Հայաստան - ԱրցախՔաղաքական

Յակոբ Բադալեան. «Հանրութիւնը այս հարցում կարող է յայտնւել որոշակի ինքնախաբէութեան թմբիրում»

«ԱԼԻՔ» – Քաղաքական մեկնաբան Յակոբ Բադալեանը տելեգրամի իր ալիքում անդրադարձել է Եկեղեցու դէմ Փաշինեանի պայքարին:

«Այն, ինչ կասեմ, իհարկէ, չի հնչի հաճելի, բայց նաեւ ինձ համար մտահոգիչ է, որ հանրութիւնը այս հարցում կարող է յայտնւել որոշակի ինքնախաբէութեան թմբիրում:

Խօսքը Եկեղեցու դէմ Նիկոլ Փաշինեանի արշաւի մասին է: Իրականում, Նիկոլ Փաշինեանն այդ արշաւի մասով որդեգրել է բաւականին ուշագրաւ մարտավարութիւն: Նա հէնց սկզբից դրել է Կաթողիկոսին հեռացնելու բարձր նշաձողով նպատակը, բայց գործնական կամ, այսպէս ասած, իրական գետնի վրայ շարժւում է շատ աւելի հանդարտ ռեժիմով, կամ, ինչպէս դիւանագիտութեան մէջ է ընդունւած օգտագործել այդ բնորոշումը՝ «սալիամիի տրամաբանութեամբ»:

Այսինքն, Փաշինեանն արշաւն իրականացնում է շերտ-շերտ կտրատելու տրամաբանութեամբ:

Յետ նայէք նրա մեկնակէտին, ու չափէք, թէ որտեղ է հիմա նա: Կասէք՝ Մայր Աթոռն անսասան է: Այո, եթէ մենք Հայ Առաքելական Եկեղեցի ասելով հասկանում ենք միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու Վեհարանի տարածքային տրամաբանութիւնը, անսասան է:

Բայց Հայ Առաքելական Եկեղեցին վարչական տարածքային հասկացութիւն չէ, այլ ցանցային շատ բարդ թէ ինստիտուցիոնալ, թէ դաւանական-գաղափարական-արժէքային եւ ընդհուպ սոցիալ-հոգեբանական կառուցւածք, որը Փաշինեանը «կտրատում» է շերտ-շերտ:

Նիկոլ Փաշինեանը դրել է ամէն ինչ «միանգամից» վերցնելու խնդիր, աւելի շուտ՝ բարձաձայնել է դա, բայց գործնականում գնում է հանդարտ եւ հետեւողական «սալիամիի էֆեկտի» տրամաբանութեամբ, իսկ բարձր ու «միանգամից» խնդիրը ձեւակերպել է թերեւս հէնց տակտիկական մանեւրի տրամաբանութեամբ, երբ դիմացը գտնւող ուժը կամ ուժերը ինքնագոհութեամբ արձանագրում են, թէ Փաշինեանին չյաջողւեց վերցնել Մայր Աթոռը կամ Վեհարանը:

Ինչո՞ւ եմ ներկայացնում իրավիճակի այս համայնապատկերը: Որովհետեւ եկեղեցու դէմ արշաւի հարցում իրականում կայ շատ անելիք, համակարգային, խորքային, հանդարտ անելիք, քան զուտ քաղաքական պաստառապատութեամբ կազմակերպւող պաշտպանական ակցիաները եւ դրանց յաղթական ելքի մասին վերամբարձութիւնները, որոնք կամայ, թէ ակամայ, բայց կարող են դառնալ ինքնախաբէութեան ծածկոց:

Բացարձակապէս նկատի չունեմ այն, որ այդ ակցիաները աւելորդ են, չունեն իմաստ, եւ այլն: Ոչ, աւելորդ չեն, անհրաժեշտ են, եւ խրախուսանքի են արժանի դրանցում ներգրաււող մարդիկ: Բայց այդ ակցիաները բաւարար չեն լինելու, դրանք ռազմավարական իմաստով լինելու են ապարդիւն, եթէ չեն ուղեկցւելու խորքային աշխատանքով, որի նպատակը պէտք է լինի «սալիամիի էֆեկտին» հակազդելն ու այն կանգնեցնելը»,- գրել է նա:

Related Articles

Back to top button