրոյ գետերն
այժմ եւ միշտ թող վարարեն,
որ դուք չասէք՝ էդ տգէտը
ինչո՞ւ խօսեց մեր փոխարէն:
Ես յանուն ձեզ եւ յանուն ինձ
յոյս կըփըռեմ տողերիս տակ,
որ դուք չասէք՝ էդ խեղկատակն
ինչո՞ւ խօսեց մեր անունից:
ՊԱՐՏՈՒԹԻՒՆ
Դեռ շնչում ենք էս աշխարհում,
շնչում ենք ու ապաշխարում
եւ կեանքն արդէն չենք նշմարում
գողուբոզի էս աշխարհում:
Գողուբոզի էս աշխարհում
հարիֆներն են ապաշխարում,
այսինքն՝ մենք, այսինքն՝ ես…
Տանուլ տւի, Ամենատե՛ս:
ԼՈՂՈՐԴԸ
Լողում եմ. անվերջ ծով է արդէն
իմ ներքեւում ու իմ վերեւում:
Ձգւում է լողն իմ դէպի անդին,
ու ափերն արդէն չեն երեւում:
Ինձ զսպում եմ, որ չբղաւեմ՝
օգնէ՜ք, մթնո՜ւմ է, ո՜ւշ է արդէն…
Ես շիլաչեցի մի տղայ եմ,
ու տեսածներըս յուշ են արդէն:
ՑՐՏԻ ՄԷՋ
Ես փուչիկներ փչեցի,
բայց օդի մէջ պայթեցին:
Բախիս ձիուն հեծնեցի,
բայց կէսճամփին գայթեցինք:
Էս ցրտի մէջ, գիշերով
Էլ ոչինչ չեմ երազում:
Փաթաթւած գոլ յուշերով՝
ոչ մի տեղ չեմ վռազում:
Աղբիւրը՝ Granish.org