Իշխան Սաղաթէլեանը՝ Նիկոլ Փաշինեանի մասին. «Հիմա ո՞վ սրա տեղը լինի՝ չի գժւի»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երէկ՝ մայիսի 7-ին, Նիկոլ Փաշինեանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած ջղաձիգ ելոյթին եւ ոչ ադեկւատ պահւածքին, եւ նրա ՔՊ-ական պատգամաւորների յայտարարութիւններին:
«Փորձեմ առանց էմոցիայի:
Հերթական անգամ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները տւեալ դէպքում Քրիստինէ Վարդանեանը եւ Աննա Գրիգորեանը փաստերով եւ քաղաքական գնահատականներով ԱԺ-ում խօսեցին իշխանութեան կողմից համակարգւած կոռուպցիայի եւ բռնութիւնների մասին։ Նիկոլը հարցերին պատասխանելու փոխարէն կրկին ընկաւ (վերջին շրջանում աւելի յաճախ է դա տեղի ունենում) հիստերիայի մէջ։
Ինչո՞ւ։
Պարզ պատճառով, դաւաճանը, ով թշնամուն յանձնեց Արցախը, Հայաստանի ինքնիշխան տարածքից հատւածներ, մի քանի հազար հայի գլուխ կերաւ, փորձում է իշխանութիւնը պահել ժողովրդին խաբելով՝ խաղաղութիւն, ժողովրդավարութիւն, արդարութիւն, դէպի Եւրոպա խոստումով։
Ընդդիմադիր պատգամաւորները ամէն անգամ իրենց յամառ, համարձակ, փաստարկւած ելոյթներով դէմ առ դէմ բացայայտում են նրա բոլոր ստերը, եւ զրոյացնում նրա իշխանութեան մնալու հիմքերը։
Ասում էին խաղաղութիւն, թշնամին ամէն օր կրակում է, ասում էին ոչ թալանին, պարզւում է համակարգւած թալանում են, ասում էին ժողովրդավարութեան բաստիոն, պարզւեց լեգիտիմացնում են բռնութիւնները, որը այլեւս իրենց իշխանութեան անբաժան ուղեկիցն է, ասում էին դէպի Եւրամիութիւն, վաղը գնում է Մոսկւա, լաւ իմանալով, որ դա էլ իրեն չի փրկի։
Հիմա ո՞վ սրա տեղը լինի՝ չի գժւի։
Բայց դա քեզ չի փրկելու, պատասխան ես տալու ամէն բառիդ, ամէն քայլիդ համար, նախօրօք ասեմ անմեղսունակ լինելու որեւէ տեղեկանք չի անցնելու:
Իսկ ոմանց հրճւանքը, դա առանձին թեմա է եւ ուշադրութեան արժանի, որը անպատասխան չի մնայ»,- գրել է նա:
Յիշեցնենք, որ Նիկոլ Փաշինեանը երէկ ՀՀ ԱԺ-ում, անդրադառնալով «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աննա Գրիգորեանի դիտարկումներին, հունից դուրս եկաւ, եւ ԱԺ ամբիոնից բորբոքւած յայտարարեց. «Ձէններդ կտրէք, ներւերս չուտէք, վեր ընկէք տեղներդ, համբալներ, ձեր ոտքերից պտի կախեմ, հերիք ա…»:
Ուշագրաւ է, որ հակառակ նախորդ նման դէպքերի, այս անգամ Նիկոլ Փաշինեանին թիկնազօրն անմիջապէս չհեռացրեց ՀՀ ԱԺ դահլիճից, ինչը սովորաբար անում են, երբ մթնոլորտը լարւում է։ Նա բեմից անմիջապէս հեռացաւ դէպի ՔՊ-ականների հատւած եւ այնտեղից սկսեց սպառնալ եւ հայհոյել ընդդիմադիր պատգամաւորներին: