Արմէն Ռուստամեան. «Էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել»

«ԱԼԻՔ» – Այն ենթադրութիւնը, թէ պէտք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանին անվստահութիւն յայտնելու գործընթաց` իմպիչմենտ սկսել, նոր միայն մտածել փողոցային պայքարի մասին, իրեն չի արդարացնում. 24news-ի հետ զրոյցում ասել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։
Ըստ Արմէն Ռուստամեանի՝ իմպիչմենտի համար փողոցային պայքար է պէտք` համապատասխան ճնշմամբ, հակառակ դէպքում գործընթացը կը մտնի փակուղի. «Այս գաղափարը մենք վաղուց ենք արծարծել, բայց դրա ուղղութեամբ նախապատրաստական լուրջ գործընթաց է պէտք իրականացնել։ Ում համար պարզ չէ, որ եթէ չլինի փողոցի համապատասխան ճնշում, գործընթացը մտնելու է փակուղի, եթէ անգամ սկսւի։ Փողոց դուրս գալ` առանց կազմակերպւելու, չի կարելի, այդ ձեւերը փորձւած են։ Դուրս գանք փողոց` «մի բան կը լինի»-ով չէ։ Փորձը ցույց է տալիս, որ մի բան լինում է, երբ դու դրան նախապատրաստւած ես»,- ասել է նա։
Ռուստամեանն ընդգծել է, որ նրանք ովքեր չեն մտածում կամ չունեն այդ ռեսուրսը իշխանափոխութիւն կատարելու, զբաղւած են ընդդիմափոխութեամբ. «Ժողովուրդը տեսնում է, գնահատում է, թէ ով ինչի է ընդունակ։ Այսպիսի էժան միջոցներով փորձել մեզ շանտաժի ենթարկել, փաստի առաջ կանգնեցնել, շեղել մեզ մեր ծրագրերից, չի յաջողւելու։ Մեր տառապանքն էլ, անցած ճանապարհն էլ վերլուծելու փորձ ունի: Այդ ամէնը մենք մեր սցենարով ենք անելու, ոչ թէ կողքից պարտադրւած»,- ասել է նա։