Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Ի՞նչ է սպասւում Երեւանին ու Բաքւին COP29-ից յետոյ

Մինչ Բաքւում տեղի է ունենում ՄԱԿ-ի Կլիմայի COP29 միջազգային համաժողովը, Երեւան-Բաքու, այսպէս կոչւած, Խաղաղութեան համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումները չեն դադարում։

Երեւանը դեռ վերջնական որոշում չունի համաժողովին մասնակցելու վերաբերեալ՝ դա պատճառաբանելով ընթացիկ բանակցութիւններով, իսկ Բաքուն դա համարում է «Երեւանի գործը»։

Սակայն, ընդհանուր առմամբ, մերձիշխանական մամուլը եւ մի շարք պաշտօնեաներ մեծ լարւածութեամբ են արձագանգում Բաքու չմեկնելու՝ Երեւանի այս պահի որոշմանը։ Ադրբեջանի իշխանութեան հովանաւորութեամբ անդադար քարոզչութիւն է իրականացւում, իբրեւ թէ Երեւանը խոչընդոտում եւ արշաւ է իրականացնում Բաքւում կայանալիք COP29-ի դէմ, թէեւ ՀՀ իշխանութիւնները պնդում են, որ իրենց դիրքորոշումն է հնարաւոր դարձնել համաժողովի կայացումը Բաքւում։

Չնայած այս ամենին, Բաքւում իշխանութեան մակարդակում թշնամանք է սերմանւում Հայաստանի, հայ ժողովրդի նկատմամբ։

Սրան զուգահեռ՝ նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԱԳ նախարարը յայտարարել է, թէ Խաղաղութեան համաձայնագրի նախագծի հիմնական կէտերը համաձայնեցւել են Հայաստանի հետ։

«Ես հիմա չեմ ուզում թւերը հրապարակել, բայց դեռեւս կան կարեւոր կէտեր, որոնք պէտք է համաձայնեցւեն»,- աւելացրել է նա:

Նրա խօսքով՝ վերջնական համաձայնագրի ստորագրումը կախւած է Հայաստանից։ Բայրամովը նաեւ ասել է, որ իբրեւ ադրբեջանական կողմն այս գործընթացի նախաձեռնողն է եւ շահագրգռւած է այն աւարտին հասցնելու հարցում։

«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը գրանցել է իր մի քանի ներկայացուցիչների՝ կապւած համաժողովին մասնակցելու հետ, մենք չենք տեսնում նրանց մասնակցութիւնը COP29-ին։ Կարծում ենք, որ սա բաց թողնւած հնարաւորութիւն է նրանց համար»,- նշել է նա։

Օրերս էլ ադրբեջանցի վերլուծաբաններից մէկը փորձել էր գաղտնազերծել չհամաձայնեցւած կէտերը։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից ֆինանսաւորւող Բաքւի միջազգային յարաբերութիւնների վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիեւը յայտարարել էր, որ այդ կէտերը վերաբերում են 2023 թւականի փետրւարի 20-ից Հայաստանի տարածքում ԵՄ մանդատի շրջանակներում տեղակայւած եւրոպացի դիտորդներին հայ-ադրբեջանական սահմանից դուրս բերելուն եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ միջազգային իրաւական վէճերի բացառմանը։

Նրա խօսքով՝ երրորդ չհամաձայնեցւած կէտը վերաբերում է Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութեան հարցին, որը պնդում է Բաքուն՝ այն համարելով հիմնական խոչընդոտ։

Ուշագրաւ է, սակայն, որ չնայած նման պահանջներին եւ Ադրբեջանի հակաեւրոպական եւ հակաարեւմտեան հռետորաբանութեանը, Ալիեւը բաւականին ջերմ խօսքերով է Բաքւում ընդունել Երեւան-Բաքու բանակցութիւնների երբեմնի միջնորդ, Եւրոպական միութեան խորհրդի նախագահ Շառլ Միշէլին, ով Բաքու է ժամանել՝ մասնակցելու COP29 համաժողովին։

Ի դէպ, Միշելի այցը Բաքու մեծ աղմուկ է բարձրացրել՝ ինչպէս Հայաստանում, այնպէս էլ՝ Եւրոպայում, ում քննադատում են ցեղասպան Ալիեւին շնորհաւորանքների համար։ Եւրամիութեան խորհրդի նախագահ Շառլ Միշէլն Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, շնորհաւորել նրան COP29-ը հիւրընկալելու կապակցութեամբ, ինչպէս նաեւ յայտարարել, որ ԵՄ-ը պատրաստ է աջակցել կայուն, խաղաղ եւ բարգաւաճ Կովկասի ստեղծման բոլոր ջանքերին։

Ինչպէս հաղորդում է ԱՊԱ-ն, ի թիւս այլ հարցերի, կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական գործընթացը։ Ալիեւը նշել է, որ բարձր է գնահատում նախագահ Շառլ Միշէլի դերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցութիւնների գործընթացում, եւ ընդգծել, որ հէնց նրա միջնորդութեան ժամանակ է ձեւաւորւել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացի կառուցւածքը, ինչպէս նաեւ կարեւոր ուղղութիւնների օրակարգը։ Եթէ Ալիեւն աւելի անկեղծ լինէր, թերեւս, շնորհակալութիւն կը յայտնէր Միշէլին «Արցախն առանց հայերի» ծրագրի իրագործման համար, քանի որ հէնց Միշէլի միջնորդութեամբ Ալիեւը ստացաւ իր ցանկացածը եւ երես թեքեց բանակցային այդ հարթակից՝ ներկայումս նոր պայմաններ փորձելով թելադրել Երեւանին։

168.am-ի հետ զրոյցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրէյ Արեշեւն ասել է, որ Ադրբեջանը հակամարտութեան՝ իր համար ամենակարեւոր կէտը ստացել է Երեւանի ու Բաքւի՝ Բրիւսէլում եւ Պրահայում բանակցութիւնների ընթացքում, երբ Երեւանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, այդ թւում՝ ԼՂ-ն։

Նրա կարծիքով՝ Երեւանը սա արել է՝ գոնէ յոյս ունենալով, որ այս հարթակում էլ կը կնքւի համաձայնագիրը եւ իբրեւ թէ հակամարտութեանը վերջ կը դրւի Հայաստանի արեւմտեան հեռանկարով, սակայն Ադրբեջանն այստեղ էլ ճանապարհի կէսից՝ այն հատւածից, որտեղ պէտք է կարգաւորման քաղաքական կամք ցուցաբերէր, հրաժարւեց այդտեղ բանակցութիւններից, որից յետոյ կողմերը սկսեցին բանակցել Վաշինգտոնում, իսկ ներկայումս ընդհանրապէս քննարկում են ուղիղ, ինչը եւս ձեռնտու է Ադրբեջանին։

«Տեսնում ենք, որ բացի սահմանազատման փաստաթղթի համաձայնեցումից, Երեւանն ու Բաքուն չեն կարողանում աւարտին հասցնել Խաղաղութեան համաձայնագիրը, Արեւմուտքը դուրս է մղւած գործընթացից, Երեւանը յայտարարել է ԵՄ անդամակցութեան մասին, ՌԴ առաջարկը՝ միջնորդել բանակցութիւններում, չի ընդունւում՝ աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով։ Եւ ըստ էութեան յատկապէս Երեւանի համար փակուղային իրավիճակ է ստեղծւել, քանի որ Բաքուն անընդհատ իր օրակարգն է առաջ մղում»,- նկատել է Արեշեւը։

Նրա խօսքով՝ միջազգային նման միջոցառումները եւս սովորաբար օգտագործւում են սեփական նպատակներով եւ լայնօրէն քարոզչութիւն է իրականացւում։

Արեշեւի կարծիքով՝ մինչեւ տարեվերջ առաջընթաց եւ պայմանաւորւածութիւն պէտք չէ սպասել։ «Տարեսկզբից աւելի ակտիւ բանակցային փուլ կը սկսւի, կարծում եմ, ու բաւականին ակտիւ»,- նկատել է նա։

Զրոյցը՝ ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ

Related Articles

Back to top button