ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանի դիւանագիտական գործողութիւնների յաջորդ կանգառը կը լինի Կազանը

Նախագահը կը մասնակցի BRICS-ի 16-րդ գագաթնաժողովին

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին աւարտել է իր տարածաշրջանային ուղեւորութիւնը: Երէկ՝ երեկոյեան նա Թեհրան է վերադարձել Ստամբուլից, որտեղ մասնակցել էր «3+3» խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպմանը:

Ստամբուլից մեկնելուց առաջ, լրագրողների հետ ճեպազրոյցում, ամփոփելով իր ուղեւորութեան արդիւնքները, Արաղչին նշել է, որ այս ուղեւորութեան ընթացքում տեղի ունեցած խորհրդակցութիւնների կարեւոր ձեռքբերումներից է եղել ընդհանուր ըմբռնման եւ մտահոգութեան ձեւաւորումը Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիայի եւ Գազայում ու Լիբանանում նրա յարձակումների եւ յանցագործութիւնների վերաբերեալ։

Ըստ նրա՝ կայացած խորհրդակցութիւնների ընթացքում բոլորն ընդգծել են Գազայում եւ Լիբանանում պատերազմն անյապաղ դադարեցնելու եւ մարդասիրական օգնութիւնների անխափան առաքման անհրաժեշտութիւնը:

Անդրադառնալով Իրանի դիւանագիտական ակտիւութեան շարունակականութեանը, Արաղչին յայտնել է, որ Իրանի դիւանագիտական գործողութիւնների յաջորդ ալիքը կը լինի Կազանում. «Այս շաբաթավերջին մենք ներկայ կը լինենք BRICS-ի գագաթնաժողովին, որը կը կայանայ Ռուսաստանի Կազան քաղաքում: Գագաթնաժողովի շրջանակում, նախատեսւած է նախագահ Փեզեշքիանի երկկողմ հանդիպումներն անդամ երկրների, այդ թւում՝ Ռուսաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի եւ Հարաւային Աֆրիկայի, ինչպէս նաեւ անդամ եւ դիտորդի կարգավիճակ ունեցող այլ երկրների ղեկավարների հետ»:

«Այս գագթնաժողովը պատեհ առիթ է տարբեր երկրների հետ դիւանագիտական ​​խորհրդակցութիւնների համար, եւ մենք կօգտագործենք այս հնարաւորութիւնը»,- ընդգծել է Արաղչին:

Նշենք, որ Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 22-ին մեկնելու է Ռուսաստան, մասնակցելու BRICS-ի 16-րդ գագաթնաժողովին, որը կանցկացւի հոկտեմբերի 22-ից 24-ը Կազանում:

Գագաթնաժողովին, որը վարելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կը մասնակցեն Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի եւ Հարաւային Աֆրիկայի առաջնորդները՝ քննարկելու գլոբալ հրատապ խնդիրները եւ BRICS-ի երկրների միջեւ համագործակցութիւնը:

Ակնկալւում է, որ այս տարւայ գագաթնաժողովի թեման կը կենտրոնանայ միջազգային համագործակցութեան ամրապնդման եւ գլոբալ կառավարման խնդիրների լուծման վրայ:

Related Articles

Back to top button