Դիւանագէտների համահայկական խորհուրդ. «Նոյնքան խաբուսիկ է այն պնդումը, որ վերացւում է Հայաստանի շրջափակումը»

«ԱԼԻՔ»- Այսպէս կոչւած TRIPP (Trump Route for International Peace and Prosperity – Միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման Թրամփի ճանապարհ) նախաձեռնութիւնը պարունակում է դրոյթներ, որոնք լրջօրէն վտանգում են Հայաստանի ռազմավարական ինքնուրոյնութիւնը՝ կենսական ենթակառուցւածքները եւ տարանցիկ ճանապարհները դնելով օտարերկրեայ դերակատարների ազդեցութեան տակ։ Այս մասին ահազանգում է Դիւանագէտների համահայկական խորհուրդն իր յայտարարութեամբ։
«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդիւնքները որպէս պատմական խաղաղութիւն եւ տարածաշրջանային փոխկապակցւածութեան ու ապաշրջափակման բեկումնային հանգրւան ներկայացնելը խիստ չափազանցւած է ու մոլորեցնող: Հասարակութեան թիկունքում գաղտնի պայմանաւորւածութիւններ կնքելը դարձել է օրինաչափութիւն ներկայիս վարչախմբի համար, որը հետեւողականօրէն անտեսում է Հայաստանի ժողովրդին՝ գոյաբանական կարեւորութեան որոշումներ կայացնելիս։
Այսպէս կոչւած TRIPP (Trump Route for International Peace and Prosperity – Միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման Թրամփի ճանապարհ) նախաձեռնութիւնը պարունակում է դրոյթներ, որոնք լրջօրէն վտանգում են Հայաստանի ռազմավարական ինքնուրոյնութիւնը՝ կենսական ենթակառուցւածքները եւ տարանցիկ ճանապարհները դնելով օտարերկրեայ դերակատարների ազդեցութեան տակ։ Չնայած այն պնդումներին, որ ներդրւելիք ընթացակարգերը գործելու են Հայաստանի ինքնիշխանութեան եւ իրաւասութեան ներքոյ, հիմնաւոր մտահոգութիւններ են առաջանում տարածքային ամբողջականութեան եւ պետութեան երկարաժամկէտ կենսունակութեան վերաբերեալ։
Նոյնքան խաբուսիկ է նաեւ այն պնդումը, որ վերացւում է Հայաստանի շրջափակումը։ Փոխանակ փոխադարձ եւ ինքնիշխան մուտք ապահովելու, ստորագրւած փաստաթուղթն ինստիտուցիոնալացնում է ասիմետրիկ երթուղիները եւ «միջանցքային տրամաբանութիւնը», որոնք նպաստում են Ադրբեջանի շահերին, բայց զուգահեռաբար ու համաչափօրէն խորացնում են Հայաստանի տնտեսական եւ անվտանգային խոցելիութիւնը։
Աւելին, այս գործարքը սպառնում է ոչ միայն Հայաստանի, այլեւ այն հիմնական տարածաշրջանային տէրութիւնների շահերին, որոնք արդէն իսկ արտայայտել են իրենց վերապահումները։ Այս պայմանաւորւածութիւնը վտանգում է ստեղծել նոր աշխարհաքաղաքական բաժանարար գծեր եւ կարող է առաջիկայում հանգեցնել նոր առճակատման ու բախման։ Ռազմավարական ենթակառուցւածքների հարկադիր համաձայնեցումն առանց տարածաշրջանային կոնսենսուսի խաթարում է Հարաւային Կովկասում ուժերի նուրբ հաւասարակշռութիւնը եւ վտանգում է աւելի լայն տարածաշրջանային անվտանգութիւնը։
Յատկապէս յատկանշական է, որ գործարքից յետոյ Հայաստանի կառավարութիւնը մոբիլիզացրել է իր ողջ քարոզչական ապարատը՝ հանրութեանը մոլորեցնելու եւ համաձայնագրի իրական բնոյթը թաքցնելու համար։ Հաշւարկւած այս ապատեղեկատւութեան արշաւը բացայայտում է գործարքի կործանարար հետեւանքների վերաբերեալ իշխանութիւնների գիտակցումը: Եթէ համաձայնագիրը իսկապէս բխեր ազգային շահերից, ապա ժողովրդի կողմից այն ընդունելու համար մանիպուլեացիաների կարիք չէր լինի։
Միեւնոյն ժամանակ, միջազգային ծափահարութիւնները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այսպէս կոչւած խաղաղութեան հաստատման կապակցութեամբ վտանգաւոր կերպով անտեսում են այն հարկադրանքի պայմանները, որոնց ներքոյ ձեռք է բերւել համաձայնագիրը՝ շարունակական սպառնալիքների, օկուպացիայի եւ Արցախի հայ բնակչութեան իրաւունքների կոպտագոյն խախտման ֆոնին։ Իրական խաղաղութիւնը չի կարող պարտադրւել արտաքին ճնշման եւ հաստատւել անարդարութեան միջոցով։
Դիւանագէտների համահայկական խորհուրդը զգուշացնում է, որ այս գործարքը կարող է ճանապարհ հարթել ոչ թէ խաղաղութեան համար, այլ խթանել մշտական անկայունութիւնն եւ Հայաստանի ինքնիշխանութեան շարունակական քայքայումը: Մենք խորապէս համոզւած ենք, որ տարածաշրջանում յարատեւ խաղաղութիւնը հնարաւոր է միայն այն դէպքում, երբ բոլոր ներգրաււած կողմերը՝ տեղական եւ տարածաշրջանային, իրական շահագրգռւածութիւն ունեն պատւաւոր, ներառական եւ արդարացի լուծման հարցում։ Ցանկացած խաղաղութիւն, որը կառուցւած է բացառման, հարկադրանքի կամ խաբէութեան վրայ, դատապարտւած է ձախողման։
Հազարամեայ հայրենիքի մի մասի կորստի, հարիւր հազարաւոր հայերի հայրենազրկման, հոգեւոր եւ մշակութային ժառանգութեան ոչնչացման, հայ ժողովրդի առաջնորդներին պատանդ պահելու, Հայաստանին շարունակաբար ապօրինի պահանջներ ներկայացնելու փաստերը մոռացութեան մատնող եւ ապագայում դրանք բարձրաձայնելու իրաւունքից հրաժարւող իշխանութիւնների կողմից որեւէ համաձայնութիւն որպէս նւաճում մատուցելը երեսպաշտութիւն է եւ վիրաւորական է մեր ժողովրդի համար:
Մենք կոչ ենք անում Հայաստանի ժողովրդին, Սփիւռքին եւ միջազգային հանրութեանը չտրւել վտանգաւոր պատրանքներին եւ ճիշտ գնահատել Հայաստանի շուրջ ձեւաւորւող վերահաս մարտահրաւէրները։
11 օգոստոսի, 2025թ.»,- ասւած է տարածւած յայտարարութեան մէջ: