
«ԱԼԻՔ» – Ի պատասխան որոշ լրատւամիջոցների այն պնդումների, թէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Սաուդեան Արաբիա այցի ընթացքում մտադիր է փոխել Պարսից ծոց անւանումը, այն կոչելով «արաբական» ծոց, ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում պահւող քարտէզի լուսանկարը, որտեղ նշւած է Պարսից ծոց անւանումը:
Լուսանկարին կից, Արաղչին գրել է. «Պարսից ծոց անւանումը, ինչպէս բազմաթիւ այլ աշխարհագրական անւանումներ, խոր արմատներ ունի մարդկութեան պատմութեան մէջ: Իրանը երբեք դէմ չի եղել այնպիսի անւանումների օգտագործմանը, ինչպիսիք են Օմանի ծովը, Հնդկական ովկիանոսը, Արաբական ծովը կամ Կարմիր ծովը: Այս անւանումների օգտագործումը չի ենթադրում սեփականութիւն որեւէ կոնկրետ ազգի կողմից, այլ արտացոլում է ընդհանուր յարգանք մարդկութեան հաւաքական ժառանգութեան նկատմամբ:
Ընդհակառակը՝ Պարսից ծոցի պատմական անւանումը փոխելու քաղաքական դրդապատճառները վկայում են Իրանի եւ նրա ժողովրդի դէմ թշնամական մտադրութեան մասին եւ խստօրէն դատապարտւում են: Նման կողմնակալ գործողութիւնները վիրաւորանք են ուղղւած բոլոր իրանցիներին՝ անկախ նրանց ծագումից կամ բնակութեան վայրից։
Յուսով եմ, որ Պարսից ծոցի անւան մասին զաւեշտալի խօսակցութիւնները ոչ այլ ինչ են, քան ապատեղեկատւական արշաւ՝ «մշտապէս պատերազմ հրահրող» անձանց կողմից՝ զայրացնելու եւ սադրելու իրանցիներին ամբողջ աշխարհում:
Վստահ եմ, որ ԱՄՆ նախագահը գիտի, որ Պարսից ծոց անւանումը դարերի պատմութիւն ունի եւ ճանաչւած է բոլոր քարտէզագրողների ու միջազգային կառոյցների կողմից, եւ նոյնիսկ մինչեւ 1960-ականների վերջն օգտագործւել է տարածաշրջանի բոլոր ղեկավարների կողմից իրենց պաշտօնական նամակագրութիւններում։
Այս կապակցութեամբ, ցանկացած անհեռատես գործողութիւն չի կարող ունենալ իրաւական կամ աշխարհագրական վաւերականութիւն կամ ազդեցութիւն, եւ միայն Իրանում, Միացեալ Նահանգներում եւ ամբողջ աշխարհում ցանկացած ծագման ու քաղաքական համոզմունքի տէր իրանցիների զայրոյթի պատճառն է դառնալու»: